ՀՀ ԱԺ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները՝ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ հունիսի 3-ին հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռուդոլֆ Մեխալկայի գլխավորած պատվիրակության հետ: Զրուցակիցները քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
Ռուդոլֆ Մեխալկան անդրադառնալով բանակցային գործընթացի հետ կապված հետագա քայլերին՝ առաջարկել է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպում:
Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում առկա արդյունավետ համագործակցությունը: Ներկայացնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները՝ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը: Պատգամավորն ընդգծել է, որ ցանկացած ձեւաչափով քննարկում պետք է չհակասի Մինսկի խմբի եռանախագահության քաղաքական բառապաշարին եւ համանախագահների հայտարարություններին: Նրա խոսքով՝ Հայաստանը կողմնակից է հասարակություններին խաղաղության պատրաստելու նախաձեռնությանը: Միաժամանակ, Հայկ Կոնջորյանը կարեւորել է Արցախի՝ բանակցությունների սեղան վերադառնալը:
Ի թիվս մի շարք այլ հարցերի՝ կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով