Այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ 30 տարի է՝ փորձ է արվում մեր երկիրը շեղել իրական օրակարգից: Նրա խոսքով, ցանկացած հետախույզ, որ գնում է այլ երկիր, նրա հիմնական նպատակը իրական օրակարգից շեղելն է լինում: Մինչդեռ Հայաստանի իրական օրակարգը Անկախության հռչակագիրն է, որը հիմնված է վերամիավորված Հայաստանի վրա. «Հռչակագրի վերջին կետը պարտավորեցնում է ցանկացած հայկական իշխանության գործողությունները, իրավական ակտերը հիմնվեն Անկախության հռչակագրի վրա: Մեզ աշխարհը ճանաչել է ըստ Անկախության հռչակագրի եւ, մեր երեք նախագահները հանդիսանում են տրիբունալի ապրանք: Որովհետեւ, բացի նրանից, որ ՀՀ նախագահներ են, լինելով գլխավոր հրամանատարներ, նրանք դրժել են Անկախության հռչակագիրը»:
Կարեն Վարդանյանի խոսքով, Անկախության հռչակագրում նկարագրած են այն ընկերային-սոցիալական եւ այլ հարաբերությունները, որոնք մենք պետք է ստեղծենք, ընդհուպ՝ հանքերի պատկանելությունը մեր ազգին. «Որը սակայն, դրժվել է, սկզբում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, հետագայում պահպանվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից: 30 տարի է՝ մենք ահազանգում ենք, որ այս մոտեցումը ստիպել է, որ արցախցիներն անցկացնեն անկախության հանրաքվե: Այդ ժամանակ Արցախը վերամիավորված էր Հայաստանի հետ եւ անկախության հանրաքվեն, ըստ էության, վերաբերում էր Հայաստանից անջատմանը, որից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքերը բացվեցին եւ նա անցկացրեց ՀԽՍՀ տարածքում անկախության հանրաքվե: Ըստ էության, շատ տեխնիկական ձեւով Հայաստանի երկու մաս իրարից անջատեցին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ