Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. Ներքաղաքական խժդժությունները ևս կարող են օգտագործվել ի վնաս հայկական կողմի. «168 ժամ»

Հունիս 04,2019 13:51

«168 ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ բանակցային գործընթացում բավականին անհասկանալի իրավիճակ է, որովհետև կա և՛ փակ, այսինքն՝ գաղտնի բաղադրիչ, և՛ հակասական հայտարարություններ, և՛ ծրագրերի մասին քննարկումներ, և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից պաշտոնապես շրջանառության մեջ դրված Մադրիդյան սկզբունքներ, և՛ հայաստանյան ներքաղաքական զարգացումներ։ Բնականաբար, ըստ նրա, գաղտնիք չէ, որ հակամարտող երկրները մեծ ուշադրությամբ հետևում են ներքաղաքական զարգացումներին, ժամանակ առ ժամանակ փորձում նաև դիվիդենտներ քաղել դրանից։ Ուստի, նրա խոսքով, ադրբեջանական արձագանքն այդ կոնտեքստում է պետք ընկալել։

«Մենք միշտ ասել ենք, որ այդ հանգամանքը պետք է հաշվի առնել ներքին քաղաքականությունը վարելիս, ինչո՞ւ ոչ՝ նաև արտաքին, քանի որ տարածաշրջանում պատերազմն ավարտված չէ։ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել պատերազմի ցանկությունից, պարզապես այս կամ այն փուլում չի ունեցել աջակցություն աշխարհաքաղաքական կենտրոններից, ունեցել է լարված հարաբերություններ Արևմուտքի կամ Ռուսաստանի հետ։ Բայց Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը ժամանակ էր տվել, թույլ է տալիս ենթադրել, որ Դուշանբեն, դրան հաջորդած հանդիպումները և սահմանին խաղաղությունը հիմնված էր Ադրբեջանի ցանկության վրա՝ ստանալ զիջումներ բանակցային սեղանին ՀՀ նոր իշխանություններից։ Մենք չգիտենք, թե փակ դռների ետևում ինչ հարցեր են քննարկվել, ինչպես են կողմերը փոխում կամ ձևավորում իրենց դիրքորոշումները, ինչ հանգամանքների ներքո, բայց ես ներկայումս դժվար եմ գտնում տրամաբանական թելը։ Շատ են միմյանց հակասող հայտարարությունները հայկական կողմում, ներքաղաքական խժդժությունները ևս կարող են օգտագործվել ի վնաս հայկական կողմի, դավադրության մասին խոսակցությունները, որոնք ես անձամբ անհիմն եմ համարում, քանի որ Ղարաբաղում մարդիկ պայքարել են իրենց սահմանները պահելու համար»,– նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նա նշեց, որ բանակցային օրակարգում՝ մարդասիրական ծրագրերի օրակարգն ավելի դրական է համարում, քան Մադրիդյան սկզբունքները։ «Ավելի լավ է աշխատել այս ծրագրերի ուղղությամբ, քան քննարկել նման ծրագրեր, որոնք էլ ավելի են սրելու իրավիճակը և որևէ լուծման չեն հանգեցնելու»,– ասաց նա։

Ռուս վերլուծաբանի խոսքով, չպետք է զգոնությունը կորցնել ներքաղաքական զարգացումների ընթացքում՝ մշտապես հիշելով, որ Ղարաբաղն ամենակարևոր և հանգուցային խնդիրն է Հայաստանի համար, և շփման գծում տիրող իրավիճակը դրա ահազանգերից մեկն է։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930