Aravot.am-ի հարցին՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները մտահոգություն էին հայտնում, որ ՀՀ ՊՆ-ն չի ցանկանում համագործակցել ոլորտի մասնագետների հետ, մի շարք առաջարկներ մերժվում են կամ մնում անպատասխան, նոր կառավարության մոտեցումներն ինչպիսի՞ն են, ՊՆ-ի հետ կա՞ համագործակցություն, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանն ի պատասխան ասաց, որ դրական փոփոխություններ կան. «Մեր քննադատությունները տեղ հասան, համակարգից հեռացվեցին կաշառակերությամբ զբաղվող պաշտոնյաներ, որոնց մի մասն էլ ընթացքում, կամաց, դուրս եկան: Մեր առաջարկությամբ, ռազմական պետական կոմիտեն առանձնացվեց բանակից, համագործակցության հնարավորությունները լուրջ ընդլայնվել են»:
Այդուհանդերձ, ըստ պարոն Վարդանյանի, համագործակցության մակարդակը շատ ցածր է. «Հաղթելու համար մեզ պետք է շատ ուժ: Մենք այսօր ռեալ որեւէ մոբիլիզացիա երկրում չենք տեսնում: Իսկ մոբիլիզացիան վերաբերում է ե՜ւ մարդկային ուժին եւ այն ռեսուրսներին, որով որ մեզ պատերազմի ժամանակ պետք է պահեն ե՜ւ մասնագիտական ներուժին: Մենք պետք է իմանանք՝ պատերազմի ժամանակ զենքն ով է արտադրելու, զենքն ով է նախագծելու, ով է խրամատում կռվելու: Մոբիլիզացիան վերաբերում է նաեւ մեր դաշնակիցներին»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Այսօր «Տեսակետ» ակումբում Կարեն Վարդանյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ մեր երկրում բանակային, ռազմաարդյունաբերության ոլորտում մասնագետների լուրջ պակաս կա. «Սկսած՝ գործարանում խառատներից, վերջացրած արտադրության կազմակերպիչներից, նախագծողներից, որոնք կարող են վերջնական արտադրանք սարքել, համապատասխանեցնել բանակի պահանջներին, որոնք, ի դեպ,շատ յուրահատուկ են, դրան գումարած զենքի վաճառքի բնագավառում: Այսինքն՝ մարդիկ, որոնք շատ տարբեր տիպի նախագծային եւ արտադրական համակարգեր են ղեկավարում»:
Ասուլիսին ներկա Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարտանովի կարծիքով, լինելով 21-րդ դարում, ռազմական գործում չենք տարբերվում 19-րդ դարում մեր նախնիների գործելաոճից, եւ միակ տարբերությունը պետություն ունենալն է. «Վերջապես, պետք է հայկական ռազմաարդյունաբերությանն ավելի լուրջ նայել եւ զարգացմանը զարկ տալ: Զարկ տալ ոչ միայն հասարակական, բիզնես ենթակառուցվածքների կամ տարբեր էնտուզիաստների օգնությամբ, այլ՝ պետական ծրագրերով, որը ես, դեռ, ցավոք,չեմ տեսնում»:
Պարոն Վարտանովը նաեւ մտահոգություն հայտնեց, որ, լինելով պատերազմող երկիր, մեր բնակչությունը պատրաստ չէ պատերազմին: Նրա խոսքով, այս հարցով ոչինչ չի արվել երեք նախագահների ժամանակ, չի արվում եւ հիմա. «Ճարտարապետները շարունակում են շենք-շինությունների թույլտվությունները տալ առանց ապաստարանների, դպրոցներում, հիմնարկներում ոչ ոք չգիտի պատերազմի դեպքում ինչպես պետք է վարվի,ուր պետք է գնա»:
Ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, որը նույնպես մասնակցում էր ասուլիսին, նշեց, որ տեղեկատվական պատերազմում Հայաստանը տանուլ է տալիս Ադրբեջանին: Նրա խոսքով, դրսի աշխատանքները Ադրբեջանը հստակ համակարգում է ԱԳՆ-ի միջոցով եւ այդ նպատակով մեծ ֆինանսական միջոցներ են հատկացվում. «Դեսպանությունները տվյալ երկրներում գումարի միջոցով գնում են լրատվամիջոցներ եւ, իրենց ցանկացած տեղեկությունը դրսում տարածում են: Մենք ավելի պասիվ ենք դրսում աշխատում, որովհետեւ չունենք իրենց նման ֆինանսական միջոցներ, բայց մենք ունենք սփյուռք, եւ ունենք բազմաթիվ հայեր, որոնք տարբեր լրատվամիջոցներում են աշխատում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ