Ղազախական առցանց տիրույթում տեսանյութ է հրապարակվել, որում մայրաքաղաք Նուրսուլթանի ճանապարհային ոստիկանության դեպարտամենտի գնդի ղեկավարի պաշտոնակատար Բաուիրժան Խանտեմիրովը կոչ է անում արձանագրություն կազմել հայկական մեքենաների նկատմամբ, իսկ եթե այդպես չարվի, բոլոր դասակների հրամանատարները պետք է իրեն բացատրություն տան: Ըստ ղազախական ԶԼՄ-ների՝ ոստիկանությունը նման կարգադրություն էր ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նուր Սուլթան այցի ընթացքում:
«Սոցցանցերում տարածման փաստը կա, հիմարություն կլինի դա հերքելը: Մենք ստուգում ենք անցկացնում. այստեղ կպահանջվեն լրացուցիչ ձայնային փորձաքննություններ, քանի որ նրան (Խանտեմիրովին-խմբ.) վերագրվում է լուրջ հանցանք: Կձեռնարկվեն համապատասխան կոշտ միջոցներ, դրանց մասին դուք կիմանաք: Խանտեմիրովի հետ մենք կշփվենք կարգապահական հանձնաժողովում»,- ասել է Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Կալայչիդին:
Ավելի ուշ ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Խանտեմիրովն ազատվել է աշխատանքից:
https://www.facebook.com/asatur.avagyan.39/videos/329483711312785/
Կարդացեք նաև
Հարցի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում է խնդրել Ղազախստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանից, որը պնդել է, թե լուրը չի համապատասխանում իրականությանը:
«Համացանցում հայտնված ձայնագրությունը չի վերաբերել վարչապետի այցի ընթացքում ինչ-որ վերահսկողություն կատարելուն: Խոսքը այն մասին է, որ վերջին շրջանում ընդհանրապես Հայաստանից բավականաչափ ավտոմեքենաներ են ձեռք բերում Ղազախստանի քաղաքացիները և պետհամարանիշները չեն փոխում, թողնում են հայկական համարները, իսկ հետո, երբ երթևեկության կանոնների խախտում են թույլ տալիս, հետագայում իրենց տուգանելը խնդիրների հետ է կապված»,-ասել է նա:
Դեսպանը շեշտել է, որ խոսքը վերաբերում է հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներին, որոնց ղեկին 99 տոկոսով Ղազախստանի քաղաքացիներ են և մեքենաները ձեռք են բերել Հայաստանից: Նա նշել է, որ դա ո՛չ հայերի հետ է կապված, ո՛չ էլ որևէ կերպով վարչապետի այցի հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ