ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ըստ հերթագրման կարգի, ելույթ էր ունենում Կենտրոնական բանկի նախագահի տարեկան զեկույցի առնչությամբ, երբ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի ուշադրությունից չվրիպեց այն հանգամանքը, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը դահլիճում չէ: Նա դիմեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին. «Ո՞ւր է Կենտրոնական բանկի նախագահը, որի զեկույցի վերաբերյալ ելույթ է ունեցել պարոն Բագրատյանը, եւ դեռ ելույթ են ունենալու պատգամավորները: Սա անհարգալից վերաբերմունք է ԱԺ-ի հանդեպ: Դուք պետք է ապահովեք նրա՝ այստեղ ներկայությունը: Նրա բացակայությունն արհամարհանք է»:
Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ նման խիստ գնահատական պետք է տալ: Համաձայն եմ՝ ճիշտ կլիներ, որ նա ներկա լիներ այս պահին, բայց եկեք չծայրահեղացնենք: Համացանցով էլ կարելի է պատգամավորների ելույթները նայել եւ արձագանքել»:
Մարուքյանը չհամաձայնեց եւ սկսեց տեղից խոսել, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը նետեց. «Ի՜նչ, ի՞նչ է կատարվում, որ…ընդունեցի ձեր ասածը»:
Կարդացեք նաև
«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց. «Միանում եմ Մարուքյանի դիտողությանը: Սա շարունակական վերաբերմունք է ԿԲ-ի կողմից, սա վիրավորական է խորհրդարանի հանդեպ»:
Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Արդեն ասացի, որ համամիտ եմ նկատողության հետ, իսկ Արթուր Ջավադյանը կգա եւ կպատասխանի»:
Այդ պահին նիստերի դահլիճ եկավ Արթուր Ջավադյանը: Ալեն Սիմոնյանը նրան ասաց. «Պատգամավորները վրդովված էին, որ դուք ներկա չէիք: Գտնում ենք, որ վրդովմունքը տեղին է: Ձեր եզրափակիչ ելույթում կարձագանքեք իրավիճակին»:
Ավելի ուշ մեկ այլ պատգամավորի ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահը հայտարարեց. «Աղմուկ է դահլիճում, հարգեք ձեր գործընկերոջը, հետո էլ հարգանքից եք խոսում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ