Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներ պետք են, բայց ոչ անցումային արդարադատության ու վեթինգի տարբերակով։ Այս կարծիքին է հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Մանուկյանի կարծիքով՝ անցումային արդարադատության եւ վեթինգի մեթոդներում վտանգ էլ կա, որ բուն գործընթացի ժամանակ կարող է խախտվել դատարանների անկախությունը. «Ես չեմ ասում, որ մեր դատարաններն անկախ են, բայց անկախության ինչ-որ աստիճան ունեն։ Այդ աստիճանն էլ կարող է նվազել։ Այսինքն` քաղաքական ուժը իշխող կդառնա դատական համակարգի վրա»:
Մանուկյանը գտնում է՝ Հայաստանում բազմաթիվ մեթոդներ կան կոռուպցիայի դեմ պայքարելու, եթե օրենքները չեն բավականացնում, նորերն ընդունեն, ի վերջո կար հակակոռուպցիոն հանձնաժողով, եւ կար ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայի վավերացում եւ դրա շրջանակներում նոր օրենքներ. «Կարծում եմ՝ այս ճանապարհով պետք է շարունակել»:
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների՝ ՀՀ-ին անցումային արդարադատության եւ վեթինգի ներդրման հարցում առաջարկած աջակցությանը, Վազգեն Մանուկյանն ասաց. «Միջազգային կազմակերպությունները շատ տարբեր են: Ես ասում եմ՝ Վենետիկի խումբը եւ ԵՄ դատավորների կոնսուլտատիվ խորհուրդը, որոնք շատ զգուշանում են դրանից: Կան շատ կազմակերպություններ, որոնք շատ կուզենան խցկվել Հայաստանի ներքին գործերին, սա իրենց համար շատ լավ առիթ է, ինչո՞ւ մենք այդ առիթը տանք:
Կարդացեք նաև
Մենք մեր խելքով առաջնորդվենք, սովորենք աշխարհի փորձը եւ այդ փորձից ելնելով կարողանանք մեր երկիրը դարձնենք մաքուր»:
Aravot.am-ի հարցին՝ կա՞ Հայաստանում բավարար ռեսուրս ինքնուրույն եւ մաքուր այդ գործընթացն անելու, եւ արդյոք առանց վեթինգի, միայն հակակոռուպցիոն միջոցառումները բավարա՞ր են ոլորտը «մաքրելու» համար, Մանուկյանը պատասխանեց. «Հայաստանի հանրապետությունում բոլոր շերտերում կոռուպցիա կա: 2-րդը՝ այն տպավորությունն է, որ ինչ-որ ձեւով իշխանության մեջ հավաքված էին անազնիվ մարդիկ, եւ եթե մենք նրանց դուրս շպրտենք, բերենք ազնիվ մարդկանց՝ ամեն ինչը լավ կլինի, սխալ է: Որովհետեւ ամբողջ աշխարհի պատմությունը ցույց է տալիս, որ համակարգային փոփոխություններով կարելի է կոռուպցիայի դեմ պայքարել՝ պատժել: Լավ մարդ ու վատ մարդ չկա: Իրավական միտքը Հայաստանում շատ լավ զարգացած է: Մենք շատ լավ իրավաբաններ ունենք, շատ լավ էլ կարող են ամեն ինչն անել: Կարող են առաջարկել բարեփոխումների ճանապարհ, որը կնպաստի մեր դատական համակարգի բարելավմանը: Վեթինգը ժամանակավոր միջոցառում է, շատ վտանգավոր, եւ եթե վեթինգի մեջ լավ օրենքներ կան, կարելի է մտցնել մեր օրենսդրության մեջ: Բայց վեթինգն անում են այն դեպքերում, երբ դու տոտալիտար համակարգից անցնում ես դեմոկրատական համակարգի, ֆաշիզմից՝ դեմոկրատականի, կոմունիզմից ՝ դեմոկրատականի եւ այլն: Մեր պետությունը նվազ, բայց դեմոկրատական պետություն է, ունենք խոսքի ազատություն, մեզ մոտ ոչ ոք չի նշել, որ քաղբանտարկյալներ ունենք, բայց 3-4 դեպք կա, որը կարելի է համարել… կարեւորագույն կազմակերպությունները երբեք չեն նշել, որ Հայաստանը բռնապետական է: Ամբողջ աշխարհին հիմա ուզում ենք համոզել՝ գիտե՞ք, մենք բռնբապետական էինք, հիմա ուզում ենք դառնալ դեմոկրատական, դա ե՛ւ սուտ է, ե՛ւ վնասում է մեր հեղինակությունը»:
Մեր հստակեցնող հարցին՝ ՀՀ-ում հիմա կա՞ն քաղբանտարկյալներ, օրինակ՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ինքն ու աջակիցներն են պնդում, Մանուկյանը պատասխանեց. «Այդ մասով հիմա գնահատական չտամ»:
Այսօր հանրային խորհուրդը նախատեսել էր հանդիպում-քննարկում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ, որը սակայն չներկայացված հանդիպմանը, ուստի քննարկումն էլ տեղի չունեցավ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ