Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ենք (պոեմ)

Հունիս 02,2019 19:06

Բարդ է ու փշոտ մարդկային կյանքը,
Այն մի երազ էդառը, անկատար…
Ճակատագիրն է նրա առանցքը,
Իսկ հերթում անհույս իղձերի վարար:

Մեր Տերը բազմել երկնակամարում,
Եվ հետևում է մեր ամեն մի քայլին,
Թե ամեն մեկս ինչ է արարում,
Ու ինչ հետք թողնում կյանքի ճակատին:

Երկնակամարի չորս անկյուններից,
Չար քամիներ են սուրում դեպի կյանք,
Փորձում մեզ «մաքրել» բարի սերմերից,
Որ սատանային հեզ ծառա դառնանք:

Չարն է թագավոր մեր հոգիներում,
Նա է ուղղորդում մեր ամեն քայլը,
Ամայություն է մեր ուղեղներում,
Ողբով է լեցուն այժմ մեր հալը:

Մեռել է արդեն մեր ներսի մարդը,
Արժեքները մեզ լքել են հավերժ,
Անում ենք քայլեր, ինչ կաներ սարդը,
Մեղքի օղակը սեղմում է անվերջ:

Օրհասական է վիճակը երկրում,
Չապրելն ապրելուց էապես ճիշտ է,
Այս խելակորույս ու անմիտ կյանքում,
Ապրելը միայն մեծագույն վիշտ է:

Ով Տեր, մեր փրկիչ, նորից գթա մեզ,
Մեր միջից մաքրիր նյութի մոլուցքը,
Լվա մեր հոգին ու դարձրու մեզ հեզ,
Որ չարհամարենք անգամ մանրուքը:

 Մղձավանջային իրավիճակ է,
Պղտոր ջրեր են հոսում ամենուր,
Ժամն է աղոթքի, իշխող այրերը
Կարող են փրկվել որոշ մեղքերից:

Միայն հայրենի շահով տառապող
Մարդիկ կարող են վերջակետ դնել
Այս հրեշավոր և ազգակործան,
Երկիրն ավերող դաժան խաղերին:

Այս ի՞նչ մութ ուժեր ողջը խառնեցին,
Որ մարդիկ այսպես դարձան անհոգի,
Ի՞նչ հոգիներ են թափառում օդում,
Որ ասպատակվեց բարքերը երկրի:

Այս ի՞նչ պատահեց, որ ակնթարթում,
Ծիծաղը կորավ բոլորի դեմքից,
Ի՞նչ լուռ կռիվ է, որ չի խնայում
Կյանքը` կյանք պահող սրբություններին:

Գահին հասնում են միայն այն մարդիկ,
Ովքեր խղճի հետ բաժան են հավետ,
Խառնակչությունը վերջ չի ունենա,
Քանի նրա տակ թափառող շահ կա:

Ագահությունը մարդու հետ ծնվել,
Ու նրա հետ էլ պետք է վերանա,
Ահավոր բան է, երբ վատ ապրածը,
Արագ է հասնում բարձր դիրքերի:

Թագավորների ժիր ծառաները,
Զոհին մորթելու նշան են անում,
Գեթ վայրկյան անգամ չեն էլ մտածում,
Շարունակ աճող մեղքերի մասին:

Սրբությունները ոտնատակ տալով,
Լրբերը միայն վեր են բարձրանում,
Հետդարձի ճամփան լրիվ ավերում՝
Գործած մեղքերից հեշտ խուսանավում:

Ամպերը անգամ երես են թեքել,
Երաշտն է իշխում ցամքած դաշտերին,
Թվում է երկիրն առաջվա նման,
Մեղմ պտտվում է արեգակի շուրջ:

Բախտի սլաքը փոխել է ուղին,
Ու չի խնայում նույնիսկ որբերին,
Ժանտախտ է թքում նա բաց երախից,
Եվ ջնջում շնչող ամեն սրբություն:

Մարդիկ անկարող, լրիվ հուսահատ,
Վերջին ճիգերով փորձում են փրկել,
Պատանեկության ճերմակաճաճանչ,
Երազանքների` գեթ վերջին հույսը:

Իսկ կրքերն այնքան թափ են հավաքել,
Որ կործանում են ցանկացած պատնեշ,
Իրենց հետ տանում երբեմնի արթուն,
Այժմ` հուշ դարձած սուրբ արժեքները:

Ճակատագիրը` ամեն ակնթարթ,
Անխնա կերպով պատժում է մարդկանց,
Փրկության հույսը`արհամարանքից,
Աամոթխած կնոջ կերպար է խաղում:

Մեռյալ վիճակը` առանց հրավեր,
Լրիվ մտել է տիրոջ դերի մեջ,
Եվ ամայացրել բոլորի հոգին,
Նրանց դարձնելով շարժվող կմախքներ:

Այսպես, ամեն օր զարմանքն է լալիս,
Իսկ մարդը` հպարտ, խրոխտ, անվարան,
Նվաստացնում է իր արյունակցին,
Ճիշտ այնպես, ինչպես կաներ ոսոխին:

Ստորությունը մարդ արարածի,
Էլ չի զարմացնում նույնիսկ գազանին,
Իսկ կործանումից մի կերպ փրկվածը,
Զոհ է մատուցում՝ իրեն օգնողին:

Ջահել հարսների կժերը վաղուց,
Չեն լսել երգը ցայտող աղբյուրի,
Եվ ճաք են տվել ջրի կարոտից,
Ինչպես երաշտից հողն է ճաքճքում:

Թող Աստված փրկի մեզ այն վիճակից,
Որ ազգի հոգին հանկարծ ճաք չտա,
Չէ՞ որ հենց դա է մեր հին թշնամու,
Դարեր փայփայած մեծ երազանքը:

Սատանան գիտի` որ ակնթարթին,
Որ անկյան ներքո և որ բարձունքից,
Դավով շաղախված հարվածը ուղղի,
Խորը քուն մտած միամիտ զոհին:

Եվ զարթնելուն պես` առաջին շարժից,
Նա կբաժանվի ճիշտ հարյուր մասի,
Որից դաս կառնեն բոլոր այն մարդիկ,
Ովքեր կփորձեն գործել ինքնուրույն:

Այն, ինչ անում է մարդը`մարդու հետ,
Նույնիսկ սարդերը այդպես չեն վարվում,
Պարզ է, այդ վարքով ապրած մեկ դարը,
Ավելի կարճ է, քան ակնթարթը:

Արահետներին տնկած ծառեր կան,
Որոնց պտուղը` միայն դավերն են…
Դրանց համտեսը` արդ բավական է,
Որ ազգը կորչի մեկ ակնթարթում:

Այս ազգը դարձյալ հարբել է անդարձ,
Դավաճանի պես ուրացել Աստծուն,
Նույնիսկ տեղյակ չէ, որ ոչ մի հնարք,
Չի փրկի իրեն` հատուցման ժամին:

Քնած, թե արթուն, մեղքերի ծովը,
Մենք միշտ սնում ենք մեղքերի առվով,
Եվ ոչ մի վայրկյան դադար չենք առնում՝
Վարակով պատում միտքը սուրբ ազգի:

Չարքերը թաքուն` ամպերի խորքից,
Էությունն իրենց լրիվ քողարկած,
Դանդաղ իջնում են սուրբ հողի վրա,
Պղծում արգանդը այս շատ հին ազգի:

Մարդիկ այնքան են ուրացել կյանքի՝
Հիմնաքար կազմող իմաստները, որ…
Հավատ, խիղճ, Աստված… բառերը վաղուց,
Մի կերպ են մնում մեր հոգիներում:

Ճակատագիրը հայի տեսակի,
Լրիվ խեղվել է բիրտ հարվածներից,
Ու թաքուն ընտրել հին արահետը`
Մեր սուրբ պապերի պանդուխտի ճամփան:

Ծերունի մարդիկ իրար ասում են,
Որ մի ժամանակ ամոթ է եղել…
Անամոթ մարդիկ` քնած, թե արթուն,
Երբեք չեն փոխում իրենց այդ կերպը:

Սադրանքների մեջ վարպետ այրերը,
Միամիտ հարսի պսակ են կրում,
Իսկ ժողովուրդը միտքը բթացրած,
Անմեղ գառան պես զոհ է մատուցվում:

(Շարունակելի)

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930