Արցախի հերոս, ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի համակիրներ, մարտական ընկերներ, ռուսաստանաբնակ գործարարներ Արմեն Մեջլումյանը և Արամ Հովակիմյանը պնդում են՝ Գեղարքունիքի մարզում Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթի արձակումը ունի քաղաքական նպատակ:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Արամ Հովակիմյանը հայտարարեց. «Այն, ինչ Սևանի մայրուղում կատարվեց, դա միանշանակ անձնական որևէ խնդիր չէ, ոչ էլ կենցաղային կամ ֆինանսական բնույթի: Սա քաղաքական բնույթ էր կրում, քանի որ մենք երեքից-չորս ամիս է՝ սատարում ենք Արցախի հերոս Սամվել Բաբայանին և իր կողմնակիցներն ենք: Արայիկ Հարությունյանը հայտարարում է, թե դա եղել է կենցաղային, ֆինանսական բնույթի հարց, բայց նման բան չկա»:
Անդրադառնալով «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հարցազրույցին, Արմեն Մեջլումյանն ասաց. «Արայիկ Հարությունյանը ստում է, մենք չենք ճանաչում ոչ մեկին: Կենցաղային որևէ հարց չունենք որևէ մեկի հետ, մենք ապրում ենք անուն ազգանունի, ոչ թե դրամ դոլարի համար: Արայիկ Հարությունյան, եթե Դուք Ձեր խոսքի տերն եք, դեմ առ դեմ ասուլիս կազմակերպենք, և մեր հասարակությունն իմանա՝ ինչ է կատարվում»:
Նա վստահեցրեց՝ մեքենայի մեջ եղել է ինքն ու իր ընկեր Արամը. երրորդ անձ չի եղել: Դառնալով նրան, որ հայտարարվեց՝ իրավապահները բացահայտել են կատարվածը՝ ասաց. «Մեր հարցն այն է, թե ով է պատվեր տվել: Ես ասում եմ՝ Արայիկ Հարությունյանը: Մեզ համար աբսուրդ էր այն, որ հայտարարեց՝ բացահայտվել է այն դեպքում, երբ մեզ հետ չեն զրուցել: Լուրը լսելուց կես ժամ հետո մեզ զանգեցին, ասացին, որ ուղարկում են Սևանի բաժին»:
Կարդացեք նաև
Անդրադարձ կատարվեց նաև արցախցի-Հայաստան բաժանումներին: Արամ Հովակիմյանն ասաց. «Ոչ մեկին դուր չեն գալիս հայաստանցի-արցախցի բաժանումները: Դրա համար էլ Սամվել Բաբայանն առաջին քայլն է արել՝ Սահմանադրության առաջին կետի փոփոխություն, որ դա վերանա»:
Արմեն Մեջլումյանն էլ հիշեցրեց՝ այդ բաժանումն է քանդել մեր երկիրը, և նրանց, որոնք այդ բաժանումն են մտցնում, հորդորեց հանգիստ նստել տեղները:
Այնուհետև փոխանցեց մի շարք արցախցիների հարցը՝ իրո՞ք Նիկոլ Փաշինյանը սատարում է Արայիկ Հարությունյանին և կամուրջն էլ Արարատ Միրզոյանն է: Նա նշեց, որ այս հարցը արցախցիներին է հետաքրքրում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ