Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնօրենի ժ/պ-ն ինչ ուզում` անում է, Գյումրու քաղաքապետարանում էլ իբր ոչինչ չեն տեսնում»․ նախկին ուսմասվարի բողոքը

Հունիս 04,2019 14:54

Aravot.am-ին է դիմել Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի աշխատանքից ազատված, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ վերականգնված ուսմասվար Սիրանուշ Մելիքյանը՝ բողոքելով, որ 2018 թվականի մարտի 21-ից տնօրենի ժ/պ նշանակված Մանյա Հովհաննիսյանը բարոյահոգեբանական լարված մթնոլորտ է ստեղծել աշխատավայրում ու կարճ ժամանակահատվածում հասցրել է ազատվել մի քանի աշխատակիցներից։ Սիրանուշ Մելիքյանի պնդմամբ, Գյումրու քաղաքապետարանն այս հարցում մատնված է անգործության․ որպես վերադաս՝ բացարձակ շահագրգիռ չէ հարցը հարթելու՝ Մանյա Հովհաննիսյանին կարգի հրավիրելու։

Սիրանուշ Մելիքյանի ասելով, խոսակցությունների մակարդակով բազմիցս լսել է, որ ժ/պ նշանակված Մանյա Հովհաննիսյանը հայտարարել է․ «Հենց այնպես ինձ չեն նշանակել, ես էդ տեղը գնել եմ, ինչ ուզեմ կանեմ»։

«Քաղաքում լուրեր էին պտտվում, որ Մանյա Հովհաննիսյանին այդ պաշտոնում նշանակելու համար զանգահարել են մշակույթի այդ ժամանակվա նախարար Արմեն Ամիրյանն ու Յուրի Վարդանյանը։ Խոսակցությունների մակարդակով շրջանառվում է, որ գումար է տվել ու հայտարարում է, որ առանց մրցույթի, ավագանու որոշմամբ հաստատվելու է տնօրեն։ Ասում է՝ ինչ ուզեմ կանեմ․ ուսմասվարից մինչև հավաքարար փոխելու եմ»,- բողոքում է Սիրանուշ Մելիքյանը։

Վերջինս պատմեց, որ Գյումրու քաղաքապետարանը 2018 թվականի փետրվարի 20-ին շատ տգեղ ձևով պաշտոնազրկել է նախկին տնօրեն Հարություն Ասատրյանին, որն իր կապերի, ծանոթությունների շնորհիվ հասել էր նրան, որ աշխարհահռչակ «Deep purple» ռոք խմբի մենակատար Յան Գիլանի ու բարերար Մարտիկյանի ֆինանսավորմամբ գեղեցիկ, քարաշեն դպրոց ունենան։

«Տնօրենն արձակուրդից վերադարձավ․ կանչել, քաղաքապետարանում ասել էին՝ դիմումդ գրի, գնա․ քո փոխարեն պիտի նշանակվի Մանյա Հովհաննիսյանը։ Իրենք շատ վատ վարվեցին նաև այն տնօրենի հետ, որը քաղաքի հաշվեկշռին թողել էր նման հիմնարկություն, նման նյութատեխնիկական բազա ունեցող կառույց։ Տնօրենը ոչ թե վիրավորված էր նրանից, որ մեր սանը՝ Մանյան պիտի գա տնօրեն, այլ վիրավորված էր քաղաքապետարանի քայլից, փոխանակ միջոցառում անեին, այդ վաստակաշատ մարդուն հարգալից ճանապարհ դնեն, անընդհատ ստիպում էին՝ դիմումդ գրի, գնա։

Փետրվարի 20-ն էր, նույնիսկ տնօրենը տեղյակ էլ չէր, որ իրեն կրճատել են աշխատանքից, քաղաքապետարանից զանգ եմ ստանում, մշակույթի բաժնի պետն ասում է՝ հաշվապահի հետ արի աշխատակազմի ղեկավարի մոտ, քեզ կանչում են։ Իհարկե, զարմացանք, թե տնօրենին կանչելու փոխարեն՝ մեզ ինչո՞ւ են կանչել, գնացինք ու ստացա որոշում, որով տնօրենին հանել են աշխատանքից, ու քանի որ իրավահաջորդը ես եմ, տնօրենին պիտի փոխարինեմ ես։ Տնօրենը ցնցում ապրեց քաղաքապետարանի նման պահվածքից։ Ու բոլորին թվում էր, որ այդ պրոցեսը պիտի տևի այնքան, մինչև մրցույթ հայտարարվի, սակայն դրան հաջորդեց ավագանու որոշումը, որ Մանյա Հովհաննիսյանը դիմել է քաղաքապետարան, ուզում է աշխատել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ու ավագանին որոշում կայացրեց այդ պարտականությունները իմ վրայից վերցնել ու դնել Մանյա Հովհաննիսյանի վրա։ Նա մեր դպրոցում աշխատելուց բացի՝ զուգահեռաբար աշխատում էր նաև Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում, որտեղ նաև պաշտոն էր զբաղեցնում»,- պատմեց նախկին ուսմասվարը։

Ըստ նրա, Մանյա Հովհաննիսյանն աշխատանքի ընդունվելիս՝ ո՛չ ծրագիր է ներկայացրել, ո՛չ էլ դպրոցի զարգացման տեսլական է ունեցել, դպրոցն ընդունել է առանց աուդիտ անցկացնելու։ Ավելին, դպրոց ոտք դնելուն պես՝ բավական անտակտ տոնով խոսել է իր հետ, բացատրություն պահանջել, թե ինչու իրեն լավ չի ընդունել ու հենց առաջին պահից տրամադրված է եղել իրեն աշխատանքից հեռացնելու։ Ըստ Սիրանուշ Մելիքյանի, տնօրենի ժ/պ-ն հենց առաջին օրից հայտարարել է, որ տնօրենից մինչև հավաքարար պիտի փոխի ու նախկին տնօրենի «կեղտերը մաքրի»։

Այնուհետ, ըստ բողոքավորի, սկսել է իրեն մեղադրել գումարների յուրացման մեջ՝ փորձել է կոլեկտիվի տարբեր անդամների ահաբեկելով ներքաշել այս պատմության մեջ։

«Ամբողջ օրը մեղադրվում էի չարածիս համար, անընդհատ ինձ մեղադրում էր գումարներ շորթելու մեջ, ունեմ համապատասխան ձայնագրություններ․ մի օր ասում էր՝ 95 հազար դրամ ես պարտք։ Ես էլ ասում էի՝ գտել ես, հիմնավորի, դիմի համապատասխան մարմինների, մեկ ուրիշ օր դարձավ 600 հազար, ասում էր՝ քեզ երկու օր ժամանակ, բեր փողը տուր, անընդմեջ ես ահաբեկվում էի։ Կոլեկտիվին սկսել էր շանտաժ անելով հանել իմ դեմ, կանչում էր պահակին, ասում էր՝ աշխատավարձդ լրիվ ես ստանո՞ւմ, թե՞ տալիս ես ուսմասվարին, կանչում էր գրադարանի աշխատակցին, թե դու աշխատավարձդ լրիվ ես ստացե՞լ, թե՞ տվել ես ուսմասավարին, կանչում էր մյուս ուսուցիչներին, թե ուսմասվարն ասել է՝ դուք հավաքագրված վարձերը չեք տվել, հաստատեք, թե չէ կմնա ձեր վրա, մարդիկ էլ վախից գրում էին․․․ Մի խոսքով, անհիմն զեկուցագրեր հավաքեց, ներկայացրեց քաղաքապետարան, քաղաքապետն աուդիտ ուղարկեց։ Քանի որ օդում պտտվող լուրերի համաձայն, ինքն այդ պաշտոնն առել է ու ինչ կուզի կանի, քաղաքապետարանի աշխատակիցները դարձան իր ձեռքի մարիոնետները։ Մշակույթի բաժնի նախկին պետ Արտուշ Մկրտչյանն ասում էր՝ դու խախտում ես արել, փող ես կերել, ասում էի՝ ինձանից ի՞նչ եք ուզում, ունե՞ք հիմքեր, տվեք պատասխանատվության։ Ասում էի՝ հո դուք ոստիկանական բաժին չեք, սա դպրոց է, դրա համար երկրում կան մարդիկ, որոնք զբաղվում են այդ հարցով, ինձ ասում էին՝ չէ, արի տեղափոխվի մեկ ուրիշ դպրոց։ Ես, բնականաբար, չհամաձայնեցի, որովհետև ես այդ դպրոցում լումա ունեի, հետո ո՞ւմ հանեին, որ ինձ տեղավորեին։ Բացի այդ, ինձ ամբողջ քաղաքում վարկաբեկել էին, որ ես դպրոցից միլիոններ եմ կերել, գնայի, ինձ ո՞նց կընդունեին նոր դպրոցում։ Ինձ այդ ամբողջ ընթացքում ահաբեկում էին, զանգում էր աուդիտի բաժնի պետ Կառլենը, ասում էր՝ դու խախտում ես արել, հոգեբանորեն ճնշում էին գործադրում, որ ես դիմումս գրեմ, ազատվեմ։ Նույնիսկ բանը հասավ նրան, որ մշակույթի բաժնի պետը հասավ մեր տուն, թե արի, շուտ արա, քաղաքապետը քեզ կանչում է, լավ տարբերակ կա, տեղափոխվի, թե չէ քեզ կդատեն։ Ես էլ ասում էի՝ հիմնավորեք, տվեք համապատասխան տեղ, թող դատեն, պատասխան տամ, ձեր ինչ գործն է։ Հանցագո՞րծ եմ, ի՞նչ եմ, որ բաժնի պետը գալիս է շարքային աշխատակցի հետևից, հասնում է նրա տուն, ինչքան էր նրա վրա ճնշումը շատ, որ ուղարկել էին, թե գնա, հարցերը լուծի։ Ասում էի՝ բա որ վաղը մրցույթ լինի ու այդ աղջիկը չշահի, ես ինչո՞ւ իմ աշխատատեղը կորցնեմ, երբ քարը քարին դրվել է, ես մասնակցություն եմ ունեցել, ես 30 տարի աշխատել եմ այդ դպրոցում»,-պատմեց Սիրանուշ Մելիքյանը։

Ըստ մեր զրուցակցի, տեսնելով հնար չկա, ինքը քաղաքապետ Սամվել Բալասանյանին զեկուցագիր է գրել՝ նշելով, որ իր հետևից են ընկել․ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում։ Ի դեպ, մենք ուսումնասիրեցինք նաև Սիրանուշ Մելիքյանի՝ մեզ տրամադրած փաստաթղթերը, որտեղ նա դպրոցում ստեղծված մթնոլորտի մասին ահազանգել է ինչպես Գյումրու քաղաքապետարան, այնպես էլ ավագանու տարբեր խմբակցությունների։

 

 

Այդ փաստաթղթերում կա նաև մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մելիքյանի պաշտոնական գրությունը, որտեղ նա խոստովանում է, որ դպրոցում ստեղծված է անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ (Տես փաստաթուղթը)։

Ինչևէ, Սիրանուշ Մելիքյանի՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին ուղղված գրության մեջ ընթերցում ենք․«Տնօրենի ժ/պ-ն պատեհ-անպատեհ վիրավորում է անձս, նույնիսկ մշակույթի բաժնի պետի մոտ ինձ անվանելով ստոր, անինքնասեր, անամոթ, ինձ հետո խոսում է «այ աղջի» արտահայտությամբ։ Ես ունեմ փաստեր ձայնագրության տեսքով։ Դասատուներին ահաբեկելով՝ ստիպում է զեկուցագրեր գրել այն մասին, որ նրանք ինձ գումար են տվել չաշխատած ժամերի համար։ Ես հերքում եմ, նման բան չի եղել։ Դաշնամուրի դասատուին վախեցրել է, որ ունես երկու տարբերակ՝ կամ կգրես, որ չես աշխատել և աշխատավարձդ տվել ես ուսմասվարին կամ լրագրողների կկանչեմ խայտառակ կանեմ։ Արդյունքում վաստակաշատ և սոցիալապես անապահով դասատուն դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից։ Նորից եմ կրկնում՝ ես ոչ մի գումար չեմ վերցրել, այդ մասին բարձրաձայնվել է նաև մշակույթի բաժնի պետի պարոն Մկրտչյանի մոտ, որ զեկուցագիրը դասատուն գրել է ստիպողաբար»։

Սիրանուշ Մելիքյանի ներկայացմամբ, զեկուցագիրը հանձնելու պահին էլ իր վրա հոգեբանական ճնշումներ են գործադրել Գյումրու քաղաքապետարանում։

«Տարել եմ զեկուցագիրը հանձնելու, գնացի ընդհանուր բաժին, որ պիտի հանձնեմ, նույն օրը էլի սկսեցին ահաբեկել ինձ։ Մշակույթի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանն ինձ ասաց՝ նման բան մի արա, ինձ վատություն մի արա։ Աուդիտի բաժնի պետն էլ կանչեց իր մոտ, ու սկսեցին երկուսով ճնշումներ գործադրել իմ վրա։ Աուդիտի բաժնի պետն ինձ մի գրություն տվեց, որ ինքը ստուգել է, գտել է, որ ես իբրև յուրացրել եմ 1 միլիոն 700 հազար դրամ գումար։ Ես ասի՝ սա իրականությունը չի համապատասխանում, չեմ ստորագրի սրա տակ, գտել ես, ունես հիմնավորում, գնա բողոք գրի համապատասխան տեղ»,-ասաց Սիրանուշ Մելիքյանը։

Ըստ բողոքավորի, քաղաքապետին ուղղված զեկուցագրի պատասխանը ստացել է երկու ամիս անց։

Սիրանուշ Մելիքյանի ասելով՝ ինքը բյուլետեն է հանել վատառողջ լինելու պատճառով, բայց հենց վերադարձել է աշխատանքի, տնօրենի ժ/պ-ն աշխատասենյակի բանալիները ձեռքից վերցրել է, աշխատասենյակը լրիվ դատարկել է։ Իսկ բանալին հանձնել է մեթոդիստին, ըստ Սիրանուշ Մելիքյանի, գնալով աշխատանքի՝ նստել է այնքան, մինչև մեթոդիստը գա, իր դուռը բացի։

«Բյուլետենից հետո հանկարծ ժ/պ-ն հիշում է, որ ես մայիսի 29, 30, 31-ին աշխատանքի չեմ եկել, ինձ ասաց՝ բացատրագիր գրի, նստեցի, մանրամասն գրեցի, որ 26-ին աուդիտ է եկել, 27-ին դպրոցում դարձյալ աուդիտ է եղել, 28-ն ազատ օր է եղել, 29, 30, 31-ին ես եկել եմ դպրոց, տեսախցիկներ կան դպրոցում, ու գնացել եմ քաղաքապետարան, ես ներկայացել եմ աշխատանքի, չեմ բացակայել։ Բացատրագիրը գրելուց հետո ինձ ասում է՝ դու ստախոս ես, հիվանդ չես, զրպարտանք է ամեն ինչ»։

Ըստ բողոքավորի, քաղաքապետարանի անտարբերության պատճառով բանը հասել է նրան, որ ժ/պ-ն իրեն աշխատանքից ազատել է, սակայն Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը գտել է, որ անհիմն է ազատումը, Վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ է թողել վճիռը։

«Ինձ մեղադրել է ուրիշ բանի մեջ, ազատել լրիվ ուրիշ պատճառաբանությամբ։ Դատական պրոցեսում իմ պատմած մեղադրանքների մասին ոչ մի խոսակցություն չի եղել, ինձ մեղադրում է անհարկի բացակայության համար ու բացատրագրի սուտ, զրպարտություն լինելու համար։ Դատավոր Իվան Բաղմանյանը հարցնում էր՝ ի՞նչ է արել, որ ազատել եք, աշխատակցին անվստահություն հայտնելը բավական լուրջ մեղադրանք է։ Այսինքն՝ ես այնպիսի արարք պիտի թույլ տամ, որն անհամատեղելի լինի պաշտոնավարմանը, պիտի դպրոցը վառած լինեի, դասապրոցես խաթարած լինեի ու անհարգելի բացակայություններ։ Դատավորն իրեն անընդհատ հարցադրում էր, թե այսքան տարի այս կինն աշխատել է, վաստակ ունի, այսքան բան է արել, կարելի՞ էր միանգամից ազատել աշխատանքից, երբ նկատողություն չուներ, նախազգուշացում չուներ»։

Ըստ Սիրանուշ Մելիքյանի, ինքը մայիսի 25-ին ներկայացել է աշխատանքի, սակայն տնօրենի ժ/պ-ն կոպտելով դուրս է վռնդել իրեն՝ հայտարարել, որ դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան։

Նրա ներկայացմամբ, տնօրենի ժ/պ-ն խնդիրներ է ունեցել նաև մեթոդիստ Վարդուհի Լեղլյանի հետ։ Նրան ազատել է անհարգելի բացակայելու պատճառաբանությամբ ու ընթացքում փաստաթուղթ է սարքել, որ նախքան կրճատելը` իբր նկատողություն է տվել նրան։ Մեթոդիստը դիմել է իրավապահներին, այժմ գործը քննվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում։

Սիրանուշ Մելիքյանի ասելով, մոտ 10 հոգի իրենց դիմումի համաձայն դուրս են եկել աշխատանքից։ Ըստ նրա, երաժշտական դպրոցը 4 ամիս է՝ ուսմասվար, մեթոդիստ չունի, հաստիքները կան, սակայն աշխատակիցներ չկան։ «Տնօրենի ժ/պ-ն և՛ ուսմասվար է, և՛ մեթոդիստ, բոլոր գործառույթներն անում է ինքը, ինչ ուզում, անում է, ոնց ուզում անում է, որևէ մեկը ոչ մի բան չի ասում։ Ի՞նչ իրավունք ունես պետական կառույցում հաստիքները պահես, բայց աշխատակիցներ չլինեն։ Իսկ քաղաքապետարանը ոչինչ չի ասում, մի հատ չեն կանչում, ասեն՝ այս ի՞նչ ես անում, դատարանը պարտավորեցրել է վճարել ինձ հարկադիր պարապուրդի դիմաց։ Այդ գումարը մոտավորապես 1 միլիոն 200 հազար դրամ և ավել կկազմի, որտեղի՞ց պիտի վճարի։ Մի՞ թե քաղաքապետարանում չեն գիտակցում, թե տնօրենի ժ/պ-ն ինչ նյութական վնասներ է բյուջեին հասցնում։

Սեպտեմբերին գործավար է ընդունել, գործավարին հրամանով աշխատանքի է ընդունել, նա հրամանով, էլեկտրոնային հաշվետվությամբ համարվել է աշխատող, երեք ամիս աշխատանքային ցուցակում 0 դրամ է դրել։ Ո՞նց կարելի է նման բան անել, և աուդիտը դա չի նկատում, որովհետև իրենց մարդն է, նշանակել են, ձայն չեն հանում, ինքն էլ անում է այն, ինչ ուզում է։ Դպրոցում անընդհատ քաշքշուկ է, անընդհատ գզվռտոց, վախի մթնոլորտ է տիրում, տնօրենի ժ/պ-ն անգամ մատ է թափ տալիս աշխատակիցների վրա, ինքը գիտի նախկին ռեժիմում է, դեռ Սերժի օրերն են», – դժգոհում է Սիրանուշ Մելիքյանը։

Aravot.am-ը պարզաբանումներ է ստացել նաև տնօրենի ժ/պ Մանյա Հովհաննիսյանից, որը նախկին ուսմասվարի կողմից իրեն հասցեագրված մեղադրանքը համարել է հերյուրանք։
Ըստ Մանյա Հովհաննիսյանի, ուսմասվարն ամեն ինչ արել է իր աշխատանքը ձախողելու։ տնօրենի ժ/պ-ի ասելով, Սիրանուշ Մելիքյանը ևս հավակնություններ է ունեցել տնօրենի պաշտոնը ստանձնելու։

Նրա պարզաբանումները՝ քիչ անց։

Ի դեպ, Գյումրու քաղաքապետարանից մեզ այս թեմայի շուրջ պարզաբանումներ հրաժարվել են ներկայացնել: Բնականաբար անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ 2018 թվականի մարտի 21-ից մինչև այսօր մրցույթ չի հայտարարվում ու չի անցկացվում։ Թեմայի շուրջ ցանկալի է լսել նաև քաղաքապետարանի դիրքորոշումը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930