Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորի պնդումը՝ եթե Սերժ Սարգսյանին կանչեն ապրիլյանի հանձնաժողովի նիստին, պարտավոր է գալ, այդ թվում՝ Արցախի պաշտոնյաները

Հունիս 04,2019 13:00

Այսօր ժամը 15-ին լինելու է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ժամանակ պարզ կլինի օրակարգը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցեի հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանին (լուսանկարում) հարցրեցինք՝ բազմաթիվ հարցեր են առաջացել՝ այդ հանձնաժողովի հետ կապված, թե ինչքանո՞վ են հանձնաժողովի անդամները խորանալու, 800 հա-ի հարցերը քննելո՞ւ եք, թե՞ չեք քննելու, դուք ի՞նչ տեղեկություններ ունեք այս ամենի մասին: Նա պատասխանեց, որ հանձնաժողովի նիստում կորոշեն բոլոր հարցերը. «Քննելու ենք ապրիլյանի հետ կապված հասարակությանը հուզող բոլոր հարցերը»:

Ապրիլյան պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը Սերժ Սարգսյանն էր, հարցին՝ հնարավո՞ր է անհրաժեշտություն լինի նրան էլ հրավիրել հանձնաժողովի նիստին՝ նա պատասխանեց. «Որեւէ անձի հրավիրելու կաշկանդվածություն չունենք՝ անկախ նրանից՝ ներկա է, թե նախկին: Եթե անհրաժեշտություն առաջանա Սերժ Սարգսյանին հրավիրել՝ կհրավիրենք Սերժ Սարգսյանին»:

Մեր հարցին՝ նախկին պաշտոնյաները որեւէ պարտավորություն ունե՞ն ներկայանալ հանձնաժողովի նիստին, եթե հրավիրեք՝ Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Այո, պարտավոր են ներկայանալ, քննիչ հանձնաժողովն ունի լիազորություններ: Այդ մարդիկ նախկինում զբաղեցրել են պաշտոններ: Հիմա մենք չենք ուզում անմեղության կանխավարկած խախտել եւ ասել, որ այդ մարդիկ ունեն մեղավորություն: Բայց եթե անհրաժեշտություն առաջանա լսելու որեւէ մարդու, կարծում եմ, այստեղ խնդիր չենք ունենա, այդ թվում՝ Արցախի Հանրապետությունից»:

Ճշտեցինք՝ ՀՀ խորհրդարանը կարո՞ղ է Արցախի Հանրապետության պաշտոնյաներին կանչել հանձնաժողովի նիստին՝ նա պատասխանեց. «Կարծում եմ, ԱՀ մեր գործընկերները եւս շահագրգռված են ապրիլյանի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստանալ: Այդ մասին նաեւ երեկ Արցախի նախագահի մամլո խոսնակն է հայտարարել: Խնդիր չունենք: Մենք բոլորս միասին պետք է բացահայտենք ապրիլյանի հետ կապված հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները»:

Հարցրեցինք՝ կոնկրետ ձեր մոտ ի՞նչ հարցեր են առաջացել՝ ապրիլյան պատերազմի հետ կապված՝ դիզվառելիքի՞ հարցերը, որի մասին նախկին վարչապետի մակարդակով բարձրաձայնվեց՝ Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Հիմա հարցերը հնչում են այնպես, կարծես մենք միայն ինչ-որ պատժիչ գործողություններ ենք նախաձեռնել, բայց ապրիլյանի ժամանակ եղել են բազմաթիվ նաեւ հերոսական էջեր, հերոսություններ, եղել են մարդիկ, որոնք մինչեւ այսօր գնահատված չեն, չի խոսում նրանց մասին հանրությունը: Քննվելու է այստեղ ապրիլյանի ամբողջ գործընթացը՝ ի՞նչ եղավ, ինչի՞ց եղավ, ո՞րն էր պատճառը, հնարավո՞ր էր արդյոք կանխել եւ անել հետեւություններ՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի չունենանք ապրիլյանի կրկնություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930