«Նախկինում ընդդիմադիր լրագրողներ Բաբկեն Թունյանը եւ Հայկ Գեւորգյանը հիմա կաշկանդված են քննադատելու պարոն Ջավադյանին, բայց ես, այնուամենայնիվ, վերջին օրերին վերընթերցեցի նախկինում նրանց հեղինակած հոդվածները՝ շատ հետաքրքիր հոդվածները… շնորհակալ եմ դրանց համար: Շնորհակալ եմ նաեւ Նիկոլ Փաշինյանին՝ ԿԲ-ի վերաբերյալ իր քննադատական վերլուծությունների համար»,-ԱԺ ամբիոնից այսօր ՀՀ Կենտրոնական բանկի տարեկան զեկույցի վերաբերյալ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ դիմելով «Իմ քայլի» պատգամավորներ Բաբկեն Թունյանին եւ Հայկ Գեւորգյանին:
Ապա Արման Բաբաջանյանը դիմեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ նրան մեղադրելով Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին նրա հրահանգով որոշումներ կայացնելու համար: Նա հիշատակեց. «2008թ.-ին դուք խոստանում էիք հաջորդ տարվա սկզբին ստեղծել համահայկական բանկ, որը ներգրավելու էր սփյուռքի մեծահարուստների կապիտալը՝ հայաստանյան խոշոր ծրագրերի ֆինանսավորման հարցեր լուծելու նպատակով: Այն աննախադեպ կառույց պետք է դառնար, խոսեք ձեր ամփոփիչ ելույթում այս մասին»:
Արման Բաբաջանյանը շեշտեց, որ ՀՀ-ն այժմ միջազգային պահոցներում ոսկի չունի. «ԿԲ-ն Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ որոշեց վաճառել ոսկու պահուստը: Հետո պարզվեց, որ դա մենք վաճառել ենք կրկնակի էժան գնով: Հետո դուք ասացիք, որ ոսկու պաշարներն ուզում եք վերականգնել, իսկ մի շվեյցարական ընկերություն պետք է արտադրություն սկսի, բանկային ոսկի արտադրվի, որը կվաճառվի տեղում: Ի՞նչ եղավ այդ խոստումը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ