Ղեկավարվելով Սահմանադրությամբ ու օրենքներով՝ նախագահն առաջադրում էր ՍԴ դատավորի թեկնածուներ, որ ԱԺ-ն մերժի: 2018-ի մայիսից մերժված Էմիլ Բաբայանից, Ելիզավետա Դանիելյանից, Վահե Գրիգորյանից, Գոռ Հովհաննիսյանից, Արթուր Վաղարշյանից հետո 2019-ի մայիսի վերջին օրը նա նորից ներկայացրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը՝ պարզ էր, որ ԱԺ-ն մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը մերժելու է բոլորին: Բացի Վահե Գրիգորյանից, որին 6-րդ գումարման ԱԺ-ն մերժել էր:
Նախագահ Արմեն Սարգսյանը առաջադրեց Վահե Գրիգորյանին՝ պարզաբանումով, որ հետգրություն ուներ. «Հաշվի առնելով անցած մեկ տարվա փորձը, ՀՀ նախագահն անհրաժեշտ է համարում, որ ապագայում քննարկվի իր իսկ կողմից ՍԴ դատավորի նշանակման հնարավորությունը՝ փոփոխելով գործող ընթացակարգերը՝ նկատի ունենալով Սահմանադրության 138-րդ հոդվածում (Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը) առկա կարգավորումների տրամաբանությունը»: Իմաստ ունե՞ր այսքան բացահայտ դարձնել, որ միայն ու միայն Վահե Գրիգորյանն է Նիկոլ Փաշինյանի թեկնածուն, մինչդեռ հենց ինքն էր հայտարարում, որ դատական իշխանությունը պետք է անկախ լինի, ու Հայաստանին պետք չեն խամաճիկային դատարաններ: Իսկ դատավորնե՞ր: Ու հիմա ի՞նչ տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև: Նրանք իրենց մարդկանց էին նշանակում, Նիկոլ Փաշինյանը՝ իր:
Այս ընթացքում նաև խորհրդարանի մեծամասնությունն ապացուցեց իր խամաճիկային՝ մեկ մարդու կամքից կախված, լինելը: Ոչ մի կասկած, որ ՔՊ-ն քվեարկելու է հօգուտ Վահե Գրիգորյանի: Տեղին կլիներ, որ Վահե Գրիգորյանը հրաժարվեր՝ նպաստելու ՍԴ-ի՝ իշխանությունից անկախ լինելու վստահությանը, բայց նա գնաց այն ճանապարհով, ինչ Արտակ Զեյնալյանը:
Վահե Գրիգորյանը Ֆեյսբուքում երկար-բարակ արձանագրեց հարցի պատմությունը և հայտարարեց. «Հաշվի առնելով ԱԺ-ում իմ թեկնածության ընտրության բարձր հավանականությունը, ես բնական և խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ։ Եվ ես կարծում եմ, որ այդ կոնկրետ շրջանակներն իրենց հակաժողովրդավարական անցյալի և նկրտումների դեմ վտանգի հարցում իրապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն»։ Ու հավելեց. «Արդարադատության համակարգի, սկսած դրա դատական համակարգի բաղադրիչից, վերափոխումների ընթացքն այլևս անդառնալի է և հասնելու է Հայաստանին արժանի կայուն և հանրության շրջանում խոր վստահություն և հարգանք վայելող համակարգի կարգավիճակի: Ես շնորհակալ եմ այն լայն աջակցության համար, որի պակասը երբեք չեմ զգացել, և իմ անձի վերաբերյալ և շուրջ այն մտքի արթնության համար, որ մարդիկ մշտապես ունեցել են պրոպագանդան և զրպարտախոսությունը իրականությունից զատելու հարցում»։
Կարդացեք նաև
Պրոպագանդան, իմա՝ քարոզչությունը, և զրպարտախոսությունը զատելու չափ մտքի արթնություն ունեցողները ու չունեցողները չպիտի զարմանան, եթե հետո Հրայր Թովմասյանը հրաժարական տա և ՍԴ նախագահ դառնա Վահե Գրիգորյանը: Առժամանակ: Իսկ հետո գուցե ցրվեն ԲԴԽ-ն ու ՍԴ-Ն և նորից նշանակվեն ու ընտրվեն ԲԴԽ-ի ու ՍԴ-ի նոր անդամները: Արդեն հեղափոխության տրամաբանությամբ: Այդպիսին կլինի «ժողովրդի կամքը» նույնիսկ անկախ ժողովրդի ցանկությունից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում