Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ եւ վտանգավոր գաղափար ԵԽԽՎ-ում

Հունիս 04,2019 22:00

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում անթաքույց քայլեր են ձեռնարկել Ռուսաստանի՝ այդ կառույցում ձայնի իրավունքն առանց վերապահումների վերականգնելու ուղղությամբ։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանը մարդու իրավունքների եւ ազատությունների նկատմամբ բացահայտ արհամարհական պահվածքի, հարեւանների նկատմամբ ագրեսիվ քաղաքականության համար ենթարկվում է պատժամիջոցների, եւ դա տեղի է ունենում 2014-ից, երբ ուկրաինական Ղրիմը բռնակցվեց Ռուսաստանին։

Ինչի՞ սա կհանգեցնի Եվրոպայի խորհրդում, ի՞նչ դա կփոխի Ռուսաստանում եւ Եվրոպայում, նաեւ՝ նրանց միջեւ հարաբերություններում, եւ վերջապես՝ մե՛զ ի՞նչ դրանից։

Նախ, անցած հինգ տարին ցույց տվեց, որ Ռուսաստանին դուրս թողնելը ԵԽԽՎ-ից նրա քաղաքականության մեջ ոչինչ չփոխեց, երկրում մարդու իրավունքների եւ ազատությունների նկատմամբ ոչ միայն հարգանքը չմեծացավ, այլեւ նորանոր աբսուրդային եւ չարամիտ որոշումներ ընդունվեցին, որոնք հետապնդում են մեկ նպատակ. վախեցնել եւ հնազանդեցնել մարդկանց, սահմանափակել ազատ գործունեության նրանց ձգտումը։ Ավելին, ռուսները մի բան էլ իրենց բացակայությունը հրամցնում են որպես բոյկոտ, որն իրենք ԵԽԽՎ-ին հայտարարել են ի նշան բողոքի առ այն, որ Մոսկվային պատշաճ կերպով «չեն հարգում»։
Եվ հիմա, երբ համաձայն կանոնադրության Ռուսաստանը հուլիսից կարող է ընդհանրապես հեռացվել այս կազմակերպությունից, եվրոպացիները որոշել են, որ ռուսները պետք է վերադառնան, ընդ որում, որեւէ վերապահում, ժամանակավոր սահմանափակում նախատեսված չէ, պետք է վերադառնան եւ վե՛րջ։

Առնվազն լուրջ կասկածներ կան, թե որքանով է սա խելամիտ որոշում, երբ սկզբունքների եւ արժեքների վրա հիմնված, այդ սկզբունքները եւ արժեքները պաշտպանելուն եւ տարածելուն կոչված մի միջազգային կազմակերպությանն անդամակցում է մի պետություն, որը ոչ միայն բացահայտորեն եւ բազմաթիվ անգամներ ոտնահարել է այդ արժեքները եւ սկզբունքները, այլեւ ամենաբարձր մակարդակով եւ բառացիորեն մերժել է դրանք։

Այսինքն, կազմակերպություն, որի գոյության ուղղակի իմաստն են արժեքները եւ սկզբունքները, իրեն թույլ է տալիս գործել, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, նաեւ՝ նյութական նկատառումներից, քանի որ ռուսները հրաժարվել են իրենց վճարումները կատարել, եւ պարտքը հասել է մի-քանի տասնյակ միլիոն եվրոյի։ Եվ դա դեռ ոչինչ, առնվազն մեծ կասկածներ կան, իսկ եթե ուղիղ ասենք, ապա նույնիսկ կասկած էլ չկա, որ այդ քաղաքական նպատակահարմարությունն էլ գոյություն չունի, քանզի Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելը ոչ թե բյուրոկրատական, այլ առաջին հերթին քաղաքական քայլ էր, ուղղված Մոսկվայի արատավոր պահվածքի փոփոխությանը հասնելուն։ Երկար ապացուցելու կարիք չկա, որ այդ նպատակն այդպես էլ մնացել է չիրականացված. Մոսկվան շարունակում է իր տոքսիկ գործունեությունն, ուղղված ընդդեմ եվրոպական արժեքների, եվրոպական իդեալների, իսկ դրսեւորած «թուլությունը» սպանելու է Եվրոպայի նկատմամբ մնացած ակնածանքի վերջին նշույլները։ Իսկ դա այդպես է, քանզի ռուսական պետության մեջ գերիշխող միջնադարյան մոնղոլների «հասկացություններով»՝ զիջելը թուլության նշան է, իսկ թույլերն արժանի են արհամարհանքի։

Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ միայն կազմակերպությունն է այս իմաստով դրվում հարվածի տակ, այլեւ այն արժեքները, որին հավատում են տասնյակ միլիոնավոր մարդիկ, եւ Եվրոպայի Խորհրդի ղեկավարությունը պարզապես չի՛ կարող, իրավունք չունի՛ սա հաշվի չառնելու։ Հասկանալի է, թե ինչ է ուզում Ռուսաստանը Եվրոպայում. քաոս, Եվրոպական ընտանիքի գաղափարի վարկաբեկում, Եվրոպական ընտանիքի մասնատում, տրանսատլանտյան դաշինքի ավերում, եւ պաշտոնական կամ կիսապաշտոնական հայտարարությունները Մոսկվայից գալիս են հաստատելու իրենց մտադրությունները, իսկ կասկածողների համար կատարվում են համապատասխան քայլեր։ Եվ այդ իմաստով Մոսկվան անկեղծ է իր «պետական բեսպրեդելի» մեջ, դա իր էությունն է, որը սերում է Հորդայի խաներից։ Հետեւաբար, ընդհանրապես հասկանալի չէ, թե ի՞նչ է ուզում Եվրոպան, ի՞նչ նպատակներ է դրել, ինչի՞ վրա է հույսը դրել, ի՞նչ է ակնկալում իր այս վախվորած քայլերից հետո։

Իհարկե, վերջին բանը, որը կարելի է ցանկանալ, դա ռուսներին եւ եվրոպացիներին խելք սովորեցնելն է, թե ինչ անեն, ինչ չանեն, ինչպես կառուցեն կամ կարգավորեն իրենց փոխհարաբերությունները, եւ նրանք էլ, վերջին հաշվով, մեր խորհուրդների կարիքը չեն ունեցել եւ հիմա էլ չունեն, մեզանից չեն հարցրել եւ չեն էլ հարցնելու։

Մեզ մնում է ակնկալել, թե ինչ հետեւանքներ սա կունենա կապված մեզ հետ, մեր խնդիրների հետ։ Դժվար չէ պատկերացնելը, որ Ռուսաստանի հիպոթետիկ վերադարձը ԵԽԽՎ պարզապես ապականելու է այդ կառույցը ֆունկցիոնալ առումով, եւ, ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արյեւի բնորոշմամբ՝ հանգեցնելու է նոր ճգնաժամի։ Գաղտնիք չէ, թե ինչ որակի «ընտրություններ» են տեղի ունենում Ռուսաստանում, բավական է տեսնել, թե ինչ են խոսում Ռուսաստանի, այսպիսով, իբր «խորհրդարանի»՝ իբր «խորհրդարանականները», գաղտնիք չէ, որ Մոսկվան հրաժարվում է կատարել ՄԻԵԴ որոշումները, եւ որ ռուսական վերազգային կոռուպցիան նույնպիսի, եթե ոչ ավելի՝ սպառնալիք է Եվրոպական անվտանգության համար, ինչպես միջազգային ահաբեկչությունը, եւ ռուսական իշխանության բնույթը չի՛ փոխվել, փոխվելու միտում չունի։ Իսկ սա նշանակում է, որ կանաչ լույս է վառվում բոլոր հակաազատական, հակաժողովրդավարական ուժերի եւ սուբյեկտների համար, որոնց խորթ են Եվրոպական արժեքները։

Սա նաեւ նշանակում է, որ հանձինս ալիեւյան կոռումպացված բռնապետության Մոսկվան ձեռք է բերում լրջագույն դաշնակցի՝ Եվրոպական հարթակում, նրանց ձայնակցելու են թուրքերը, որոնց վերաբերմունքը Եվրոպային նմանվում է ռուսական վերաբերմունքին, լայն դաշտ է բացվում մեր «դաշնակցի» կողմից տարբեր անպարկեշտ առաջարկությունների համար, հիմնվելով «դարավոր բարեկամության» թեզի վրա, ինչը հաստատապես մեզ լավ բան չի խոստանում։ Սկանդալները ԵԽԽՎ-ում ցույց տվեցին, որ ռուսական եւ ադրբեջանական կոռուպցիան սիամական երկվորյակներ են, որից մի գլուխն աշխատում է ընդդեմ Վրաստանի եւ Ուկրաինայի, մյուս գլուխն՝ ընդդեմ Հայաստանի, բայց նրանց ստամոքսը նույնն է։

Եվ ուրեմն, հայկական դիվանագիտությանը սպասում է լուրջ փորձություն, քանզի ունենալ ծանրակշիռ արժեքային հենքով համաեվրոպական կառույց, անդամակցել դրան՝ բխում է մեր շահերից, եւ վտանգներն այդ կառույցին սպառնում են նաեւ մե՛ր շահերին։ Հայտնի է, որ միայն չորս երկրի պատվիրակություն է բացահայտորեն ընդդիմանում այս վատ եւ վտանգավոր գաղափարին՝ Լեհաստանը, Շվեդիան, Վրաստանը եւ Ուկրաինան, իսկ մնացածի դիրքորոշումը մնում է անհասկանալի։

Մեր հույսը մնում է մեր դիվանագիտության եւ մեր հաստատակամության վրա, չխառնվել այս աբսուրդի թատրոնին, երբ դրա կարիքն ամենեւին էլ չկա, եւ իհարկե, սա եւս մեկ անգամ մեզ ի ցույց է դնում հրամայականը՝ հույսներս դնել առաջին հերթին մեզ վրա, իհարկե, չկորցնելով հավատն ի վերջո մարդկային բանականության հաղթանակի հանդեպ։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

04.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930