Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների կամ հասարակությունների տարանջատումն է, բաժանարար գծերի ստեղծումն է». «Ժողովուրդ»

Հունիս 04,2019 13:06

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հետ։

-Պարոն Շարմազանով, վերջին ժամանակներս, կարծես թե, լարվել են ՀՀ-ի եւ Արցախի իշխանությունների, հանրության փոխհարաբերությունները, իսկ Ազատության հրապարակում Արցախի իշխանությունների հասցեին նույնիսկ սպառնալիք հնչեց ակտիվիստի կողմից։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նման կերպ լարվեցին հարաբերությունները։

-Նախ՝ ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների կամ հասարակությունների տարանջատումն է, բաժանարար գծերի ստեղծումն է։ Ես հուսով եմ, որ հարաբերությունները լարված չեն, կամ գոնե հնարավոր կլինի լարվածությունից խուսափել, որովհետեւ ես, ճիշտ է, կուսակցական գործիչ եմ, բայց ինձ համարում եմ պետականամետ մարդ՝ անկախ նրանից՝ ով է ՀՀ-ում կամ Արցախում իշխանություն։ ՀՀ-ն ու Արցախը պետք է լինեն մեկ ճակատ՝ ընդդեմ հակահայկականության։

Իհարկե, կան խնդիրներ, իսկ այդ խնդիրներն առաջացել են, իմ սուբյեկտիվ կարծիքով, մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ չափից շատ էմոցիոնալ, անձնակենտրոն քաղաքականության արդյունքում։ Վերջին շրջանում երկու վտանգավոր քայլ է արվել. առաջինն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախից վերադառնում է ՀՀ եւ մի անհեթեթ ստատուս է գրում՝ Արցախում ցանկանում են հակահեղափոխություն անել։ Պետական պաշտոնյան պետք է իմանա, որ ինչ-որ վայրիվերումներից չպետք է տվայտանքների մեջ ընկնի։ Արցախում տեսնում է Սերժ Սարգսյանին Արցախի հերոսների հետ, գալիս, միանգամից գրում է՝ հակահեղափոխություն։ Ախր, ինքը սովորական «Ելք» խմբակցության պատգամավոր չէ, ինքը երկրի ղեկավարն է, որի ցանկացած ստատուս հետեւանք է ունենում՝ լավ կամ վատ։ Ինքը համայն հայության ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում. ինչպե՞ս կարելի է գնալ Արցախի տոնին ու հետո նման գնահատական տալ։ Ինքը պետք է հասկանա, որ պետք Է միավորիչ գործողություններ անի, ոչ թե բաժանարար։ Այսինքն՝ ով իր կարծիքը չի կիսում, պետք է ՀՀ-ում չապրի՞։ Ես դրա համար եմ ասում՝ ինքը պատրաստ չի լինել ղեկավար։

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ մի ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք փորձում են պատերազմ հրահրել եւ հող հանձնել։ Ովքե՞ր են այդ դավադիր ուժերը։

–Երկրորդ անհեթեթ հայտարարությունը դա էր։ 30 տարի շարունակ բոլոր քաղաքական ուժերը միջազգային ասպարեզում հնարավորինս ամեն ինչ արել են, որ ցույց տան աշխարհին, որ տարածաշրջանային անվտանգության սպառնալիքը, պարզ ժողովրդական լեզվով ասած, պատերազմը սկսողը Ադրբեջանն ու Թուրքիան են եղել ու շարունակելու են լինել, սպառնալիքը իրենք են։ Փաշինյանը դառնում է վարչապետ, Դուշանբեից լայվ է մտնում ու հայտարարում, թե, գիտեք, Ալիեւը շատ լավ ու կիրթ մարդու տպավորություն թողեց։ Այսինքն՝ ժողովուրդ ջան, Ալիեւը բոբո չի, ոնց որ էս հանրապետականներն են ներկայացնում, լավ էլ կիրթ ու նորմալ է. սա խայտառակություն է։ Այսինքն՝ պատերազմ սկսողը ոչ թե Ալիեւն է, ոչ թե Ադրբեջանն է, այլ ՀՀ-ի ու Արցախի որոշ ուժեր։ Իսկ վաղը, Աստված մի արասցե, Ադրբեջանը պատերազմը սկսեց, կկանգնեն, կասեն՝ ՀՀ-ն է հարձակվել։ Հիմա Փաշինյանն ինչ է ասում, որ Ալիեւից պատերազմ մի սպասեք, ՀՀ-ից Արցախում պատերազմ են սկսելո՞ւ։ Սրանից այն կողմ հակահայկական, հակապետական հայտարարություն կա՞, թե՞ չկա։ Ես հայտարարում եմ, որ սա կա՛մ հիմար հայտարարություն է, կա՛մ դավաճանական հայտարարություն է։ Մենք դնում ՀՀ ու Արցախ ենք բաժանում. ո՞վ է այս ամենի հեղինակը, ե՞ս:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930