Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քրիստինե Մանուկյան. «ԱԱԾ-ն ասում է՝ գործը մեզ մոտ չի, բոլորն ասում են՝ մեզ մոտ էլ չի»

Հունիս 04,2019 15:09

«Մենք չենք ասում, որ մենք անմեղ ենք եւ մեր ոտքերն էլ ամպոտ են, կան նաեւ մեր սխալները»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Քրիստինե Մանուկյանը, որը 2 շաբաթ առաջ Բագրատաշենի մաքսակետում հայտնվել էր ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում:

15 օր առաջ Բագրատաշենի մաքսակետում ազգային անվտանգության ծառայությունը գործողություն էր իրականացնում, եւ Թուրքիայից Հայաստան ժամանած ավտոբուսն ու ուղեւորների բեռները զննում էր, ընդ որում, դրանք այդ օրվանից ԱԱԾ-ն վերցրել է եւ մինչ օրս չի վերադարձրել:

Նույն օրը ԱԱԾ-ն հայտարարել է, թե օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ առեւտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռների մի մասը «Բագրատաշեն» հսկիչ մաքսակետով ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ՝ ավելի էժան ապրանքների հայտարարագրման անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը, մայիսի 19-ին կասեցվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, հայտնաբերվել են մեկ ավտոբուսով եւ 5 «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենաներով ՀՀ տեղափոխված շուրջ 14 տոննա տարբեր տեսակի ապրանքներ, որի միայն մի մասն է սահմանված կարգով հայտարարագրվել, իսկ մնացածը կամ առհասարակ չի հայտարարագրվել, կամ հայտարարագրվել է եւ մաքսազերծվել այլ՝ մաքսային ցածր արժեք ունեցող ապրանքների անվան տակ:

Այսօր առեւտրականներն ասացին, որ իրենք մեծ վնասներ են կրում, քանի որ իրենց ապրանքն այդպես մնալով մաքսակետում՝ վարկերի չափն է ավելանում, վճարվելիք տուգանքը վրացական ավտոբուսի համար:

Առեւտրականներն ասացին, որ իրենք անգամ չգիտեն, թե իրենց գործը որ իրավապահ մարմնում է, որտեղ հարցրել են՝ բոլորն ասել են՝ մեզ մոտ չէ:

Քրիստինե Մանուկյանն ասաց, որ սկզբում իրենց չհայտարարագրված ապրանքի համար ասացին 9 հազար եվրո վճարել, հետո այն դարձավ 17 հազար եվրո՝ 3 տոննա բեռի համար, որը համարվել է չհայտարարագրված: 14 հազար եվրոն, ըստ բանախոսների, պետք է վճարեն մոտ 10 առեւտրականներ. չեն հրաժարվում, պատրաստ են վճարել, միայն թե այս գործը փակվի վերջանա, իրենք էլ հանգիստ անցնեն իրենց աշխատանքին: Մանուկյանն ասաց, որ իրենք բոլորը վարկեր ունեն եւ հիմա ֆինանսական հսկայական վնասներ են կրում, մինչ իրավապահները որոշում են գործն ում մակագրեն:

«Եթե գործը դատախազությունում է՝ խնդրում ենք, ասեն այդ մասին, գործն արագացնեն, տուգանքը մուծենք, վերջացնենք: ԱԱԾ-ն ասում է՝ մեզ մոտ չի, ում դիմում ենք՝ ասում են՝ մեզ մոտ չի»,-ասացին առեւտրականները:

Մանրամասն՝ տեսանյութում

Առեւտրականներն ասացին, որ վրացական ավտոբուսը, որով իրենք տեղափոխվել են, 2 շաբաթ է՝ թույլ չեն տալիս վերադառնա, իսկ սեփականատերն ամեն օր զանգահարում ու պահանջում է ե՛ւ գումարը, ե՛ւ ավտոբուսը, գումարը՝ շաբաթը 2.5 հազար դոլար է կազմում. «Մեզ վրացիներն ահաբեկում են»:

Քրիստինե Մանուկյանն ու ասուլիսին մասնակցող մյուս առեւտրականները դժգոհեցին նաեւ մաքսազերծման արժեքից:

Aravot.am-ի հարցին՝ 2 շաբաթ առաջ ահազանգում էիք, որ մաքսավորներ կան, որ կոռուպցիոն գործարքների մեջ էիք մտնում՝ ապրանքը չհայտարարագրելու համար, Մանուկյանն այսօր հերքեց, ասաց՝ մաքսային աշխատող չկա, որի հետ գործարքի են գնացել. «Անօրինական չի եղել, ուղղակի որոշակի մեխանիզմ է եղել, որը աշխատացրել ենք: Այսօր որ իմանում են մեր գործած մեխանիզմի մասին, անկեղծ եմ ասում, իրենք էլ են ապշած, որ իրենց տարածքում կարողացել ենք նման մեխանիզմ գծել ու աշխատացրել ենք: Եկեք մենք չխոսենք կոռուպցիայի մասին, թող վերադասը որոշի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Առեւտրականներից մեկն էլ դժգոհեց մաքսային գին որոշելու գործընթացից. «Սեղանի ջնջոցը սրբիչի կոդով են մաքսազերծում՝ 4 եվրոյով»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել