Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանը կորցնի այս հնարավորությունը, նորից կհայտնվի «բրեժնեւյան ժամանակաշրջանում»

Հունիս 03,2019 12:00

«Առայժմ, իմ բոլոր զրույցներում հայաստանյան, լեհ եւ այլ երկրներից գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներով, տեղեկանում եմ, որ կան կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներ, բայց դեռ իրենք չեն նկատել, որ Հայաստանում կոռուպցիան հաղթահարված է: Որոշներն ինձ այսպես են բացատրում. օլիգարխները ոչ թե կորցրել են իշխանությունը, այլ չկան այն նախկին մարդիկ, որոնց նրանք գումար էին «մուծվում», այդ մարդիկ են փոխվել: Օլիգարխները դեռեւս իրենց տնտեսական իշխանությունը պահպանում են»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկին:

– Պարոն Նովակովսկի, Դուք` լինելով ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպանը, լավածանոթ եք հայաստանյան վերջին տարիների զարգացումներին: Ձեր դիտարկումներով` ի՞նչ նոր հեռանկարներ են բացվել Հայաստանի համար` անցած տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, ի՞նչ է փոխվել մեր երկրում:

– Ես կարծում եմ՝ շատ բան է փոխվել, ամեն ինչն է փոխվել. Հայաստանն այսօր ունի իշխանություն, որը ժողովրդավարական ճանապարհով է եկել իշխանության, որը բարձր լեգիտիմություն ունի: Դա իշխանություն է, որը հնարավորություն ունի մշտապես հենվելու Հայաստանի միլիոնավոր քաղաքացիների վստահության վրա, այդ քաղաքացիները սատարում են Հայաստանի նոր իշխանությանը` իր գործողություններում: Դա իշխանություն է, որը հույս ներշնչեց ՀՀ-ի շարքային քաղաքացուն: Ես կարող եմ Հայաստանում տեղի ունեցածը համեմատել այն իրավիճակի հետ, որը ստեղծվեց Լեհաստանում, «Սոլիդարնոստիի» ստեղծումից հետո: Դա այնպիսի իմպուլս էր, որ հասարակության մոտ հույս առաջացավ, հույս, որ ամեն ինչ լավ կլինի:

Բայց` լավ կլինի՞, դա հարց է: Օրինակ, Հայաստանի պարագայում, հարցը հետեւյալն է` ինչպե՞ս կօգտագործվի հնարավորությունների այն պատուհանը, որը բացվել է: Դա վերաբերում է քաղաքականությանը. ինչպե՞ս կօգտագործվեն այդ ժամանակն ու հնարավորությունները: Հայաստանը, ցավոք, արդեն այդ ժամանակից եւ հնարավորությունից կորցրել է: Այժմ շատերի ուշադրությունն է կենտրոնացած Հայաստանի վրա, որտեղ, ի տարբերություն Հայաստանի մյուս հարեւանների, ժողովրդավարության ամրապնդման, տնտեսության ազատականացման, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներ են զարգանում: Բայց էնտուզիազմի առաջին ալիքից հետո, գործընթացները կարծես բավական դանդաղեցին: Կա դատաիրավական համակարգի հարցը, կա նաեւ Հայաստանի հասարակական կյանքում ընդդիմության տեղի ու դերի հարցը, որովհետեւ ժողովրդավարությունը միայն մեծամասնության հաղթանակը չէ, այլ քաղաքական բազմակարծության հնարավորությունը:

– Բայց Հայաստանի նոր իշխանություններն ասում են, որ պատերազմ են հայտարարել կոռուպցիային, նախկին դատական համակարգին, որոնք սատարում են նախկին համակարգի ներկայացուցիչներին կամ վայելում են նրանց ազդեցությունը:

– Դեռ խորհրդային տարիներին մեզ մոտ մի այսպիսի հումոր կար. քանի մենք պայքարում ենք խաղաղության համար, խաղաղություն երբեք չի լինելու: Ասել է թե` ոչ թե պետք է հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այլ դա պետք է անել: Գուցե ավելի ճիշտ եւ արդյունավետ է չհայտարարելը, այլ լռելյայն անել այն, ինչ պետք է: Առայժմ, իմ բոլոր զրույցներում հայաստանյան, լեհ եւ այլ երկրներից գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներով, տեղեկանում եմ, որ կան կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներ, բայց դեռ իրենք չեն նկատել, որ Հայաստանում կոռուպցիան հաղթահարված է: Որոշներն ինձ այսպես են բացատրում. օլիգարխները ոչ թե կորցրել են իշխանությունը, այլ չկան այն նախկին մարդիկ, որոնց նրանք գումար էին «մուծվում», այդ մարդիկ են փոխվել: Օլիգարխները դեռեւս իրենց տնտեսական իշխանությունը պահպանում են:

Ես հասկանում եմ, որ այդ ամենը շատ բարդ է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը մեծ չէ, բայց եթե երկու-երկուսուկես տարիների ընթացքում Հայաստանում էական փոփոխություններ չեղան, կստացվի, որ Հայաստանը կորցրել է իր հնարավորությունը եւ նորից կվերադառնա հետխորհրդային երկրների մոխրագույն տարածք: Հիմա դեռ կա էնտուզիազմը: Օրինակ, վերջերս ես ընթերցում էի «Նոր Արեւելյան Եվրոպա» եռամսյակը մեկ լույս տեսնող պարբերականի վերջին համարը եւ այնտեղ գտա Հայաստանի մասին հինգ հոդված. նախկինում մեկ հոդված էր լինում` երկու-երեք համարներում: Հիմա հետաքրքրություն կա Եվրոպայում` Հայաստանի նկատմամբ, երբ մենք քննարկում ենք Հայաստանի հետ կամ Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ հարաբերությունները խորացնելու հարցը: Ընդհանուր հետաքրքրությունը հիմնված է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության վրա: Բայց, եթե Հայաստանը կորցնի այս հնարավորությունը, նորից կհայտնվի «բրեժնեւյան ժամանակաշրջանում»:

Ժամանակ, ժամանակ, ժամանակ. սա քաղաքականության ամենամեծ ճահիճն է եւ բոլոր քաղաքական գործիչներն ամեն օր դա պետք է գիտակցեն, դրանից պետք է զգուշանան:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատարանների ելքերն ու մուտքերը փակելու մասին կոչը, որին հետեւեցին դատաիրավական բարեփոխումներ սկսելու, անցումային արդարադատության ներդրման եւ դատավորների վեթթինգի մասին հայտարարությունները: Միջազգային հանրությունը կարծես հիմնականում սատարեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը:

– Չէի ասի, որ ամբողջությամբ սատարեցին, քանի որ միջազգային բոլոր կառուցներից հնչած արձագանքներում ընդգծվում էր, որ դատաիրավական բարեփոխումները պետք է արվեն Սահմանադրության, օրենքների եւ իրավունքի գերակայության հիման վրա: Շատերի համար Նիկոլ Փաշինյանի այդ քայլը շոկային էր, այդ թվում՝ Հայաստանի հարեւան Թուրքիայի համար: Եվրոպայում դատական իշխանության ինքնուրույնությունը ամենաակնհայտ ցուցանիշն է ժողովրդավարության մակարդակում: Նիկոլ Փաշինյանի այդ կոչը եվրոպական տարբեր լիդերների կողմից մեծ թերահավատությամբ ընկալվեց եւ ընդունվեց: Օրինակ, տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանն այդքան էլ լավ չի պատկերացնոմ իր դերակատարումը: Նա այլեւս հեղափոխական գործիչ չէ, որ մարդկանց բարիկադների կոչ անի: Նա երկրի, կառավարության գլուխն է, նա պետք է օգտագործի բոլոր սահմանադրական հնարավորությունները` բարեփոխումներ իրականացնելու համար: Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում մեծամասնություն ունի. ինչո՞ւ դատարանների ելումուտը փակելու կոչեր անել, եթե կարելի է խորհրդարանում ընդունել համապատասխան օրենքներ, որոնցով հնարավոր կլինի դատարանների բարեփոխումներ իրականացնել: Նիկոլ Փաշինյանն ունի սահմանադրական մեծամասնություն եւ կարող է անել ցանկացած քայլ` օրենքի շրջանակում: Եթե վարչապետը չի գիտակցում, որ ինքը վարչապետ է, ոչ թե ընդդիմության լիդեր, ապա դրան լավատեսական մեկնաբանություններ տալ հնարավոր չէ:

– Հայաստանի նոր իշխանություններն ակնկալում են մեծ եւ լայնածավալ ներդրումների ներգրավում մեր երկիր` նկատի ունենալով հեղափոխությունը եւ դրանից ակնկալվող դրական արդյունքները, բայց այն իրավիճակը, որը Դուք նկարագրեցիք, հնարավորություն տալի՞ս է ներդրումների ներգրավման համար:

– Այստեղ ես կրկին պետք է Լեհաստանի օրինակի հետ զուգահեռներ տանեմ: Երբ մենք պայքարում էինք Լեհաստան լուրջ ներդրումների ներգրավման համար, առաջին նախապայմանը ազատ տնտեսական զարգացման երաշխիքներն էին, այդ թվում՝ անկախ դատարանների գոյությունը: Երկրորդ նախապայմանը` համակարգի կայունությունն էր, այդ թվում մաքսատուրքի կայունության երաշխիքները: Երրորդը` կոռուպցիայի մակարդակի հնարավորինս նվազեցումը, քանի որ լուրջ ներդրողները կոռումպացված երկրների նկատմամբ հետաքրքրություններ չեն ցուցաբերում: Օրինակ, Ռուսաստանում եւ Ուկրաինայում դեռ շատերը չեն համարձակվում ներդրումներ անել, քանի որ կա կոռուպցիայի որոշակի մակարդակ, մինչեւ դա չհաղթահարվի, ներդրողները հետաքրքրություններ չեն ցուցաբերի: ՌԴ-ում, ի դեպ, կոռուպցիան ավելի համակարգային բնույթի է: Չորրորդը, որը նույնպես շատ կարեւոր է, այսպես ասած, տվյալ երկրի PR նկարագիրն է աշխարհում: Ես հիշում եմ, որ շատ տարիներ առաջ, Լեհաստանի վարչապետի հետ մեկնեցինք ԱՄՆ, Տեխաս նահանգ, այդ ժամանակ ես աշխատում էի Լեհաստանի կառավարությունում, այնտեղ հանդիպումներ ունեցանք գազային եւ նավթային առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ. նստած էին ամերիկյան կովբոյի հագուստներով եւ գլխարկներով մարդիկ եւ մենք սկսեցինք պատմել Լեհաստանի մասին, որ ունենք բնական գազ, որ Լեհաստանը այսպիսի-այսպիսի երկիր է, եւ այլն: Ամենախոշոր նավթային ընկերություններից մեկի ղեկավարը լսեց, լսեց, հետո ասաց` ես չգիտեի, որ ձեր երկրում ինչ-որ բան կա, ես կարծում էի, որ Լեհաստանը Ռուսաստանի հարավում գտնվող մի տարածք է ընդամենը: Մինչ օրս ընկերությունը բավական լուրջ ներդրումներ է արել Լեհաստանում եւ բավական լուրջ ծրագրեր դեռ ունի: Այնպես որ, PR-ն էլ կարեւորագույն տարր է: Եվ վերջապես, շատ կարեւոր է, որ Հայաստանն ամրապնդի իր հեռանկարն իբրեւ երկրի, որը դասվում է, այսպես ասած, արեւմտյան արժեհամակարգ ունեցող երկրների շարքում: Կարեւոր է, որ Հայաստանին ընկալեն իբրեւ արեւմտյան արժեհամակարգ կրող երկրի, քանի որ Եվրոպայում շատ-շատերը չգիտեն, թե որտե՞ղ է գտնվում Հայաստանը: Որ կա, գոյություն ունի, միգուցե գիտեն, բայց եթե մարդը պետք է իր գումարները ներդնի այդ երկրում, պետք է իմանա, թե ի՞նչ երկիր է Հայաստանը, որ այնտեղ, այսպես ասած, վայրի մարդիկ չեն բնակվում, որոնք մոնղոլ-թաթարներին են նման: Եվ այդ հարցը չի լուծվում միայն անգլերեն, ֆրանսերեն կամ մեկ այլ եվրոպական երկրի լեզվով լավ խոսելով: Այդ հարցի կարգավորումը հստակ ցուցիչներ է պահանջում, ներդրողներին կոնկրետ գործողություններ են պետք: Առայժմ, ցավոք, այս մասով այդքան էլ լավ իրավիճակ չէ Հայաստանում:

– Ձեր կարծիքով՝ խանգարո՞ւմ է Հայաստանի` ԵԱՏՄ անդամ լինելը ԵՄ-ի հետ համագործակցություններին:

– Այո, խանգարում է: Խանգարում է, քանի որ դա նշանակում է կրկնակի ստանդարտների կիրառում: Երբ Լեհաստանում խորհրդային համակարգ էր, մեզ մոտ էլ, կոպիտ ասած, երկու համակարգ էր գործում` «սովետական գոստ» եւ եվրոպական- գերմանական ստանդարտ. հնարավոր չէր լինում Արեւմուտքում ինչ-որ բան վաճառել, եթե այն չէր համընկնում իրենց չափանիշներին: Ես հասկանում եմ, թե ինչո՞ւ Հայաստանը մտավ ԵԱՏՄ, բայց դանդաղ, սուս ու փուս պետք է ընդունել-կիրառել արեւմտյան չափանիշները, արեւմտյան տնտեսական մոդելը: Այժմ Հայաստանում ներդրումներ են կատարում դրսի հայերը, որոնց կարողությունները սահմանափակ են, բայց Հայաստանին լուրջ ներդրումներ են պետք, որպեսզի նորագույն տեխնոլոգիաները զարգանան: Առանց Արեւմուտքի, դա ոչ ոք չի անի:

– Հայաստանի հետհեղափոխական շրջանում տեսնո՞ւմ եք քայլեր, որ Հայաստանը ցանկանում է, կոպիտ ասած, դուրս գալ ՌԴ-ի իշխանության տակից, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ՀՀ նոր իշխանությունները հայտարարեցին` երկրի արտաքին քաղաքականությունը փոփոխությունների չի ենթարկվելու:

– Ես այսպես կբնութագրեմ` երկու քայլ առաջ, մեկ քայլ ետ, մեկ քայլ առաջ, մեկ քայլ ետ: Բոլորը կարծում են, որ Հայաստանը կամաց-կամաց գնում է ճիշտ ուղղությամբ, բայց շատ դանդաղ է գնում: Կրկնեմ`քաղաքականության ամենամեծ ճահիճը ժամանակն է:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

01.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930