«Ինձ զարմացնում է քամահրանքը, որով ասում եք՝ «Մի քանի հազար դրամ է, դա ժեստ չէ», եւ այլն: Հարգելիներս, եթե լինեիք սահմանամերձ գյուղերում, կտեսնեիք, որ մարդկանց ձեռքին հազար դրամ չկա, բնամթերթը փոխարինելով են ապրում»,-ԱԺ ամբիոնից այսօր դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում ԲՀԿ հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է բնական աղետներից՝ կարկուտից, ցրտահարությունից եւ երաշտից բերքի 50%-ի վնաս կրած գյուղացիներին ազատել հողահարկից:
«Այդ մի քանի հազար դրամը նրանց համար ելք է իրավիճակից: Ինձ մոտ տպավորություն է, որ վատագույն ավանդույթները շարունակվում են: Մենք ծայրահեղ իրավիճակին ենք լուծում տալիս, իսկ դուք ասում եք, թե գլոբալ օրինագիծ եք բերելու: Պետք չէ մեզ տնտեսագիտություն սովորեցնել: Գյուղացին պետք է զգա, որ իր թիկունքում պետություն է: Ազգային անվտանգությունից ելնելով՝ չեմ թվարկի, թե քանի գյուղ կա, որտեղ երկու-երեք ընտանիք է ապրում: Իսկ նման նախագծերով կարող ենք ցույց տալ, որ մի քանի հազար դրամ փոխհատուցմամբ՝ պետությունը կանգնած է գյուղացու թիկունքին»:
Ապա նկատի ունենալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի դիտարկումը, թե տարեկան հողահարկից ազատումը կազմում է մի քանի հազար դրամ, եւ դա նշանակալի ժեստ չէ, Նաիրա Զոհրաբյանը շեշտեց. «Գուցե ձեր համար մի քանի հազար դրամը ժեստ է, բայց մտածեք այն մասին, որ շատ գյուղացիների համար տարեկան տասը հազար դրամի փոխհատուցում ստանալն օգնություն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ