Հունիսի 2-ին ԱՄՆ-ում տեղի ունեցավ առաջին թելեթոն-դրամահավաքը, որը նվիրված էր Ջավախքին։ Դրամահավաքը եզակի էր ոչ միայն նրանով, որ առաջին անգամ էր տեղի ունենում Ջավախքի համար, այլ նաեւ դրանով, որ այն առաջին դրամահավաքն էր, որը իրականացվում էր համացանցի միջոցով առանց մեծ հայկական հեռուստաընկերությունների ներգրավման։ Ճիշտ է դրամահավաքին պարբերաբար միանում էին ԱՄՆ-ում գործող մի շարք հայկական հեռուստաընկերություններ, սակայն դա արվում էր անվճար հիմունքով, ինչի պատճառով մի քանիսը հրաժարվել էին մասնակցել տվյալ ծրագրին։
Նախորդ բոլոր թելեթոն-դրամահավաքները, որոնք կազմակերպվում էին ԱՄՆ-ի մեջ բավականին ծախսատար են եղել այն իմաստով, որ գովազդների եւ հեռուստաընկերությունների վրա դրամահավաքի կազմակերպիչները ստիպված են եղել ծախսել տասնյակ հազարավոր դոլարներ եւ այս իմաստով կանխատեսելի էր, որ արդյունքները կարող էին լինել կազմակերպիչների համար ոչ այնքան գոհացուցիչ։ Սակայն պետք է նշել, որ դրամահավաքի իրականացման համար ԱՄՆ-ի մեջ վերջին ամիսներին հսկայական աշխատանք էր տեղի ունեցել, ինչը եւ երեւաց հունիսի 2-ին։ Դրամահավաքի կազմակերպիչների կողքին փաստացի կանգնած էր Լոս Անջելեսի եւ Գլենդելի հասարակության գրեթե ողջ սերուցքը։ Խոսքը հասարակական գործիչների, մտավորականների ու քաղաքական գործիչների մասին է, որոնք համախմբվել էին դրամահավաքի ստուդիայում ու խոսում Ջավախքի կարեւորության մասին, կոչ անելով հայությանը մասնակցել դրամահավաքին։
Նույն պատկերն էր նաեւ Նոյան տապանի երեւանյան ստուդիայում, որտեղ մի շարք մտավորականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ խոսում էին Ջավախքի առօրյայի եւ խնդիրների մասին։ Այսպիսով` մի հսկայական հայկական համայնք ԱՄՆ-ից ու Երեւանից ժամերով խոսում էր Ջավախքի ու Ախալցխայի մասին, ինչը նաեւ մեծ հոգեբանական նշանակություն ունի ջավախքահայության համար։ Դրամահավաքը փաստացի վերածվեց Ջավախքը գովազդելու մի հսկայական միջոցի, որը վաղը անպայման իր դրական արդյունքներն է տալու։
Չնայած նրան, որ դեռեւս ընդհանուր հանգանակված գումարի քանակը անբավարար է դրամահավաքի ծրագրի իրականացման համար, սակայն արդեն իսկ կարելի է փաստել, որ այն իր բնույթով կարելի է կոչել համահայկական, քանզի դրամահավաքին մասնակցել են հարյուրավոր հայեր տարբեր երկրներից, որոնց բացարձակ գերակշիռ մասը ոչ մեծահարուստներն են եղել։ Ինչ որ է, դրամահավաքի շարունակականությունը կլինի կենդանի այնքան ժամանակ, մինչեւ չիրականանա խոստումը տված ժողովրդին Ախալցխայում կառուցել Մարզամշակութային կենտրոն։ Թելեթոն դրամահավաքի կազմակերպիչները մոտակա օրերին անշուշտ հաշվի կառնեն բոլոր բացթողումները ու թերությունները եւ նոր ծրագրերով ու նոր եռանդով կշարունակեն իրենց նվիրյալ գործը հանուն հայրենի Ջավախքի։
Կարդացեք նաև
Էդուարդ ԱՅՎԱԶՅԱՆ
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն