Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում էր ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Մանվել Գրիգորյանն այսօր դատարան չէր ներկայացել: Պաշտպան Լեւոն Բաղդասարյանը պարզաբանեց, որ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել ՔԿՀ-ի անգործության պատճառով: Մանվել Գրիգորյանը բուժում էր ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում, ՔԿՀ-ում որոշում են, որ նա բուժումը պետք է շարունակի դատապարտյալների հիվանդանոցում: Վերջինս հրաժարվում է տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց: Արդյունքում տեղափոխվում է ՔԿՀ:
«Նրա կյանքին վտանգ է սպառնում, ինչի համար մեղավոր է պետական լիազոր մարմինը եւ այս դատարանը, քանի որ ցանկացած գործառույթ գտնվում է նաեւ այս դատարանի պատասխանատվության տակ»,- հայտարարեց Լեւոն Բաղդասարյանը` հավելելով, որ իրենք այդ առիթով երեկ հայտարարություն են տարածել, նաեւ տեղեկացրել են ՄԻԵԴ`արդեն առկա գործի շրջանակներում:
Պաշտպանը տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ առավոտյան 4-5-ը պաշտպանական կողմին չի թույլատրվել տեսակցել Մանվել Գրիգորյանի հետ, միայն ժամը 6-ին են տեսակցել:
Կարդացեք նաև
Մեղադրող կողմն առարկեց`պաշտոնատար անձանց կողմից հանցագործության չկա, կա կանոնակարգ, անձն ինքը չի որոշելու, թե որտեղ բուժօգնություն ստանալ: Իսկ տեսակցությունների համար կա հստակ սահմանված կարգ:
Լեւոն Բաղդասարյանն էլ հակադարձեց` կալանավորն ինքն է որոշում, որ հիվանդանոցում ու ինչ բուժում ստանա: Դրա մասին կա ՄԻԵԴ-ի նախադեպային որոշում: Հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ էլ Մանվել Գրիգորյանը երկու անգամ հրաժարվել է դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստանալ, տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Իսկ պաշտպանը իրավունք ունի տեսակցել իր պաշտպանյալի հետ`24 ժամյա ռեժիմով:
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստն ընդմիջեց, մինչեւ գրավոր փաստաթուղթ ներկայացվի դատարան, թե ինչի՞ հիմա վրա Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան: Նա նաեւ առաջարկեց նիստերը նշանակել շաբաթական երկու օր` նկատի ունենալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, որպեսզի հնարավորություն լինի շաբաթը մեկ անգամ գոնե նիստերն իրականացնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ, դատապարտյալների հիվանդանոցից համապատասխան փաստաթղթեր ստացվեցին, որ Մանվել Գրիգորյանն այժմ գտնվում է դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում եւ առողջական վիճակից ելնելով, չի կարող ներկայանալ դատարան: Նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա հունիսի 11-ին, ժամը 12.00-ին: