Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանի պատասխանը՝ Սեյրան Օհանյանին. «Մեր հանձնաժողովում բանակի հետ կապ չունեցող մարդ գոյություն չունի»

Հունիս 04,2019 17:57

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր: Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա ասաց, որ ուսումնասիրության արդյունքում հասարակության մոտ բանակի նկատմամբ վստահությունը պետք է մեծանա, այնպիսի արդյունք պետք է ցույց տան, որ հնարավորինս հարցականների պատասխանները ստանան, եթե կա, եթե չկան, ուրեմն պետք է ասեն, որ շահարկվել են: Քոչարյանը վստահեցրեց, որ աշխատանքի մեջ քաղաքական բաղադրիչը զրոյացնելու են. «Սա այն հարցն է, որտեղ քաղաքական որեւէ հարցադրում հրավիրված որեւէ զինվորականի չի հնչելու»:

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ հանձնաժողովի անդամների մեծ մասը բանակում չի ծառայել: Անդրադառնալով դրան՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մեր հանձնաժողովում, բացի Քրիստինե Պողոսյանից, հարգելի պատճառով, բոլորն ունեցել են եւ ունեն առնչություն պաշտպանական եւ անվտանգության ոլորտի աշխատանքների հետ: Չծառայած մարդ չկա»:

Հանձնաժողովի անդամներից, բացի Պողոսյանից, չի ծառայել նաեւ Տիգրան Կարապետյանը: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ «Նա, չլինելով ծառայած, պաշտպանական ոլորտի հետ այնպիսի ինտեգրում ունի իր ռազմարդյունաբերական համալիրի մեջ ներգրաված լինելով, ես կուզեի, որ բոլորը պարոն Կարապետյանի չափ բանակի հետ աշխատանքի ծավալ ունենային եւ այդ ծավալի արդյունքը, որը մեր սպառազինության մեջ կարող են գտնել, որի փակագծերը չենք բացում, միայն կարելի է հպարտությամբ ասել: Շատերն ասում են՝ բա ավտոմատը ձեռին առաջնագծում չենք տեսել: Կներեք, պաշտպանության համակարգը մենակ առաջնագծի ավտոմատչիկը չի, նույնիսկ կարող է թիկունքային ծառայող լինի, որն այնպիսի ներդրում է ունեցել մեր հաղթանակի մեջ, որ անգնահատելի է: Այսինքն, պատկերացնում եք, որ մեր թիկունքային ծառայությունը չլիներ ու մենք բանակի մեջ ունենայինք հաջողությո՞ւն, սնունդը տեղ չէր հասնի, վառելիքը տեղ չէր հասնի: Մեր հանձնաժողովում բանակի հետ կապ չունեցող մարդ գոյություն չունի: Վերջին հաշվով հանձնաժողովի աշխատանքը պետք է գնահատել նրա ցույց տված աշխատանքի վերջնահաշվարկում: Ի սկզբանե հանձնաժողովի աշխատանքը վարկաբեկելը, փորձը համարում եմ անհարգալից վերաբերմունք՝ զոհերի հարազատների նկատմամբ: Երկրորդը՝ հանձնաժողովը չունի որեւէ թիրախ բանակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930