Ինչպես տեղեկացրել ենք, Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց կալանավորել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանին և նույն բաժնի առաջատար մասնագետ Սլավիկ Ղազարյանին։ Նրանք կասկածվում են ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու ու դրան օժանդակելու համար։
Մանուկ Առաքելյանի փաստաբան Էդգար Թումասյանը իր պաշտպանյալին կալանավորելու որոշման հետ կապված Aravot.am-ին հայտնեց հետևյալ դիրքորոշումը․
«02.06.2019թ. քննիչն ակնհայտ անհիմն միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Մ․Առաքելյանին կալանավորելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվեց։ Ելնելով վերջին շրջանում դատարանների շուրջ ստեղծված իրավիճակից և իշխանության կողմից դատավորների վրա ճնշումներ գործադրելու փորձերից՝ սպասելի էր, որ անկախ հիմնավոր կասկածի առկայությունից և կալանավորման հիմքերից, դատարանը բավարարելու էր նախաքննական մարմնի ակնհայտ անհիմն միջնորդությունը, որը հակասում էր ոչ միայն գործող օրենսդրությանը և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին, այլ նաև ՄԻԵ դատարանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանում կայացված վճիռներին, որոնք հիմնականում վերաբերվել են մարտիմեկյան իրադարձություններին, օրինակ՝ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ-ի, Գասպարին ընդդեմ ՀՀ-ի վերաբերյալ գործերը և այլն։
Հիշյալ բոլոր վճիռներում ՄԻԵ դատարանն արձանագրել է, որ արդեն իսկ եզրահանգել է, որ կալանք նշանակելիս և դրա ժամկետը երկարաձգելիս կարծրատիպային ձեւակերպումների օգտագործումը հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում: Գործը քննող դատարանների՝ սույն գործով բոլոր որոշումները կայացվել են նույն տրամաբանությամբ. դրանք կամ չեն պարունակել որեւէ հիմնավորում, կամ եղել են պարզապես ներպետական օրենսդրությամբ ամրագրված համապատասխան սկզբունքների մեջբերումներ՝ հղում կատարելով հանցանքի ծանրությանը եւ առանց անդրադառնալու դիմումատուի գործի կոնկրետ փաստերին կամ առանց ներկայացնելու որեւէ մանրամասն տեղեկություն, թե ինչով էին հիմնավորված քննությունից թաքնվելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու կամ նոր հանցանք կատարելու ռիսկերը։
Կարդացեք նաև
Դատարանների շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված շրջանառության մեջ դրվեց վեթինգ իրականացնելու գաղափարը, սակայն պետք է նշեմ, որ վեթինգ իրականացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն արդեն իսկ վերջին տարիներին փաստացի իրականացվել է «Helpcourt.am» կայքի միջոցով, որում հստակ արտացոլված է այսօրվա դատական համակարգում տիրող վիճակը։ Քանի որ պրակտիկ աշխատանքում փաստաբաններն ամենօրյա ռեժիմով են առնչվում դատական համակարգի հետ, ակնհայտ է, որ այդ համակարգի իրական պատկերի մասին գնահատական կարող են տալ միայն փաստաբանները, որի հիման վրա էլ «Helpcourt.am» կայքում դատավորների վարկանիշը կազմվում է փաստաբանների գնահատման արդյունքում։
Իմ համար տարօրինակ է նաև դատախազության կողմից դրսևորած վարքագիծը, երբ նույնական փաստական հանգամանքներով տարբեր քրեական գործերով դրսևորվում է տարբեր մոտեցում, մինչդեռ օրենքը բոլորի նկատմամբ պետք է կիրառվի և մեկնաբանվի նույն կերպ, այլ ոչ թե յուրաքանչյուր անձի նկատմամբ յուրովի, մասնավորապես՝ սույն քրեական գործով կալանքի միջնորդության քննարկման ժամանակ իմ կողմից վկայակոչվեց կոռուպցիոն բնույթի մեկ այլ քրեական գործ, որով ենթադրյալ հանցանք կատարած պաշտոնատար անձը նույնպես մեղադրվում էր կաշառք ստանալու մեջ, այն էլ, ի տարբերություն Մանուկ Առաքելյանի, 2 դրվագ կաշառք ստանալու մեջ։ Այդ անձը կալանավորվել էր հիշյալ մեղադրանքով, սակայն աշխատանքից ազատվելուց մեկ օր անց դատախազության կողմից փոփոխվեց ընտրված խափանման միջոցը և ընտրվեց ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց, որի կապակցությամբ դատախազությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ որոշումը կայացնելիս հաշվի է առնվել, որ նախաքննության ներկայիս փուլում արդեն նվազել են քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով քննությանը խոչընդոտելու, քննությունից խուսափելու ռիսկերը, որով պայմանավորված՝ վերացել է նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի հետագա կիրառման անհրաժեշտությունը:
Հարկ է նշել, որ յուրաքանչյուր քաղաքացի, երբ վիճարկվում են իր իրավունքներն ու օրինական շահերը, իրավունք ունի վկայակոչել նույնական փաստական հանգամանքներով առկա մեկ այլ որոշում, որը ենթակա է կիրառման նաև իր պարագայում, սակայն սույն դեպքում փաստացի դատախազությունը երկու տարբեր քրեական գործերով նույն հանգամանքի հետ կապված կայացնում է տարբեր որոշում։ Նշված գործերի նույնական լինելու հանգամանքը կարող եմ հիմնավորել ծանրակշիռ փաստերով, սակայն այս պահին այդ հնարավորությունը չունեմ՝ կաշկանդված լինելով նախաքննական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությամբ։ Փաստացի, թեև պաշտպանյալս այլևս որևէ պաշտոն չի զբաղեցնում, սակայն դատարանը գտնում է, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, կարող է խոչընդոտել գործի քննությանը, սակայն մեզ համար անհասկանալի է, թե ինչպես անձը կարող է պաշտոնական դիրքն օգտագործելով խոչընդոտել գործի քննությանը, եթե որևէ պաշտոն չի զբաղեցնում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ