Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիահույս ենք, որ չափորոշիչների մշակման գործընթացն այս տարվա ընթացքում կավարտենք, որից հետո ձեռնամուխ կլինենք դասագրքերի մշակմանը». Արայիկ Հարությունյան

Հունիս 03,2019 16:18

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի վերամշակում և փորձարկում» ծրագրի շրջանակում մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ ուսումնական ծրագրերի աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից։ Միջոցառմանը հրավիրված էին կրթության փորձագետներ, միջնակարգ դպրոցների ուսուցիչներ և ղեկավարներ, համալսարանական պրոֆեսորներ ու դասախոսներ և ավելի լայն կրթության համայնքի ներկայացուցիչներ՝ քննարկելու միջնակարգ կրթության առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Ինտերակտիվ նիստերի միջոցով աշխատաժողովը կրթության ոլորտի շահակիցներին հնարավորություն տվեց քննարկելու ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչը, ուսումնառության վերջնարդյունքները, առարկաների ուսումնասիրության տիրույթը, դասաժամերի բաշխումը և գնահատումը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (անգլ. STEM) ուսումնական նոր ծրագրերի  համար:

Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան:

«Մեր նպատակն է ունենալ չափորոշիչ, որը մշակված կլինի համակարգում աշխատող մասնագետների և միջազգային փորձագետների կողմից, և կդառնա մեր կրթական համակարգի զարգացման գրավականը։ Լիահույս ենք, որ չափորոշիչների մշակման գործընթացն այս տարվա ընթացքում կավարտենք, որից հետո ձեռնամուխ կլինենք դասագրքերի մշակմանը»,-իր խոսքում նշեց Արայիկ Հարությունյանը։

Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար պարոն Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան կարևորեց Արևելյան գործընկերության տասնամյա գործունեությունը, որի արդյունքում իրագործվել է Կայուն զարգացման 4-րդ նպատակը. այն է՝ ապահովել ներառական և հավասար կրթություն և բոլորին ընձեռել սովորելու հնարավորություն: Ապա նաև խոսեց Թումոյի հետ համագործակցության, մասնավորապես «ԵՄ-ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի մասին՝ արտահայտելով կայուն զարգացման նպատակին հասնելու գործում մասնավոր հատվածի ներգրավվածության անհրաժեշտությունը, ինչը նորարարության համար կդառնա ինկուբատոր:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար, տիկին Սիլվի Բոսութղոն ևս շեշտեց ծրագրի կարևորությունը, որի շրջանակում գործակցում են ազգային և միջազգային փորձագետներ, Եվրամիությունը, ՀՀ ԿԳՄՍՆ-ն, ՀԲ-ը և մի շարք այլ կազմակերպություններ՝ համատեղ ջանքերով նվազեցնելու Հայաստանում կրթության բացերը՝ կրկին կարևորելով այս նպատակին հասնելու համար ծրագրի բոլոր շահակիցների համակարգված գործունեությունը:

Միջազգային և հայ փորձագետների խմբում էին «Եվրոսայենս» համաեվրոպական գիտահետազոտական միության գլխավոր քարտուղար, դոկտոր Պիտեր Տինդերմանսը, մանկավարժության, դասագրքերի, ընթերցանության և հրատարակության ոլորտում ավելի քան 30 տարվա փորձառություն ունեցող պարոն Էնդի Սմարթը, վիճակագրության և հետազոտական մեթոդաբանության մասնագետ, դոկտոր Ջուաո Մարոկոն Պորտուգալիայից, Կորնելի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ավագ դասախոս և մաթեմատիկայի տարրական և միջնակարգ կրթության ծրագրի տնօրեն, դոկտոր Մերի Էն Հանթլին, կրթական բարեփոխումների, ուսումնական ծրագրերի, հրատարակության և տեխնոլոգիաների ճանաչված փորձագետ, պարոն Ջեյ Դիսկին և անվանի հոգեբան, նյարդագետ, Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր, տարրական և միջնակարգ կրթության ճանաչողական հիմնախնդիրների փորձագետ, դոկտոր Դանիել Ուիլինգհեմը:

Ստորև ներկայացնում ենք մի շարք եզրահանգումներ, որոնք ուղենիշ կլինեն ծրագրի իրականացման ընթացքում.

  • Ուսումնական ծրագրերի բարեփոխումը հայեցողական չէ, այլ պահանջում է ծավալուն քննարկումներ մասնակից փորձագետների, նախարարության, միջազգային փորձագետների և շահակից այլ կողմերի միջև՝ մշակելու և իրականացնելու ուսումնական ծրագրերի բարեփոխման Հայաստանի տեսլականն ու կարիքը:
  • Առաջիկա երկու շաբաթների ընթացքում ՀՀ ԿԳՄՍՆ և ՀԲ կազմակերպչական խումբը քննարկումներ է ունենալու աշխատաժողովի առանձին մասնակիցների հետ աշխատանքային խմբեր կազմելու նպատակով:
  • Աշխատանքային խմբերի ձևավորման արդյունքում կմշակվեն ու կտարածվեն վերջիններիս աշխատանքային ժամանակացույցը և ուսումնական ծրագրերի բարեփոխման ընդհանուր պլանը:
  • Ակնկալվում է, որ աշխատանքային խմբերը կգործեն 12 շաբաթ՝ քննարկելու այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ կհամարեն կատարելու իրենց նշանակված ոլորտի ուսումնական ծրագրերում:
  • Երբ նախնական մշակվեն համաձայնեցված փոփոխություններով վերամշակված ուսումնական ծրագրերը, կկազմակերպվեն ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, և վերապատրաստված ուսուցիչներն այդ նոր ծրագրերը կփորձարկեն Տավուշի մարզում:

Աշխատաժողովում եզրափակման խոսք ասաց Արևիկ Անափիոսյանը. «Մենք այժմ մեկնարկում ենք մի բարդ գործընթաց, և այն աշխատանքը, որ պիտի միասին կատարենք, լինելու է բավականին ծավալուն: Աշխատաժողովի ընթացքում փորձագետները մեզ հայտնեցին իրենց փորձից մի մասնիկ, ու եթե մենք լուրջ վերաբերվենք դրան ու միասին աշխատենք, մենք կկատարենք ֆունդամենտալ փոփոխություն, ինչն իրոք պահանջում է եռանդուն աշխատանք և ժամանակ: Միասին աշխատելիս մենք մտքեր կփոխանակենք և կկերտենք ընդհանուր տեսլական: Մեր գործընկերներն ու փորձագետները մի օր պիտի հպարտությամբ նշեն, որ աջակցել են Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումներին»:

Կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930