ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հեղինակած՝ 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածներին կառավարության աջակցության տրամադրման մասին օրինագիծը: Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց, որ օրինագծում փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ զոհերի ընտանիքներից զատ, գործադիրի աջակցությունից կարող են օգտվել միայն այն անձինք, որոնք ծառայողական պարտականությունները կատարելիս վնասվածքներ են ստացել, բայց այդ գործողությունների արդյունքում իրենց հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը հետագայում դադարեցվել է արդարացման հիմքով: «Այսինքն, եթե որոշ ոստիկաններ տուժել են, բայց կատարել են հակաօրինական գործողություն, աջակցություն չեն ստանա»,-հայտնեց Սիսակ Գաբրիելյանը:
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը շեշտեց. «Մարտի մեկի զոհերի ծնողները քննարկումների արդյունքում ասել են, որ դեմ են, որպեսզի աջակցություն ցուցաբերվի ոստիկաններին: Եթե ցանկանում ենք այս նախաձեռնությունը տեղավորել, ինչպես տիկին Նազարյանն է ասել, անցումային արդարադատության համատեքստում, ապա հանրային համերաշխության պայմանը պետք է հաշվի առնել: Չենք կարող ընդունել մի օրինագիծ, որը զոհերի հարազատների համար անընդունելի է եւ մերժելի այս տեսքով: Պետք է խոսել մարդկանց հետ, նոր հարցին անդրադառնալ»:
Սիսակ Գաբրիելյանը պարզաբանեց. «Այդ մտահոգության փարատման համար փորձել ենք լավագույն տարբերակը գտնել: Արդեն նշեցի, թե որ ոստիկաններն աջակցություն չեն ստանա: Եթե հետագայում դատարաններն արդարացնեն նրանց, աջակցություն կստանան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ