Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի քանի հազար դրամի պատմություն է». Լուսինե Բադալյանը՝ ԲՀԿ-ի օրինագծի մասին

Հունիս 03,2019 10:56

Ազգային ժողովն այսօր քննարկում է ԲՀԿ հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է բնական աղետներից՝ կարկուտից, ցրտահարությունից եւ երաշտից բերքի 50%-ի վնաս կրած գյուղացիներին հողահարկից ազատել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն օրինագծի վերաբերյալ մտահոգություն հայտնեց. «Շատ լավ է հնչում հողահարկից ազատումը, բայց երբ հարցը թվերի են վերածում, մի քանի հազար դրամի պատմություն է: Ավելի լուրջ ժեստերի կարիք կա, օրինակ՝ բերքի ապահովագրություն, որի պիլոտային ծրագիրը մեկնարկել է, թեեւ կատարելագործման կարիք ունի: Գյուղացիներն իրենց կյանքը տալիս են հողին եւ վարուցանքին, բայց դրա համար աշխատանքային փորձ չեն ստանում: Այս առումով պետք է մտածել գյուղացուն օգնել»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն էլ նկատեց. «Տարեկան 10 կամ 15 000 դրամ հողահարկից գյուղացուն ազատելն առանձնակի օգնություն չէ նրան: «Նշյալ պիլոտային ծրագիրն այս տարի կիրականացվի երկու մարզում: Բերքն ապահովագրելով՝ եկամուտների կորուստն ենք ապահովագրում, որն էական օգնություն կլինի գյուղացիների համար»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն էլ հայտարարեց. «Մեր գործընկերներն անընդհատ ասում են, թե մենք ոնց ենք 50% վնասը հաշվարկելու: Շատ հեշտ: Բա նախկինում Կառավարությունը վնասները փոխհատուցելիս ո՞նց էր հաշվարկում»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելեց. «Ապահովագրեք, նաեւ՝ հողահարկից ազատեք: Մեկը մյուսին չի խանգարում: Գյուղացին պետք է պետության քայլերը զգա, իմանա, որ իր մեջքին պետությունը կանգնած է: Մարդիկ վարկերի տակ են ու արտագաղթում են, ուստի սա քաղաքական նշանակության օրինագիծ է, հետո՝ տնտեսական հաշվարկ»:

Նախագծի համահեղինակ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին «Իմ քայլի» պատգամավորների գնահատականները չգոհացրին. «Այնպիսի հեգնանքով եք ասում՝ «մի քանի հազար դրամ»…Դա բեռ է, եկամուտ չունեցող մարդու համար դժվար է դա վճարել: Գիտե՞ք, որ այդ մի քանի հազար դրամի պատճառով, որոնք չեն վճարվել վարկի սպառման համար, բազմաթիվ գյուղացիներ այսօր դատարանների առաջ են: Գյուղ կա՝ կեսը վարկի տակ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930