Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու որոշման դեմ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքն այսօր քննվում է Վերաքննիչ քրեական դատարանում, Վազգեն Ռշտունու նախագահությամբ:
Հիշեցնենք, որ քննիչ Մուշեղյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Նա վկայակոչել էր Վազգեն Ռշտունու նախկինում արված այն հայտարարությունը, որ համամիտ է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով առաջին անգամ ազատ արձակած դատավորի` Ալեքսանդր Ազարյանի հետ:
Դատախազությունը նույնպես միացավ քննիչի միջնորդությանը: Դատախազությունում կարծում են, որ այս գործով դատարանը կանխակալ մոտեցում ունի:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի այսօր:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատելուց հետո Հովհաննես Խուդոյանը վարույթն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը, միջնորդել է նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը: Միջնորդությունը մերժվել էր: Մերժման որոշումը բողոքարկվել է առաջին ատյանի դատարան: Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել էր Հովհաննես Խուդոյանի բողոքը: Պաշտպանն էլ բողոքարկել է Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի մարտին Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ