Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը, որով կառավարությունն աջակցություն է տրամադրելու 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին եւ ոստիկաններին, զոհերի ընտանիքներին:
Հիշեցնենք, որ աջակցության ձեւաչափը որոշելու է կառավարությունը, իսկ տուժածները պետք է դատաբժշկական եզրակացության փաստաթուղթ ներկայացնեն:
Օրինագծին «կողմ» քվեարկեց 104 պատգամավոր:
93 «կողմ», 6 «դեմ» եւ 9 «ձեռնպահ» ձայներով խորհրդարանն ընդունեց նաեւ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած՝ «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով, հիշեցնենք, գործատուներին արգելվում է քաղաքացիներին աշխատանքի ընդունելիս տարիքային խտրականության ենթարկել:
Կարդացեք նաև
Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց. «Վերահսկողական մեխանիզմների հետ կապված երեկ քննարկում ենք ունեցել հետաքրքրված պատգամավորների հետ, որի արդյունքում ավելի կատարյալ օրենք կունենանք՝ միտված աշխատանքի ընդունվելու գործընթացում տարիքային եւ այլ խտրականությունները բացառելուն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ