Լրահոս
Օրվա լրահոսը

Սունդուկյանցիների նախկին ռեժիսորի գործով դատարանը կհրավիրի մասնագետ

Հունիս 03,2019 10:30

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-Դավիթաշեն նստավայրում, դատավոր Հ. Շահնազարյանի նախագահությամբ, շարունակվեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանի հայցի գործով նախնական դատական նիստը: Նախկին ռեժիսորը դիմել է դատարան՝ պահանջում է տնօրենի անցյալ տարվա դեկտեմբերի 27-ի 183-Ա հրամանն անվավեր ճանաչել, վերականգնել իրեն նախկին պաշտոնում, դրա անհնարինության դեպքում մասնագիտական պատրաստվածությանը համապատասխան այլ պաշտոնում նշանակել, աշխատանքում չվերականգնելու դեպքում պարտավորեցնել թատրոնին հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար վճարել միջին աշխատավարձի չափով, մինչեւ դատարանի կողմից վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Սունդուկյանցիների իրավաբան Արմինե Մելքոնյանը մինչ երեկ դատարան էր ներկայացրել մի շարք ապացույցներ, մասնավորապես, թատրոնի հաստիքացուցակի կառուցվածքի պատճենները, ՊՈԱԿ-ի կանոնադրության, անցյալ տարվա դեկտեմբերի 27-ի տնօրենի հրամանի, մեկ օր հետո կայացրած ազատման հրամանի եւ ծանուցման պատճենները: Եվ քանի որ ապացուցման բեռը նախորդ նիստում դրվել էր պատասխանող կողմի վրա, հետեւաբար, դատարան ներկայացվեցին անցյալ տարվա հունիսի պաշտոնի անձնագրերը, հաստիքների վերաբերյալ տեղեկանք, ինչ հաստիքներ կան այս տարվա դրությամբ: Պարզվեց՝ ազատ հաստիք չկա: Աշխատողների թիվն էլ 174 է: Պատասխանող կողմն իր պատասխանում տեղեկացրել էր, որ թատրոնի նախկին հաստիքացուցակում եղել է մեկ՝ ռեժիսորի հաստիք. «Պետության կողմից տրամադրվող աշխատողների աշխատավարձերը թատրոնի կողմից արդյունավետ օգտագործելու համար թատրոնը ստիպված էր կատարել համապատասխան կրճատումներ, որոնց թվում էր նաեւ ռեժիսորի հաստիքի կրճատումը»:

Մեկ այլ տեղեկանք էլ թատրոնից ազատված Տիգրան Գասպարյանի որդու մասին էր, որ նա աշխատում է մինչ օրս Մայր թատրոնում, անգամ ստացել է «Արտավազդ» մրցանակ, պարգեւավճարներ:

Երբ հայցվոր կողմի իրավաբանը՝ Մարիամ Վարդանյանը հարցրեց, ի՞նչ կապ ունի ներկայացված տեղեկանքը հայցի հետ, պատասխանող կողմն ասաց, որ դատարանում հնչել է այն մասին, որ Տ.Գասպարյանի ընտանիքի անդամները նույնպես ազատվել են աշխատանքից, եւ այս տեղեկանքով ապացուցվում է՝ «Որեւէ խոչընդոտ չի եղել»: «32 տարեկան է, ընտանիքի անդամ չէ» ,-հետեւեց հայցվորի իրավաբանի թռուցկախոսքը: «Առավոտի» տեղեկություններով, դատական մեկ հայց էլ Մայր թատրոնի դեմ իր ազատման հետ կապված ունի Տ.Գասպարյանի դերասանուհի կինը:

Այս վեճի ժամանակ փակուղային իրավիճակ ստեղծվեց, ինչի համար դատավորը որոշեց դատարան հրավիրել մասնագետին, ինչին կողմերը չառարկեցին, ավելին՝ թե հայցվորը, թե պատասխանողը դատարան կներկայանան «իրենց մասնագետով»:

Երեսուն եւ ավելի տարի բեմադրիչ աշխատողը, նաեւ կինոյի եւ թատրոնի ինստիտուտում դասավանդողը, փաստորեն, չի կարող բեմի վարպետ աշխատել, եթե հանկարծ պարզվի, որ կա ազատ հաստիք: Կհստակեցվեն թե արվեստի վաստակավոր գործչի, թե վաստակավոր դերասանի կարգավիճակները: Դատավոր Հ. Շահնազարյանն ասաց. «Ես դերասան չեմ, դատավոր եմ, բայց մասնագետ պետք է գա ու բացատրի այս ամենը»:

Հիշեցնեմ, որ Տիգրանը նաեւ խաղացել է «Դժբախտ երջանկություն», «Որոգայթ», «Հրեշտակների դպրոցը» սերիալներում:

Դատարանում կհստակեցվեն նաեւ, թե ինչ տարբերություն երկրորդ կարգի եւ բարձր կարգի դերասանի միջեւ, ռեժիսորը կարո՞ղ է «աշխատել» դերասան, դերասանի պաշտոնի անձնագրում ինչն է արձանագրված, ինչ իրավունք եւ պարտականություններ ունի նա, աշխատանքային պայմանագրում արդյոք ներառվա՞ծ են այս ամենը, ինչ ասել է «վարպետի անձնագիր» եւ այլն:

Ըստ պատասխանողի. «Թատրոնի կողմից սահմանված 2019թ. նոր հաստիքացուցակը հաստատվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Հայցվորին նույն օրը զանգել եւ հրավիրել են թատրոն, տեղեկացնելով, որ վերջինիս հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու է հաստիքի կրճատման պատճառով, քանի որ Տիգրան Գասպարյանը հայտնել է, թե գտնվում է քաղաքից դուրս, ստիպված ծանուցումը եւ հրամանը ուղարկվել է մեկ օր հետո «Հայփոստի» միջոցով, 2018թ. դեկտեմբերի 28-ին»:

Մեկ օր առաջ տրված տնօրեն Վ. Մկրտչյանի հրամանը ուժի մեջ է մտել դեկտեմբերի 28 -ից:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

01.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930