Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ Վահե Գրիգորյանի առաջադրումը տեղի է ունենում քաղաքական նպատակահարմարությամբ

Հունիս 03,2019 16:14

«Արմեն Սարգսյանն այսօր քաղաքական պատվեր է կատարում՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելով Վահե Գրիգորյանին, քանի որ մեր երկրում տեղի չունեցավ իրական հեղափոխություն, այլ տեղափոխություն, հետևաբար հետևանքը նման առաջադրումը պիտի լիներ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ չի ցանկանում թերագնահատել Վահե Գրիգորյանի անձը կամ գիտելիքները, բայց ըստ Զարուհի Փոստանջյանի՝ այս առաջադրումը տեղի է ունենում քաղաքական նպատակահարմարության ներքո:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ էր վիճարկում Արմեն Սարգսյանի պաշտոնավարման օրինականությունը, նրա՝ որպես ՀՀ նախագահ ընտրվելու հետ կապված օրինականության սկզբունքի խախտման վերաբերյալ ելույթ ունեցավ, և հիմա, ըստ նրա՝ պարզվում է, որ այդ ամենն ուղղակի ցուցադրական բնույթ էր կրում, իրականում բոլորը բոլորի հետ պայմանավորվել են և ուղղակի գործում են ստվերային պայմանավորվածությունների ներքո:

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ ԱԺ-ն կարող է հրավիրել ՀՀ դատախազին և հաշվետվություն պահանջել դատաիրավական համակարգի վերաբերյալ, մինչդեռ որևէ հաշվետվություն չկա. «Նիկոլ Փաշինյանն ուղղակի որպես հետևանք փորձում է արդեն դիմել ծայրահեղ միջոցների, որոնց թվին է պատկանում նաև դատարանների շրջափակումը: Եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի գործը, ապա նման կոչ նա չէր անի, քանի որ մեկ տարի է՝ քաղաքացիները բողոքում են դատական համակարգից, բայց դրանց արձագանք չի տրվել: Միայն այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանին չգոհացրեց այս որոշումը, որոշեց շրջափակել դատարանները: Սա, իհարկե, լուծում չէ: Հարց է պետք հնչեցնել՝ արդյոք դրանով որևէ խնդիր լուծվե՞ց: Գագիկ Հարությունյանի հեռացմամբ դեռ ոչինչ մեր հանրության մեջ չի փոխվելու: Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը հեռացավ, բայց իրականում ռեժիմը, որը գործել է շուրջ 30 տարի, շարունակում է գործել»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ հեղափոխություն չլինելու պարագայում դիմել անցումային արդարադատությանը, կրկին տեսարանի ապահովում է: Որպեսզի տեղի ունենա անցումային արդարադատություն, պետք է փոխվի Սահմանադրությունը, իսկ դրա համար ժամանակ է պետք։ Եվ հետո որտեղից որտեղ պետք է անցումը կատարվի։ Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական կյանքը սկսվում է 2008-ից։ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում իր նկատմամբ կիրառել վեթինգ, մինչդեռ իրենից, իր ընտանիքի անդամներից պետք է սկսի վեթինգը: Բայց դրվագային որոշել է դատավորների նկատմամբ իրականացնել վեթինգ՝ այն էլ չունենալով դրա համար համապատասխան կառուցակարգեր, օրենսդրություն և ժամանակ: Նիկոլ Փաշինյանն օգտագործում է Սերժ Սարգսյանի կեղծած Սահմանադրությունը, իր տիկինը չի մերժում մեր հանրությունից գողացված գումարներն իրենց տրամադրելը, իրենք ունեն գործարք Սերժ Սարգսյանի հետ. այդ մասով չեն ցանկանում որևէ զտման գործընթաց անցկացնել, բայց դատավորների վերաբերյալ ցանկանում են: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պետք է սկսեր բանակում զինվորների սպանությունների գործերից: Այս դեպքում միայն դատավորների նկատմամբ վեթինգն արդար չէ և ուղղակի քաղաքական տեսարան ապահովելու համար է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930