Ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու ու դրան օժանդակելու կասկածանքով նախորդ օրը ձերբակալված Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման բաժնի առաջատար մասնագետ Սլավիկ Ղազարյանը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Սլավիկ Ղազարյանի փաստաբան Թամարա Յայոլյանը (լուսանկարում)։ «Եթե կալանքի հիմքում դրվի այն հանգամանքը, որ ինքը կարող է խոչընդոտել նախաքննությանն, ապա ինքն ինքնակամ դիմում է գրել իրեն աշխատանքից ազատելու, որպեսզի որևէ կասկածներ չլինեն, որ կարող է իր դիրքն օգտագործել այլ հանցանք կատարելու կամ նախաքննությունը խոչընդոտելու համար։ Իհարկե, նման բան մտքով անգամ չի անցնում, բայց որպեսզի նախաքննական մարմնի մոտ համոզմունք ստեղծվի, որ ինքը նման ցանկություն կամ մտադրություն, դիտավորություն չունի, դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու»,-ասաց փաստաբանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս նույն կասկածանքով ձերբակալված մյուս պաշտոնյան՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն ազատ էր արձակվել։
Նրա փաստաբան Էդգար Թումասյանը երեկ վիճարկել է ձերբակալման հիմքն ու նպատակը, դատարանը գտել է, որ ձերբակալումն իրավաչափ չէ, ապօրինի է։ Նա նույնպես պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Գյումրու քաղաքապետին՝ այսպիսով փորձելով հիմնավորել, որ նախաքննությանը խոչընդոտելու խնդիր չունի։
Կարդացեք նաև
Նրա փաստաբանը մեզ հետ զրույցում նշել էր․ «Կոռուպցիոն բնույթի գործերով ձերբակալման ու կալանքի ժամանակ իրավապահ մարմինները սովորաբար գտնում են, որ մարդը ի պաշտոն շարունակելու է հանցագործություններ կատարել, դրա համար նպատակահարմար է գտնվի կալանքի տակ։ Այս դեպքում մենք խնդրելու ենք կիրառել դատավարության մյուս նորմը․ օրենսդիրը նախատեսել է պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման մեխանիզմ, որով նրանք իրավունք ունեն դիմելու այդ մարդու գործատուին պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման համար։ Եթե մարդը դադարեցրեց պաշտոնավարումը, ցանկության դեպքում էլ ի պաշտոնե ի վիճակի չէ խոչընդոտել և պաշտոնից բխող հանցագործություններ կատարել։ Աշխատանքից ազատման դիմում ներկայացնելով՝ մենք փորձելու ենք հիմնավորել, որ քննությանը խոչընդոտելու խնդիր չունենք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ