Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանն անօրինական է գտնվում դատապարտյալների հիվանդանոցում». Լեւոն Բաղդասարյան

Հունիս 04,2019 15:21

«Հայտարարվեց, որ երկրում պետք է արդար դատական իշխանություն լինի եւ անձը Սահմանադրությամբ պաշտպանված է, սակայն այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, մեկ բառով այսպես կբնութագրեմ`անօրինականություն, անօրինականության հետեւից` պետական մարմինների կողմից»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը` հավելելով, որ իրավապաշտպանների բարձրաձայնումներն արդյունք չեն ունենում:

«Երբ անձը ցանկանում է իր հարազատների հաշվին բուժում ստանալ, պետության պոզիտիվ պարտականությունը դա ապահովելն է»,- ասաց պաշտպանն`անդրադառնալով երեկ իր պաշտպանյալ Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածին, երբ վերջինիս «Նաիրի» բժշկական կենտրոնից ցանկացել են դատապարտյալների հիվանդանոց տեղափոխել, նա չի համաձայնել, տեղափոխել են ՔԿՀ, իսկ ավելի ուշ, առանց իր համաձայնության, տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց:

Պաշտպանը հայտարարում է, որ Մանվել Գրիգորյանն անօրինական կարգով է պահվում դատապարտյալների հիվանդանոցում: Այս ամբողջը իրենք կրկին ներկայացնելու են ՄԻԵԴ`առկա գործի շրջանակներում: Պաշտպաններին արժանահավատ չեն թվում դատապարտյալների հիվանդանոցից ներկայացված այն հավաստիացումները, որ իրենց մոտ բոլոր պայմաններն ապահովված են`տվյալ հիվանդությունների մասով բուժում ապահովելու համար:

«Այս քրեական գործով իրավունքի մասին խոսել հնարավոր չէ»,- հայտարարում է Լեւոն Բաղդասարյանը`հավելելով, որ իր պաշտպանյալի իրավունքները պարբերաբար են ոտնահարվում եւ այստեղ, ինքն արդեն պետական անվտանգության խնդիր է տեսնում: «Պետք է սպասենք, որ անձը մահանա, նոր սկսենք պատճառնե՞ր փնտրել»,- հարցնում է պաշտպանը`վկայակոչելով բժիշկների եզրակացությունը եւ դրա հիման վրա Մանվել Գրիգորյանի հարազատների պնդումները, որ նրա կյանքին վտանգ է սպառնում:

Քրեական գործի մանրամասներին պաշտպանը չի անդրադառնում: Ասում է`դատաքննության ընթացքում ամեն ինչ կերեւա:

Նա նաեւ հավելեց, որ պաշտպանական կողմին գիշերը Մանվել Գրիգորյանին առանց բացատրությունների թույլ չեն տվել տեսակցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930