Ազգային ժողովում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետեւյալ հարցադրումներն ուղղեց. «Դուք երկու ժամկետ է՝ պաշտոնավարում եք: Սկզբում նշանակվել եք Ռոբերտ Քոչարյանի օրոք եւ համարվել եք նրա մտերիմը, հետո նշանակվել եք Սերժ Սարգսյանի օրոք եւ կարճ ժամանակում նրա համար եւս դարձել մտերիմ: Հեղափոխությունից հետո էլ պաշտոնավարում եք եւ մտադիր չեք հրաժարական տալ: Ինձ մոտ հարց է առաջանում՝ դուք դարձե՞լ եք մտերիմ Նիկոլ Փաշինյանի համար, եւ որն է գաղտնիքը, որ կարճ ժամանակում կարողանում եք մտերիմ դառնալ երկրի ղեկավարի համար»:
Արթուր Ջավադյանը ժպտալով պատասխանեց. «Եթե մի քիչ էլ հետ գնանք, ապա ես ԿԲ խորհրդի անդամ առաջին անգամ նշանակվել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Այնպես որ…ասեմ, որ 11 տարի՝ ԿԲ նախագահ եմ, եւ դրա հիմնական պատճառը, կարծում եմ, ԿԲ թիմն է եւ վերջինիս պրոֆեսիոնալիզմը: Մեր խնդիրներն ամրագրված են սահմանադրությամբ: Չէի ուզի գովել ղեկավարածս կառույցը, բայց մենք փայլուն իրականացնում ենք մեր գործառույթները»: Արթուր Ջավադյանը հավելեց. «Ես բոլորի հետ էլ լավ եմ, ԿԲ-ն էլ անկախ մարմին է: Այլ պատասխաններ մի փնտրեք»:
Կարեն Սիմոնյանը պնդեց, որ իր հարցի պատասխանը չգտավ: Արթուր Ջավադյանն արձագանքեց. «Դուք իմ կենսագրությունը նայե՞լ եք…ասացի, դա դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանից է եկել: Ի դեպ, ես ոչ թե նշանակվել եմ նախագահի հրամանով, այլ ընտրվել ԱԺ-ում, թեեւ ներկայացվել եմ որպես թեկնածու՝ Սերժ Սարգսյանի կողմից: Իսկ պաշտոնավարման ժամկետս մինչեւ հաջորդ տարվա հունիս է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ