Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են լինելու այն «հրեշտակները», որոնք դատավորներին վեթինգի են ենթարկելու (Տեսանյութ)

Հունիս 03,2019 21:33

Առանց հայեցակարգի՝ վեթինգի մասին օրենքի նախագիծն արդյունք չի տա:  Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նա հիշեցրեց՝  մայիսի 24-ից հետո, երբ անցումային արդարադատության մասին խորհրդարանական լսումներ եղան,  որոշվել էր՝ պետք է մշակվեր հայեցակարգ, որով հստակեցվելու էր՝  արդյոք անցումային արդարադատությունը կիրառվելու է Հայաստանում, թե՝ ոչ, ի՞նչ գործիքակազմով է կիրառվելու, դրա մեջ վեթինգը մտնո՞ւմ է, թե՝ ոչ. «Ապա այդ հայեցակարգը դրվեր շրջանառության մեջ, դրա շուրջ քաղաքական ուժերի, նաեւ՝ արտախորհրդարանական ուժերի, քաղհասարակության մասնագիտացված կառույցների հետ ձեռք բերվեր որքան հնարավոր է լայն համախոհություն, եւ ապա այն շրջանառել հանրության շրջանում: Որովհետեւ հանրությունը պետք է տեղյակ լինի եւ հասկանա՝ ինչ է անցումային արդարադատությունը, ինչ գործիքներով է  կիրառվելու եւ օգուտը որն է լինելու»:

Զադոյանն ասաց, ինքը տեղյակ չէ՝ այդ հայեցակարգը պատրաստվե՞լ է, թե՝ ոչ:  Բայց, ինչպես Զադոյանն ասաց, մամուլից տեղեկացել է, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն   ասել է՝ Վեթինգի մասին նախագիծը գրեթե պատրաստ է.«Ես սա չեմ ողջունում, որովհետեւ առանց հայեցակարգի վեթինգի նախագիծը արդյունք չի տա, քանի որ դա համակարգային մոտեցում չի պարունակում: Պետք է սկզբից լինի հիմնարար փաստաթուղթ, հասկանանք, ասենք՝ դա ինչ խորը սիներգիաների մեջ է լինելու դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների, հակակոռուպցիոն գործընթացի հետ, նոր դրանից հետո առանձին գործիքների մասին խոսք գնա»:

Վեթինգի ներդրման անհրաժեշտության եւ անցումային արդարադատության մասին  առավել ակտիվ սկսեցի խոսել, երբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվեց եւ նա ազատ արձակվեց: Այս առնչությամբ, Զադոյանն ասաց՝  այդ գործընթացները կապված չեն Քոչարյանի հետ, անցումային արդարադատության անհրաժեշտության մասին ավելի վաղ է խոսվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարության առանձին ընդամենր մատնանշում են վեթինգի ալբանական փորձը եւ նկատում՝ այն կարող է կիրառվել նաեւ Հայաստանում:  Այս առնչությամբ էլ Կարեն Զադոյանն այն կարծիքին է, որ եթե մենք անցումային արդարադատությունն ու դրա գործիքներից մեկը՝ վեթինգը կիրառելու մասին որոշում կայացնենք, ապա մենք չպետք է ընդօրինակենք որեւէ երկրի փորձ. «Մենք պետք է մեր հայկական, սուվերեն մեթոդն ընդունենք, իհարկե, կարելի է միջազգային խորհրդատվություն վերցնել»:

Aravot.am-ի հարցին՝ կա՞ վտանգ, երբ սկսվի վեթինգի կիրառությունը, դատավորներ կլինեն, որ ինքնակամ հրաժարական կտան, կլինեն այնպիսիները, որոնք այսպես ասած՝ քննությունը չեն հանձնի եւ դատական համակարգում ճգնաժամ կլինի՝  դատավորներ չլինելու պատճառով նիստեր չեն լինի, երկար ժամանակով կհետաձգվեն եւ այլն, Զադոյանը պատասխանեց, որ նման բանից խուսափելու համար  համակարգային գործընթաց է պետք, ոչ թե՝ հատվածային.  «Ավելին, ինձ համար ընդունելի չէ, որ մենք մեջ ենք բերում այս կամ այն երկրի փորձը, միջազգային փորձը դասեր քաղելու համար է, կլինի՝ ալբանական, թե՝ Բալկանյան այլ փորձի: Ալբանիայում վեթինգը կիրառվեց, որովհետեւ հանցավորության եւ կոռուպցիայի խորը արմատներ ուներ համակարգը: Իսկ Բոսնիա եւ Հերցոգովինայում վեթինգի ժամանակ, դատավորները մինչեւ նոր դատավորների ընտրելը շարունակում էին պաշտոնավարել: Իսկ Ալբանիայում վտանգվել է արդարադատության իրականացումը: Եթե մենք գնալու ենք խորը գործընթացներով եւ եթե  ներդրվելու է վեթինգը, ապա դատավորների թեկնածուների պատրաստման գործընթացը պետք է արագացնենք, վերանայենք արդարադատության ակադեմիայի ծրագիրը, դարձնենք ավելի կիրառելի, այնտեղ էլ կադրային լուրջ փոփոխություններ իրականացնենք, որպեսզի ամբողջ գործընթացը դառնա վստահելի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին էլ՝  ովքե՞ր են լինելու այն «հրեշտակները», որոնք դատավորներին վեթինգի են ենթարկելու, Զադոյանը պատասխանեց. «Վեթինգ իրականացնողներն իրենք էլ պետք է վեթինգ անցնեն ու նույն այն չափորոշիչներով, որոնք կիրառվելու են դատավորների նկատմամբ: Կարծում եմ հասարակությունում կգտնվեն այդպիսի բարեխիղճ անձինք, որոնք իրենց կենսագրությունով կամ իրենց գործունեությամբ ապացուցած կլինեն ազնվությունն ու հանրության համար վստահելի կլինեն»:

Զադոյանի կարծիքով՝ այդ գործընթացը պետք է հետեւողական լինի եւ որ ամենակարեւորն է համակարգային, որպեսզի իսկապես արդյունք լինի:

Ըստ Զադոյանի, վեթինգը ներդնելու առաջ պետք է հանրությանը տեղեկացնել՝ ինչ գործիքակազմ է  կիրառվելու, ինչ նպատակ ունի, եւ քանի որ անցումային արդարադատությունը հենց հանրային համերաշխությանն է ուղղված, իսկ տեղեկատվության պակասը կարող է տարբեր վախեր եւ ռիսկեր առաջացնի:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Անցումային արդարադատոջթյան ամենալավ տարբերակը ստալինյան եռյակն է՝կարճ ժամանակում ,,հախից,,կգան նրանց հետ,ում պետք է,որից հետո կբացեն Արդարություն խորհրդանշող արձանիկի աչքերը՝սևը սպիտակից ջոկելու նպատակով և այնուհետև՝ինչպես նախորդ դարում էր….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930