Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 2-ին Մուսա լեռան ջրատարում հայտնաբերված նորածնի մայրը Փարաքար համայնքի բնակիչ Լ. Գ.-ն է: Նա Վարդենիսից է, ամուսնացած է Փարաքարի գերեզմանափորի հետ, ունի 11-ամյա մեկ երեխա: Մեր տեղեկություններով, նրա հղիությունը մեկ ամիս առաջ է հաշվառվել, ինքը բուժանձնակազմին հայտնել է, որ տեղյակ չի եղել հղիությունից, նաեւ ասել է, որ չի ցանկանում երեխային: Այս ընտանիքը ապրում է համարյա գերեզմանների մեջ, նորածնին ջրատար գցած կինն էլ գերեզմանատունն էր մաքրում:
«Առաջին երեխան էլ է օյիններով ունեցել, գնաց Վարդենիս, էստեղ չէր ուզում ունենալ, Վարդենիսում իր ծնողներն են: Հիմա էլ իր անձնագիրը չկար, բժիշկներն էին զանգել, ասել՝ պատասխանատվության կենթարկվի, եթե անձնագիրը չուղարկի, էդպես մի կերպ ուղարկել է… նորմալ ընտանիք է, աշխատում էին, ապրում: Էնպես չէ, որ սոված էին, իրենց աշխատանքով ապրում էին»,- Aravot.am-ին ասաց Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը:
Գյուղապետն այսօր է ծննդկանի բժշկի հետ խոսել, վերջինս հայտնել է, որ կինը իրենց հայտնել է, թե ընկել է ու երեխային կորցրել. «Արդեն իր ծննդաբերության ժամանակն էր, երեխային կորցնելուց հետո էլ չի ասել բժիշկներին: Տարել են ստուգման, ասել է՝ չգիտեմ, ընկել եմ, ուրիշ ոչ մի բան»:
Մեր տեղեկություններով, Մուսա լեռան ջրատարում նորածնի դին գտել է ջրբաշխը եւ ահազանգել ոստիկանություն: Առաջին հայացքից նորածինը նորմալ զարգացած է եղել, արական սեռի է եղել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ