Հայտարարություն
«Այբ»-ի անունից ինքնակոչ հայտարարության վերաբերյալ
Այսօր մամուլում «Այբ»-ի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվել: Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նեղ անձնական շահերով համախմբված մի քանի հոգին չի կարող խոսել հարյուրավոր բարերարներ ունեցող համայնքի անունից, հատկապես որ այս մի քանի հոգանոց խմբի որոշ ներկայացուցիչների գործունեության և էթիկական նորմերի պարբերական խախտման պատճառով խաթարվել էր առողջ երկխոսության հնարավորությունը համայնքում, ստեղծվել էին «Այբ»-ի աշխատանքները բնականոն կերպով առաջ տանելու խոչընդոտներ:
Կարդացեք նաև
«Այբ» համայնքի ներսում կառուցողական երկխոսությունը վերականգնելու և աշխատանքի քաղաքակիրթ կանոններ վերահաստատելու համար «Այբ» ակումբը համակարգային բարեփոխումներ իրականացնելու որոշում է կայացրել. բարեփոխումների քայլերից մեկը եղել է «Այբ» ակումբի ինքնալուծարումը:
«Այբ»-ի բոլոր կառույցները, համահիմնադիրները (8 հոգի), բացառությամբ մեկի, միասնական են այբական առաքելությունը շարունակելու և մեր երկրում կրթության վերափոխմանը ծառայելու հարցում։ Այսօր հենց այդ մեկի համահեղինակությամբ է մամուլում հայտնվել ապատեղեկատվություն՝ փորձելով «Այբ» ակումբի ինքնալուծարումը ներկայացնել որպես «փլուզում» և ապակողմնորոշել թե՛ հանրությանը և թե՛ պետությանը։
Պարզաբանենք։
Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 23-ին, «Այբ» ակումբը, «Այբ»-ի (համայնքի) բարեփոխման և զարգացման նպատակով, կայացրել է ինքնալուծարման մասին որոշում՝ 26 «կողմ» ձայնով։ Ակումբի անդամները 36-ն են, քվեարկությանը մասնակցել են 28-ը։ Կանոնադրությամբ սահմանված կարգով՝ ինքնալուծարման որոշման համար անհրաժեշտ է ընդհանուր ձայների առնվազն 2/3-ը՝ 24 ձայն։ «Այբ» ակումբի ինքնալուծարման պարագայում «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին է վերապահվել «Այբ»-ի առաքելության շարունակականությունն ապահովելու գործառույթը։ Որոշման համաձայն՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է ակումբի միակ իրավահաջորդը, հետևաբար որևէ այլ կողմ չի կարող հանդես գալ լուծարված «Այբ» ակումբի անունից։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հավատարիմ է բոլորի համար լավագույն կրթություն ապահովելու «Այբ»-ի առաքելությանը։ «Այբ»-ի բոլոր կառույցները միշտ են եղել թափանցիկ ու օրինակելի և շարունակելու են մնալ այդպիսին։
Արդեն տևական ժամանակ է՝ հետևողականորեն փորձ է արվում վարկաբեկել «Այբ»-ի անունը՝ անանուն կերպով, առանց որևէ աղբյուրի կամ փաստի. այսօրվա հայտարարությունը որոշակիացնում է այդ փորձերի հեղինակներին։ Մենք հայտարարում ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամն ու դպրոցն իրագործում ու շարունակելու են իրագործել իրենց առջև կանոնադրությամբ դրված բոլոր նպատակները, և այսօրինակ փորձերը չունեն ո՛չ որևէ հիմք, ո՛չ էլ՝ հեռանկար։ «Այբ»-ի անունից անօրինական կերպով հնչեցվող տեսակետները, ինչպես նաև «Այբ»-ին ուղղված մեղադրանքները ապատեղեկատվություն են և կարող են ունենալ իրավական հետևանքներ։ Մեր առաքելությունը բոլորին լավագույն կրթությամբ ապահովելն է, «Այբ»-ն իր գործունեությամբ չի կարող սպասարկել առանձին նեղ շահերի։
Տարածված հայտարարությունը չի արտացոլում «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, լայն համայնքի, համահիմնադիրների (բացառությամբ մեկի) տեսակետները և չունի «Այբ»-ի գործունեության բարեփոխման ծրագրի հետ որևէ առնչություն:
«Այբ»-ի ծրագրերին աջակցող բարերարների ճնշող մեծամասնությունը միասնական է և շարունակում է իր բարեգործական առաքելությունը կրթության ոլորտում:
«Այբ» կրթական հիմնադրամի
հոգաբարձուների խորհուրդ