Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին այսօր Aravot.am-ը հարցրեց՝ նոր իշխանությունների օրոք ԿԲ-ի ավտոմեքենաների թիվը կրճատվե՞լ է, որովհետեւ նախկինում քննադատում էին, որ դրանք շատ են: Նա պատասխանեց. «Այո, կրճատվել են, 10 մեքենա վաճառում ենք»: Հիշեցնենք, որ ԿԲ-ի տրամադրության տակ կար 31 մեքենա: Երբ Ջավադյանից տարիներ առաջ հետաքրքրվել էինք, թե ի՞նչ են անում այդ 31 մեքենան, նա պատասխանել էր. «Բա մենք Ստեփանակերտում, Գորիսում, Սիսիանում, Դիլիջանում, Ծաղկաձորում ունենք կանխիկ դրամարկղային կենտրոններ, ունենք անվտանգության խնդիրներ, բա չունենա՞նք 31 մեքենա»:
Այսօր Ջավադյանն ասաց, որ մեքենաների մեծ մասը ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ են. «Մենք քանի որ 170 աշխատող ունեինք Դիլիջանում, ունենք աշխատակիցներ Շուշիում, Սիսիանում, Ծաղկաձորում, նաեւ ունենք որոշակի կանխիկ դրամի կենտրոններ ՀՀ տարբեր վայրերում եւ դրա անհրաժեշտությունը կա»:
Մեր հարցին՝ 2016-ին ասում էիք՝ «ունենք անվտանգության խնդիրներ, բա չունենա՞նք 31 մեքենա», հիմա չի՞ ստացվում, որ եթե կրճատում եք, նշանակում է տեղ ունեիք կրճատելու եւ չեք կրճատել նախկինում՝ նա պատասխանեց. «Տեղ միշտ ունենք կրճատելու, ցանկացած տեղում էլ կրճատելու տեղ կա, ինձ թվում է, աշխատակիցներին էլ կարելի է»:
Ջավադյաննն ասաց, որ խորհրդի անդամների մեքենաները մնալու են, բայց ծախսերը կրճատվել են բավականին:
Կարդացեք նաև
Հարցրեցինք՝ դուք նախկինում Wolkswagen մակնիշի ծառայողական մեքենա էիք վարում, հիմա նոր իշխանությունների օրոք էլի նո՞ւյնն է, թե՞ փոխվել է՝ Ջավադյանը պատասխանեց, որ նույնն է:
Հարցին՝ դուք այն պաշտոնյաներից եք, որ հեղափոխությունից հետո շարունակում է պաշտոնավարել, սա ինչո՞վ է պայմանավորված, ո՞նց լեզու գտաք այս սիրո եւ թավիշի հետ՝ Ջավադյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես լեզու գտնելու տրամադրություն ու վարքագիծ չունեմ: Ինձ թվում է, ես իմ աշխատանքը կատարում եմ շատ նորմալ ու պրոֆեսիոնալ»: Նա ասաց, որ 11 տարի է՝ այդ պաշտոնում է ու կառչած չէ դրանից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ