Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չլինեն զսպող մեխանիզմներ…

Հունիս 04,2019 10:00

Լճացումից եւ ստագնացիայից հետո երկիրը կարող է բարեփոխվել երկու ճանապարհով՝ բռնապետական ռեժիմ հաստատելով կամ սահմանադրական ճիշտ նորմեր մշակելով ու դրանք խստորեն պահպանելով: Առաջին ճանապարհը Հայաստանի համար բացառված է, եւ, բարեբախտաբար, իշխանությունները չեն էլ պատրաստվում դրանով գնալ: Մնում է երկրորդը՝ հակառակ դեպքում մենք ամեն քայլափոխին կանգնելու ենք խնդիրների առաջ եւ ի վերջո կհայտնվենք նույն ճահճում, որում գտնվում էինք մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը;

Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունն Ազգային ժողովի կողմից նմանատիպ «դեպքերից» մեկն է: Այն, որ քաղաքական մեծամասնությունը համառորեն մերժում էր նախագահի առաջադրած ապաքաղաքական մասնագետներին եւ, ի վերջո, «երեսի զոռով» անցկացնելու է իր քաղաքական համախոհին, դրանում մեղավոր չեն ո՛չ քաղաքական մեծամասնությունը, ո՛չ նախագահը, ո՛չ էլ, բնականաբար, մեծամասնության թեկնածուն: Խնդիրը Սահմանադրության մեջ է, որն, ըստ էության, հնարավորություն է տալիս իշխող քաղաքական ուժին ունենալու իրեն ենթարկվող Սահմանադրական դատարան: Ի դեպ, զարմանում եմ, որ այդ Սահմանադրության հեղինակները եւ քարոզիչները հիմա դժգոհում են, թե՝ «այս ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս կարելի է ՍԴ գործուղել սեփական քաղաքական թիմի ներկայացուցչին»: Ստացվում է, որ նրանց կարելի էր, իսկ ուրիշներին չի՞ կարելի:

ՀՀԿ-ն ուզում էր վերահսկեր Սահմանադրական դատարանը եւ այնտեղ էր գործուղում «ՀՀԿ-ամետ» Հրայր Թովմասյանին, «Իմ քայլը» նույնպես ցանկանում է ՍԴ-ն իր վերահսկողության տակ պահել (հակառակ պնդումներին ես, ներեցեք, չեմ հավատում) գործուղում է «իմքայլամետ» Վահե Գրիգորյանին: Տարբերություն, իհարկե, կա. նախորդ քաղաքական մեծամասնությունը լեգիտիմ չէր, իսկ այս մեկը լեգիտիմ է: Բայց իշխանության բնույթը միշտ՝ դարերի ընթացքում, եւ ամենուր՝ բոլոր երկրներում նույնն է, անկախ այն հանգամանքից՝ այն լեգիտիմ է, թե ոչ. իշխանությունն ուզում է իշխել (իշխանության ու նրա համակիրների կողմից «ժողովուրդ» բառի հաճախակի օգտագործումը զուտ «դարձվածքաբանական» բնույթ է կրում):

Այն երկրներում, որտեղ կան զսպող մեխանիզմներ, այնտեղ իշխանությունն իրեն քիչ թե շատ տանելի է պահում՝ չնայած չեմ պատկերացնում, որ, ասենք, Միացյալ Նահանգներում կամ Ֆրանսիայում նորմալ քաղաքացին, մանավանդ, որոշակի մտավոր ցենզ ունեցողը, հրճվի իշխանության ամեն մի քայլից ու դիֆերամբներ երգի իշխանության ներկայացուցիչների եւ նրանց հարազատների հասցեին: Հիմա, քանի որ Հայաստանում Սահմանադրությամբ զսպող մեխանիզմներ չկան, որքան էլ լավ եւ համակրելի մարդիկ լինեն իշխանության մեջ, նրանց իշխելու ցանկությունը ոչ մի բանով չի զսպվում: Ահա թե ինչի մասին պետք է մտածի քաղաքական մեծամասնությունը, եթե իսկապես ցանկանում է արդիականացնել մեր երկիրը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սուրեն says:

    Պրն. Աբրահամյան, սխալներ լինում են, եղել են, կլինեն, ոչ մեկս անսխալական չենք, բայց սա Ձեր երբեւէ արտահայտած ամենաանտրամաբանական միտքն է:

  2. Gagik says:

    Հարցը էնա, որ հեշտա ասել սահմանադրությունը վատնա, տնտեսությունը վատնա, չինովնիկները վատն են, դժվարը էնա որ դու կարողանաս ավելի լավ անես։

    Մեր ներկա իշխանունավորները միշտ եղել են ընդդեմ պայքարողներ կոնստրուկտիվ ոչինչ չեն արել ու հարցա ի վիճակի են անել ընդանրապես։

    Ֆուտբոլ նայում ես տեսնում ես որ մեր հավաքականը լավ չի խաղում, բայց էտ դեռ չի նշանակում թե մտնես դաշտ իրանցից լավ ես խաղալու։

  3. Լավատես says:

    Ընդդիմությունը նա չէ, ով ամեն հարցում դեմ է իշխանությանը, հո տուն տունիկ չե՞նք խաղում, ընդդիմությունը իշխանության հետ պետք է ունենա հարյուր տոկոսով մի ընդհանուր ռազմավարություն, այսինքն՝ ընդդիմությունն ու իշխանությունը ռազմավարական գործընկերներ են եւ միասին ու միաձայն ընդունում են ռազմավարական ծրագրեր, իսկ ռազմավարականն այն է, ինչը տասնյակ ու հարյուրավոր տարիների հետեւողական սկզբունքային ամենօրյա աշխատանք է պահանջում բոլոր ուժերի կողմից իր իրագործման համար՝ լինի դա բանակի կառուցում թե հիմնարար գիտական դպրոցի ստեղծում, թե մեր հողերի վերադարձ: Իսկ մարտավարական տարբերություն միշտ պետք է լինի, որը ստեղծագործական փնտրտուքի արդյունք է: Մենք ունենք Հռչակագիր, եկեք սկզբի համար ազգովին վերահաստատենք այդ ռազմավարական փաստաթուղթը բոլոր քաղաքական ուժերի կողմից ՄԻԱՁԱՅՆ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930