Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը սահմանակից է Ադրբեջանին: Տեղի դպրոցը տարբերվում է հանրապետության շատ դպրոցներից: Այստեղ թաքստոց կա պատսպարվելու համար, որովհետեւ ամեն վայրկյան հնարավոր է կրակոցներ լինեն:
Aravot.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանն ասում է, որ երեխաներն արդեն սովորել են կրակոցներին ու նույնիսկ կատակում են. «Հենց չեն կրակում, անհանգիստ ենք լինում»:
2016թ. հուլիսից դպրոցում ռոբոտաշինական խմբակ է գործում, սաները բավականին հաջողություններ են գրանցել: Տնօրենն ասում է, որ շուրջ 15 աշակերտ է մասնակցում խմբակին, տարբեր միջոցառումներից մրցանակներով են վերադարձել: Դրանցից մեկն էլ «Դե անիմացրու» մրցույթն է:
Կարդացեք նաև
Նրանից տեղեկացանք, որ այս պահին Ոսկեպարի դպրոցն ունի 64 աշակերտ, 11 երեխա էլ նախակրթարանում է: Այս տարի 5 շրջանավարտ ունեն, սեպտեմբերին 11 երեխա առաջին դասարան կգնա:
Պարզեցինք, որ մանկավարժների առումով խնդիրներ ունեն: «Մեզ մոտ մասնագետների խնդիրը մի քիչ բարդ է, եթե ուրիշ գյուղերում մրցակցություն կա, մեզ մոտ ընդհակառակը` մենք ենք խնդրում, որ ուսուցիչները գան մեր դպրոցում աշխատեն»,-ասում է տնօրենը: Պատճառն էլ, ըստ նրա` սահմանին մոտ գտնվելու վտանգավորությունն է:
Հարություն Ալավերդյանն ասում է, որ 90 թվականին առաջին կրակն իրենց վրա են զգացել, տասնյակ զոհեր են տվել, հետագայում եւս գնդակոծություններից տուժել է դպրոցի շենքը, անգամ հսկա ծառեր են ջարդվել գնդակոծությունից, հիմա քիչ թե շատ կարգի են բերել դպրոցի շենքը:
Ոսկեպարում է գտնվում 6-7-րդ դդ հիմնադրված Սուրբ Աստվածածին եկեղեցին, նրա հարեւանությամբ դիտարկվող տարածք է, ականապատված է ու վտանգավոր: Եկեղեցին գործող է: Իջևան տանող ճանապարհի եզրին է գտնվում մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի Շաքարաբերդ ամրոցը։ Գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվում է 10-րդ դարի Զորակամուրջ ամրոցը ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ