«Ուշացումս կենցաղային խնդիրների հետ էր կապված, բայց առցանց լսել եմ ելույթը»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի մեղադրանքին, թե Կենտրոնական բանկի նախագահը չի հարգում ԱԺ-ին եւ ԿԲ-ի տարեկան զեկույցի քննարկմանը չի ներկայացել, ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Ապա նա արձագանքեց ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկմանը, թե Ջավադյանի՝ տարիներ առաջ խոստացած Համահայկական բանկն այդպես էլ կյանք չունեցավ: «Քանի որ Համահայկական բանկը ստեղծվել էր դեռ ճգնաժամից առաջ, դրանից հետո կառավարության եւ ղեկավարության հետ պայմանավորված ներդրողները հրաժարվեցին ներդրում անել: Մենք ներդրում արեցինք փոքր ծավալով, բայց տարիների ընթացքում հետաքրքրությունն այդ կառույցի հանդեպ կորավ՝ ճգնաժամից հետո»,-բացատրեց Ջավադյանը:
Ըստ Ջավադյանի՝ Համահայկական բանկի հիմնադրման ժամանակ այլեւս պատրաստակամ չէին այն անձինք, որոնց հետ պայմանավորվածություն էին ձեռք բերել. «Համահայկական բանկը ներդրումային հիմնադրամի տեսքով այսօր գոյություն ունի կառավարության կազմում եւ ֆինանսավորում է տարբեր ծրագրեր»:
Ինչ վերաբերում է Արման Բաբաջանյանի դիտարկմանը, թե բանկային ոսկու արտադրության մասին խոստումը եւս չի կատարվել, Ջավադյանը տեղեկացրեց. «Շվեյցարական ընկերությունը հիմա էլ է պատրաստ, բայց բյուրոկրատական բաների մեջ են…տեղը մենք ընտրել ենք, հիմքերը կան: Վստահեցնում եմ, որ մոտ ապագայում այդ գործարանը կլինի, որովհետեւ ամեն ինչ պատրաստել ենք եւ պայմանավորվել»:
Կարդացեք նաև
Արթուր Ջավադյանը հերքեց նաեւ տեղեկությունները, թե ԿԲ-ն օֆշորային գոտիներում գրանցված կառույցների հետ է գործակցում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ