Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը Իոաննիսյանի «սուտ մատնության» համար հնարավոր է դիմի ՀՔԾ կամ դատախազություն. «Տեսնում եմ քաղաքական նպատակ, անգրագիտություն»

Հունիս 03,2019 14:50

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է բանկից տեղեկանք (լուսանկարում)՝ 16 հազար դոլար վարկ վերցնելու մասին, որով ըստ իրեն՝ հերքվում է Դանիել Իոաննիսյանի քննադատությունը, թե ինքն ապօրինի հարստացել է:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, որ տեղեկանքը ցույց տալու նպատակն այն էր, որ վերջ դրվի այն խոսակցություններին, որ ինչ-որ մեկը Հայաստանում ինձ մի բան նվիրի կամ իմ տեղը ինչ-որ բան առնի. «Եթե նման մարդիկ կան, որ նման բան են պնդում, ես բանկի տեղը կարամ իրենց ցույց տամ, գնան էդ վճարումներն անեն, որոնք ես արել եմ եւ նպատակը եղել է այդ մարդկանց բերանները փակելը»:

Ալեն Սիմոնյանն ասաց. «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես քաղաքական ակտիվ գործունեություն եմ ծավալում եւ դա շատ-շատ մարդկանց նյարդայնացնում է: Ամեն հնարավոր բան հորինում են, նույնիսկ այնպիսի բաներ, որ ամոթ է ես բարձրաձայն ասեմ: Լկտի եւ չափ ու սահման չունեցող՝ իմ մասին ինչ ասես ասում են, բայց այդ ամեն ինչը հերթով փուչիկի պես տրաքացրել ու տրաքացնելու եմ»:

Ալեն Սիմոնյանն ասա, որ պետք չի կիսել «սորոսականների եւ հակասորոսականների». «Սա թամբալ եւ ոչ կոմպետենտ մարդկանց աշխատանքի հետեւանք է, ես անհամբեր սպասում եմ ներողությանն ու հրապարակային հերքմանը, երբ որ իրենք բարձրաձայն ասում էին, թե բա՝ գտել ենք, ապօրինի հարստացել է, դա փաստ է, ՀՔԾ-ն զբաղվի: Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվե՞լ եք, ինքը դիմե՞լ է ՀՔԾ, ինքը խոսք էր տվել, որ մինչեւ երկուշաբթի լուրի հիման վրա եթե գործ չհարուցվի, ինքը դիմելու է»:

Լրագրողները փոխանցեցին Իոաննիսյանի արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի հերքմանը, որ դրանով ավելի շատ ապացուցեց, որ ապօրինի հարստացել է, քան հերքեց: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես փաստաթուղթը ցույց եմ տվել, ցույց եմ տվել գումարի ծագումնաբանությունը: Նա ասում էր, որ վարկային ձեւով որեւիցե ձեւով Ալեն Սիմոնյանն իր միջոցները չի ավելացրել, ես ապացուցեցի, որ այդտեղ ինքը նույնպես սխալ է: Ինքը հրապարակումն արել է մայիսի 31-ին՝ չսպասելով այն ժամկետին, որը նախատեսված է հայտարարագրումներ ներկայացնելու համար: Բացի այդ, կա այդպիսի եւս երկու անգրագիտություն՝ երբեւիցե չեն համեմատում պաշտոնամուտի հայտարարագիրը եւ ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագիրը, դրանք իրար հետ անհամեմատելի են, չի կարելի դրանք համեմատել եւ դրանից ելնելով՝ եզրակացություն անել: Դա՝ մեկ սխալ: Երկրորդը՝ մայիսի 31-ը չլրացած՝ ինքը դեռ պետք է տասը օր սպասեր, որ դա հրապարակվեր կայքում: Բայց ինքը դա էլ չի անում: Միակ բանը, որը ես իրոք ընդունում եմ, որ վրիպակ է, դա այն է, որ ես պետք է այն հին մեքենաս գրանցեի, որովհետեւ հայտարարագրում խոսքը գնում է տարվա մասին, իսկ ես գրել եմ այն, ինչը որ իմ ձեռքում է եղել, որպեսզի զերծ պահեմ հավելյալ խոսակցություններից: Ես սրա տակ տեսնում եմ քաղաքական նպատակ, տեսնում եմ անգրագիտություն, տեսնում եմ միտում եւ չեմ ողջունում դա որեւիցե ձեւով: Ես սպասում եմ հերքմանը, ժամանակ եմ տվել»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ մինչեւ նման հայտարարություն անելը եթե իրենք դիմեին իրեն, զանգահարեին, կամ հարցում ուղարկեին, կներկայացներ ու կպարզաբաներ: Մինչդեռ իրենք գնացել են հետապնդման ճանապարհով. «Այսինքն, ՀՀ-ում էլ մարդ չկար, ուրիշ ոչ մի թեմա չկար, պետք է Ալեն Սիմոնյանին 10 հազար դոլարով 2018-ին ՀՀԿ-ականներով լի պառլամենտում կաշա՞ռք տային: Ու տենց ինքը լուրջ գործի՞չ է համարվում մեր դաշտում: Ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր իրեն լուրջ են համարում դաշտում, այսուհետ իմ համար Դանիել Իոաննիսյանը եւ իր գործունեությունն անլուրջ են, որովհետեւ արդեն որերորդ անգամ է ինքը պնդում է անում, հայտարարություն է անում, որը հետո չի հաստատվում: Կարող եք նայել իր անցած ճանապարհը»:

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ չի բացառվում, որ սուտ մատնության համար դիմի ՀՔԾ կամ դատախազություն ու թող իրավապահները պարզեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Դանիել Իոաննիսյանն արձագանքել է այս հայտարարություններին. «Ալեն Սիմոնյանը առավոտյան ապացուցեց, որ ինքը կեղծ հայտարարագիր է ներկայացրել ոչ միայն Էթիկայի հանձնաժողով, այլև ԿԸՀ: Ավելին, իր ունեցվածքի մասին ասածն ու հայտարարագրում գրվածը, կրկին, հակասում է իրար: Եթե ԱԺ փոխխոսնակը շարունակի խոսել այս հռետորաբանությամբ, ապա ներողություն խնդրողն ինքն է լինելու: Իսկ Ալենի ապօրինի հարստանալ-չհարստանալու հարցի իրավական գնահատական տալու է քննիչը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930