Իտալական Լոմբարդիա գավառի հանրահայտ ուտեստներից է օսսո բուկոն՝ Osso buco, որ թարգմանաբար նշանակում է խոռոչով ոսկոր: Այս ուտեստի «գլխավոր հերոսը» հորթի ծնկամասի լայնակի կտրված միսն է՝ ոսկորի հետ միասին: Ուտեստի եւ մսի այդ տեսակի կտրվածքի անունը նույնն է՝ օսսո բուկո: Այսօր երեւանյան սուպերմարկետներում էլ է հնարավոր գտնել այդ ձեւով կտրված մսակտորներ, ուրեմն ինչո՞ւ չպատրաստել այս շատ համեղ եւ գեղեցիկ տեսքով ուտեստը:
Անհրաժեշտ մթերքները
«Օսսո բուկո» ձեւով կտրված մսակտոր- 3 կտոր
Գազար-2 հատ
Կարդացեք նաև
Սոխ-1 մեծ գլուխ կամ 2 միջին
Ազատքեղ (քարավուզ)- 2 ցողուն
Ալյուր-1-2 ճաշի գդալ
Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի
Դափնու տերեւ-3-4 հատիկ
Բուսական յուղ-4 ճաշի գդալ
Կարագ- 50 գրամ
Տոմատի մածուկ- 2-3 ճաշի գդալ
Սեփական հյութում պահածոյացված լոլիկներ- 6-7 հատիկ, ինչպես նաեւ՝ կես բաժակի չափ հյութը
Սպիտակ գինի- 100-150 մլ
Բանջարեղենի, հավի կամ տավարի արգանակ- 500 մլ
Թարմ մաղադանոս- մի քանի ճյուղ
Պատրաստման եղանակը
Նախ պատրաստեք արգանակը: Ես նախընտրեցի պատրաստել բանջարեղենային արգանակ: Դրա համար վերցրեք մեկ գլուխ սոխ, 2 պճեղ սխտոր, մեկ գազար եւ մեկ ճյուղ ազատքեզ, տեղավորեք փոքր կաթսայում, վրան լցրեք 1 լիտր ջուր եւ եփեք մարմանդ կրակի վրա մոտ կես ժամ: Անջատելուց 10 րոպե առաջ 1 ճաշի գդալ աղ եւ մի քանի ճյուղ մաղադանոս ավելացրեք:
Մսի կտորների վրա աղ եւ պղպեղ արեք, ապա երկու կողմից թաթախեք ալյուրի մեջ:
Բուսական յուղն ու կարագը հալեցրեք ծանր եւ խորը թավայի մեջ: Մսակտորները երկու կողմից տապակեք՝ յուրաքանչյուր կողմից 3-4 րոպեի չափ՝ միջին կրակով:
Հանեք, դրեք մի կողմ, իսկ թավայի մեջ ավելացրեք եւս 1-2 ճաշի գդալ բուսական յուղ եւ տապակեք լավ լվացած ու խորանարդիկներով կտրատված սոխը, ապա՝ գազարն ու ազատքեղը:
Բանջարեղենները մոտ 10 րոպե տապակելուց հետո ավելացրեք տոմատի մածուկն ու սեփական հյութում պահածոյացված լոլիկները: Խառնեք, թողեք եփվի եւս 5 րոպե:
Մսի կտորները հետ դրեք թավայի մեջ, ավելացրեք սպիտակ գինին, թողեք 10-15 րոպե եփվի, որից հետո ավելացրեք բանջարեղենի արգանակը, ծածկեք կափարիչով, ցածրացրեք կրակը եւ թողեք եփվի մոտ 2 ժամ: Անջատելուց կես ժամ առաջ ավելացրեք չորացրած կանաչիներ՝ ուրց, հազրեվարդ կամ ծիթրոն, ինչպես նաեւ դափնու տերեւ:
Կես ժամ էլ եփվելուց հետո անջատեք, թողեք մնա եւս կես ժամ, որից հետո կարող եք մատուցել՝ վրան կտրատած թարմ մաղադանոս ավելացնելով:
Մատուցեք բրնձի կամ մակարոնեղենի հետ, կամ պարզապես թարմ հաց դրեք կողքը:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ