Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 8․30-ին աշխատանքի ներկայացած Գյումրու «Սաստեքս» կարի գործարանի աշխատակիցներին ղեկավարությունը ներս չի թողնում։ Ուրբաթօրյա ժողովից հետո, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատակիցների հետ երկուշաբթի աշխատանքները նորմալ վերսկսելու, հերթով զանգահարել են նրանց ու նախազգուշացրել, որ չգան աշխատանքի։ Աշխատակիցներն այդուհանդերձ եկել են՝ հասկանալու, թե ինչն է պատճառը նման հրահանգի։ Aravot.am-ի հետ զրույցում նրանք ասացին, որ իրենց ներս չեն թողնում՝ նշելով, որ նոր պայմանագրեր պիտի կնքվեն։
Մինչդեռ, ըստ աշխատակիցների, իրենց կնքած պայմանագիրը մեկ տարվա է, և որ պայմանագիրը փոխելով՝ գործարանի ղեկավարությունն ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձը չվճարելու։
«Ասում են մինչև հինգշաբթի նոր պայմանագիր պետք է կազմեն, ում ձեռնտու է, ով համաձայն է այդ պայմանագիր հետ, թող ստորագրի, մնա աշխատանքի, ով չէ, դրսի դռները բաց են, թող գնա։ Եվ իբր Քրիստիանը (խոսքը սեփականատիրոջ մասին է Ա․Ն․) պիտի հանդիպի Նիկոլ Փաշինյանի, բայց գիտենք, որ Քրիստիանը Լեհաստան է գնացել։ Պատերի տակ, արևի տակ նստած՝ սպասում ենք, գոնե մարզպետարանից մեկը գա, տեսնենք ինչ պետք է լինի։ Եկել, կռվում են, թե ինչի՞ եք եկել, լավ ենք արել, եկել ենք, մենք մեր իրավունքների համար պիտի պայքարենք։ Հիմա վարպետ տեխնոլոգներին ներս տարան, թե ինչ ժողով են անում, չգիտենք»,-դժգոհեցին աշխատակիցները։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մի քանի օր է այստեղ բողոքի ցույց է, աշխատակիցները դժգոհում են, որ սփյուռքահայ սեփականատեր Քրիստիան Գելիջին իրենց հետ վարվում է այնպես, ինչպես ստրուկի․ անմարդկային պայմաններում անխնա աշխատեցնելով՝ ապրիլ ամսվա աշխատանքի դիմաց 55 հազար դրամի փոխարեն վճարել է 12 հազար, 22 հազար, 36 հազար դրամ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ