Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճևան համայնքին պատկանող հողատարածքները կեղծ աճուրդների կազմակերպմամբ օտարելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Հունիս 03,2019 10:51

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները ձևական աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 4 անձի:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ի մասով հարուցվել էր քրեական գործ՝ Սյունիքի մարզի Կարճևան համայնքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքներն աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ։

Նշված քրեական գործով նախաքննությունը 2019 թվականի փետրվարի 20-ից շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի ղեկավարը համայնքի տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մտադրություն ունեցող՝ ՀՀ իշխանությունների անունից հանդես եկած անձի ցանկությունն ամեն գնով կատարելու նպատակով, հանդիսանալով համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքների օտարման աճուրդի կազմակերպիչ, առանց հրապարակային սակարկությունների վերաբերյալ օրենսդրական պահանջները պահպանելու և փաստացի աճուրդ կազմակերպելու, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի միջոցով կազմել և 2014թ. օգոստոսի 5-ին աճուրդի մասնակիցներ հանդիսացող ընկերության ներկայացուցչին և աճուրդը կայացված համարելու համար աճուրդին որպես երկրորդ անձ ձևականորեն մասնակցող անձի ստորագրմանն է ներկայացրել աճուրդին մասնակցելու վերաբերյալ կեղծ հայտեր, հողամասն աճուրդով վաճառելու մասին արձանագրություններ: Արդյունքում «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ՝ առանց փաստացի աճուրդ կազմակերպելու, դրա արդյունքների վերաբերյալ կազմվել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք հանձնելու միջոցով ՓԲԸ-ին օտարվել է շուրջ 32 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր։

Քննչական, օպերատիվ-հետախուզական բազմածավալ գործողությունների, դրանց նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել Կարճևան համայնքի նախկին ղեկավարին և քարտուղարին՝ 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև աճուրդի մասնակից ընկերության ներկայացուցչին և աճուրդին որպես երկրորդ անձ ձևականորեն մասնակցող անձին:

Ելնելով այն հանգամանքից, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է վերոգրյալ հողատարածքներն ապօրինի օտարվելու հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ սահմանված կարգով հիշյալ աճուրդների արդյունքներն առոչինչ ճանաչելու գործընթաց սկսելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930