Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննիչն ինձ ասել է՝ քանի որ 2016-ի ապրիլին պատերազմ է եղել, հրաման է եղել զինծառայողներին չկալանավորել»

Հունիս 03,2019 11:30

Այսպիսի պատասխան են տվել դեռ մարտին սպանված կամ ինքնասպանության դրդած զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցչին

«Իմ տղան ինքնասպան չի եղել, նրան սպանել են». արդեն 3 տարի է Լալա Ղազարյանը դատարանում փորձում է ապացուցել, որ իր որդին՝ Կամո Մարտիրոսյանը զինծառայության ընթացքում ինքնասպան չի եղել:
Մայրը վստահ է՝ որդին որեւէ պատճառ չի ունեցել ինքնասպանության: «Մեկ ամսվա զինվոր էր՝ պատվոգիր էր ստացել, դասական ըմբշամարտով է զբաղվել, միշտ ասում էր՝ մամ ջան, ամեն ինչ լավ է, իմացի, որ որդիդ պոստեր ա պահում, ուրեմն կարող ես հանգիստ քնել: 2015 թվականից 1 տարի 2 ամիս ծառայել է, ոչ մի օր չի դժգոհել: Շատ լավ որդի եմ ունեցել, երբեք չեմ ամաչել նրա համար: Դեպքից մի քանի օր առաջ էլ զանգել էր, ուրախ էր, մարտի 8-ը շնորհավորեց: Դեպքից 2 ամիս առաջ էլ Զինուժով էին ցույց տվել՝ որպես կարգապահ զինվոր»,-«Առավոտ»-ի հետ զրույցում պատմում է Լալա Ղազարյանը:

2016 թվականի մարտի 14-ին 19-ամյա զինծառայող Կամո Մարտիրոսյանը Տավուշի մարզի «Քարհանք» մարտական հենակետում, ըստ նախաքննական մարմնի, ինքնասպանություն է գործել: Դատարանում Լալա Ղազարյանի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Հայրապետյանն ասում է՝ նախաքննական մարմինը թույլ է տվել մի շարք իրավախախտումներ եւ գործում կարեւոր հանգամանքներ չի ներառել:

Մեզ հետ զրույցում իրավաբանն ասում է՝ «Նախ դիակը տեղաշարժվել է մինչեւ իրավապահների գալը: Կամո Մարտիրոսյանի մահից 40 րոպե հետո նրա հեռախոսով մտել են սոցցանցի նրա էջ ու ջնջել բոլոր հաղորդագրությունները: Այդ հեռախոսը, որպես իրեղեն ապացույց, պետք է կցվեր քրեական գործին, բայց չեն կցել, տվել են մորը: Մինչդեռ, հեռախոսը պետք է զննվեր եւ պարզվեր՝ ի՞նչ սոցցանցերից է օգտվել Կամոն, ինչ հաղորդագրություններով փոխանակվել եւ այլն»:

Իրավաբանը վստահեցնում է՝ քրեական գործի շրջանակներում 8 վկա է հարցաքննվել, եւ հակասական ցուցմունքներ են տվել դիակի գտնվելու վայրի եւ դիրքի մասին. «5 մեղադրյալ ներգրավվում են որպես ինքնասպանության դրդող: Նախաքննության մարմնին հարցրել եմ՝ ինչո՞ւ խափանման միջոց կալանավորումը չի կիրառվել: Ինձ քննիչը պատասխանել է՝ քանի որ 2016-ի ապրիլին պատերազմ է եղել, հրաման է եղել զինծառայողներին չկալանավորել: Քննիչին հարցնում եմ՝ ի՞նչ գիտեին որ 20 օր հետո պատերազմ պիտի լինի: Պատասխան չկա»:

Արմեն Հայրապետյանի պատմելով՝ Կամո Մարտիրոսյանին ամրակցված հրազենը եղել է՝ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ եւ այն եղել է ավտոմատ ռեժիմի վրա, եղել է մեկ կրակոց, պարկուճը չեն կարողանում գտնել, ասում են՝ կորել է:

«Նախաքննությամբ ապացուցված է՝ Կամո Մարտիրոսյանի նկատմամբ սպառնալիքներ են եղել, ծեծուջարդ, նրան ստորացրել են, նվաստացրել են արժանապատվությունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ քրեական գործերում առկա է կոռուպցիա՝ սկսած քննիչից, վերջացրած՝ կայազորի դատախազից: Կամոն «բլոկնոտ է» ունեցել, դրա բոլոր գրառումները ջնջված են: Երբ ես միջնորդել եմ քրեական գործի նյութերի շրջանակներում «բլոկնոտն» ուղարկել դատաձեռագրաբանական փորձաքննության, եւ երբ սպասում էի միջնորդության պատասխանին, եթե մերժվեր՝ իրավունք ունենայի բողոքարկելու քննիչի գործողությունները, բայց առանց միջնորդության մերժումը մեզ ուղարկելու, գործն ուղարկում են դատարան»,-ասում է իրավաբանը:

Բացի այս, Հայրապետյանը պատմում է, որ կան նկարներ, որոնք դիահերձարանում են կատարվել, պարզ երեւում է՝ կան այնպիսի վնասվածքներ, որոնք չափազանց անհամապատասխան են ինքնասպանության վնասվածքների հետ, որովհետեւ կան մարմնի տարբեր հատվածներում կոտրվածքներ, խոշտանգման հետքեր: Դիակի նկարահանումն էլ կատարվել է բավականին հեռավորության վրա, մոտիկից չեն նկարել, այդպես է նպատակահարմար է գտել քննիչը:

Իրավաբանն ասում է՝ երբ գործում ներգրավվում է այլ դատախազ, գործով 2 մեղադրյալների քրեական գործի վաղեմության ժամկետի պատճառաբանությամբ գործերը կարճել է. «Եվ սա այն դեպքում, երբ գործը գնում է դատաքննության փուլ, ու վկաների կեսը դեռ չէին հարցաքննվել: Ես դատարանում հայտարարել եմ՝ հարգելիներս, իսկ գուցե վկաներից մեկն ասում է՝ այս մարդիկ են սպանել, ինչպե՞ս եք ապահովելու նրանց՝ Հայաստանից դուրս գալու դեպքում հետ վերադարձը: Ասում են՝ դա մեր դիրքորոշումն է»:

Իրավաբանը առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է, Վերաքննիչ դատարանը բավարարել է եւ գործը նորից ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Արմեն Հայրապետյանն ասում է՝ դատարանն առաջին դատական նիստ է նշանակել եւ առանց տուժողի իրավահաջորդի եւ նրա իրավաբանի ներկայության՝ լսել են վկաներին:

Իրավաբանը մեզ հետ զրույցում պարբերաբար հայտարարում էր՝ այս գործում կա կոռուպցիոն գործարք. «Կրկնում եմ եւ պնդում եմ՝ առաջին մեղավորը կայազորի դատախազն է, որը, հայտարարում եմ՝ կոռուպցիոն գործարքի է գնացել: Նա պետք է ապահովեր օբյեկտիվ քննություն, հաշվի առնեին մեր միջնորդությունները: Ասենք՝ հանգուցյալի հագուստը փորձաքննության չեն ենթարկել, պատճառաբանել են, թե՝ թաց է, չենք արել: Բայց պետք է անեին: Կամոյից պարբերաբար գումար են պահանջել, նրա մայրը բանկով փոխանցում է կատարել ոչ թե Կամոյի անունով, այլ մի մարդու, որը գումարը պահանջողների ծանոթն էր: Նախաքննության մարմնում այս մասին նշել ենք: Բայց մեզ պատասխանել են՝ դե, հիմա ինքնասպան է եղել, համակերպվեք: Ես պնդում եմ՝ միանշանակ, տվյալ զորամասում եղել են բազմաթիվ մահեր, մեծ մասը ինքնասպանություններ»:

Արմեն Հայրապետյանը հայտարարում է՝ ամեն կերպ փորձ է արվում գործը կոծկել եւ տանել այնպիսի ուղղությամբ, որպեսզի կոծկվեն սպանության հանգամանքները:

«Մենք հակված ենք այն մտքին, որ Կամո Մարտիրոսյանին սպանել են, որին մասնակցել են Նասլեդ Բագրատունին եւ Հայկ Ղարիբյանը: Բացի այդ, այս քրեական գործի նախաքննությունն իրականացվել է քրեական դատավարության նորմերի կոպիտ խախտումներով: Իսկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումներով հնարավորություն է ստեղծվում Նասլեդ Բագրատունուն եւ Հայկ Ղարիբյանին լքել Հայաստանի Հանրապետության տարածքը»,-ասում է իրավաբանը, որը նաեւ նույն բանը վերաքննիչ բողոքում է նշել:

Հիմա, թեեւ վերաքննիչ բողոքը բավարարվել է, բայց Կամո Մարտիրոսյանի մայրը՝ Լալա Ղազարյանն ասում է՝ չի հավատում արդար դատավարությանը, բայց էլի, մինչեւ վերջ գնալու է. «Ավագ որդիս խաղապահ էր, շատ լավ է ծառայել, բայց անօրինությունների պատճառով լքել է Հայաստանը: Կրտսեր որդիս էլ շուտով կզորակոչվի բանակ, չեմ թողնելու գնա, չեմ թողնելու, ես տղա չունեմ տալու դրանց»:

Ղազարյանների ընտանիքն ապրում է Էջմիածնում, ամուսինը հաշմանդամություն ունի, սոցիալական ծանր բեռը տիկին Լալայի վրա է, ասում է՝ 3 տարի է սպանված որդու գործով Տավուշի մարզի դատարան հասնելն իր ընտանիքի համար մեծ ծախս է, բայց դատարանն անգամ նախապես չի էլ զգուշացնում, որ այդ օրը նիստ չի լինելու, հետաձգվելու է: Իրավաբանն էլ ավելացնում է. «14 դատական նիստի համար հասել ենք Տավուշ՝ նիստը չի կայացել: Վստահ եմ՝ հակված են քրեական գործը այնպես անեն, շուտ ավարտվի ու մեղադրյալներին ազատ արձակեն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930