Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավադյանը՝ ՀՀ-ի «ամենահարուստ մարդկանցից լինելու» մասին. «Ես վստահ եմ ունեցվածքիս օրինականության վրա»

Հունիս 03,2019 19:07

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը նրան հետեւյալ հարցերն առաջադրեց. «Ձեր եւ ձեր ընտանիքի ունեցվածքի մասին Հայաստանում լեգենդներ են պտտվում: Ասում են, թե դուք մեր երկրի ամենահարուստ մարդկանցից եք: Քանի որ չենք առաջնորդվում բամբասանքներով, ուսումնասիրել ենք ձեր հայտարարագրերը: Պարզվում է, որ ասվածում ճշմարտություն կա: 2014թ.-ի ձեր  հայտարարագրով՝ ունեք մեկ բնակարան, երկու բնակելի տուն, չորս հողամաս, մեկ մեքենա եւ բաժնետոմսեր: Իսկ 2017թ.-ի հայտարարագրով՝ դուք եւ ձեր կինն ունեք 183 միլիոն դրամ, 1 միլիոն 304 հազար դոլար, 414 հազար եվրո: Չգիտես ինչու, չկար նախորդ տարվա տարեկան հայտարարագիրը: Ինչո՞ւ: Հայտնի է, որ դուք բնակվում եք Վահագնի թաղամասում, որտեղ կառուցում եք նոր տուն, իսկ մենք գիտենք, թե այդ թաղամասում ինչ արժեն տներն ու հողամասերը: Դուք կարող եք ասել, թե վաճառել եք նախկինում ունեցած առեւտրային բանկը եւ այդպես եկամուտ ունեցել, բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում, թե որտեղից եք ձեռք բերել այն: Պատրա՞ստ եք ձեր ունեցվածքի ծագումը չհիմնավորելու դեպքում այն հանձնել պետությանը»:

Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ 2018թ.-ի իր հայտարարագիրը հրապարակված է. «Որեւէ սխալ չկա հայտարարագրերում, առկա են ունեցվածքից ձեռքբերման տվյալները, թե որտեղից եւ որքան միջոց եմ ստացել, ինչ աշխատավարձ եմ ունեցել: Որեւէ սխալ իմ հաշվետվություններում չկա: Իհարկե, պատրաստ եմ պատասխան տալ իմ ունեցած ցանկացած միջոցի համար: Բնակվում եմ, այո, բայց դուք իրավունք չունեիք նման անձնական տվյալներ հրապարակել»:

Անի Սամսոնյանն արձագանքեց. «Ես ձեր հասցեն չեմ հրապարակել, դա անձնական միջոցի հրապարակում չէ: Ամեն դեպքում, հանրության մոտ ձեր միջոցները կասկածի տեղիք են տալիս»:

Արթուր Ջավադյանն այսպես եզրափակեց. «Ես վստահ եմ իմ ունեցվածքի օրինականության վրա: Եթե կասկածներ ունեք, կասկածներով տվեք հարցերը, ես էլ կպատասխանեմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930