Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց խեղճանալու. «դուխով»

Հունիս 02,2019 12:00

Մեր քաղաքական գործիչները, ինչպես նաեւ մեր երկրի ղեկավարները հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ արեւմտամետներ եւ ռուսամետներ: Ըստ որոշ վերլուծաբանների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն արեւմտամետ էր: Ռոբերտ Քոչարյանն Օսկանյանի հուշելով՝ իրեն կոմպլեմենտար էր համարում, մինչդեռ Քոչարյանն ակնհայտ ռուսամետ էր: Իրականում կոմպլեմենտարը երեւի երրորդ նախագահն էր, չնայած Սերժ Սարգսյանը կոմպլեմենտարիզմի մասին ընդհանրապես չէր խոսում:

Հիմա գանք ներկայիս վարչապետին: Նիկոլ Փաշինյանն արեւմտամե՞տ է, թե՝ ռուսամետ: Փաշինյանի մետությունն ավելի շատ ու ավելի հաճախ է քննարկման առարկա հանդիսանում, քան՝ նախորդ երեք նախագահներինը: Պատճառը երեւի նաեւ այն է, որ Փաշինյանը մեր այն փոքրաթիվ պատգամավորներից էր, ով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին էր խոսում: Բայց պատգամավորն այլ կերպ է մտածում, վարչապետը՝ միանգամայն այլ: Վարչապետը մտածում է, որ հեչ պարտադիր չէ, որ մենք անպայման կամ արեւմտամետ լինենք, կամ էլ՝ ռուսամետ: Եթե, իհարկե, չենք ուզում Սիրիա դառնալ: Կամ էլ՝ թեկուզ Իրան:

Եթե ուզում ենք լինել ու մնալ Հայաստան, պարտադիր չէ, որ ծայրահեղ ու ընդգծված արեւմտամետ կամ ռուսամետ լինենք: Կոմպլեմենտարը թերեւս լավագույն տարբերակն է: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում մնալով էլ է թերեւս հնարավոր կոմպլեմենտար լինել: Ի վերջո, աշխարհի բոլոր առաջադեմ երկրներն էլ, ըստ էության, կոմպլեմենտար են, չնայած, ի տարբերություն Քոչարյանի ու Օսկանյանի, այդ մասին ի լուր աշխարհի չեն հայտարարում: Փաշինյանն էլ չի հայտարարում, չնայած, ըստ էության, կոմպլեմենտար է:

Փաշինյանը հասկանում է, որ մեծերի ու հզորների հարաբերությունների մեջ Հայաստանն անելիք չունի: Հզորներն այսօր կգժտվեն, վաղը կհաշտվեն, եւ ամենեւին չարժե միջազգային քաղաքականության մեջ նրանցից որեւէ մեկի անմիջական կցորդը դառնալ: Ոչ միայն Իրան ու Սիրիա, այլեւ Ուկրաինա չարժե դառնալ: Հայաստանին, փառք Աստծո, այդ հնարավորությունը տրված է: Ուկրաինան այդ հնարավորությունը չունի, որովհետեւ Ուկրաինան Ռուսաստանի հետ, ամեն ինչից բացի, նաեւ տարածքային խնդիրներ ունի, եւ եթե Աբխազիան համարենք Ռուսաստանի շահերի ներկայացուցիչ, պիտի ընդունենք, որ որոշ առումով, որոշ տեսակետից ու մեծ հաշվով Վրաստանն էլ Ռուսաստանի հետ տարածքային որոշ ու որոշակի խնդիրներ ունի, ու էդ առումով Հայաստանը, փաստորեն, բացառություն է, եւ Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ունեցած միակ խնդիրը, փաստորեն, անկախությունն ու ինքնիշխանությունն է, եւ Հայաստանի հեղափոխությունը հենց անկախության ու ինքնիշխանության առումով է կարեւոր ու նշանակալի, եւ առավել եւս Ռուսաստանն ու ռուսները Հայաստանի հետ խնդիր չունեն:

Հայերից ու Հայաստանից ռուսների ու Ռուսաստանի հիմնական պահանջը անփոփոխ ու անդավաճան հավատարմությունն է, եւ չնայած հավատարմության ու անդավաճանության առումով հայերն ու Հայաստանը ռուսների ու Ռուսաստանի էդ մաքսիմալ պահանջը գրեթե մշտապես եւ նույնիսկ ավելցուկով են կատարել ու բավարարել, այդուհանդերձ, ռուսներն ու Ռուսաստանը ոչ միշտ են ըստ արժանվույն գնահատել հայերի նվիրվածությունը, մինչդեռ ռուսներին նվիրվածության առումով դժվարանում եմ որեւէ այլ ազգի հայերիս հետ համեմատել, եւ նմանապես դժվարանում եմ նշել որեւէ այլ ազգի, որ հայերիս պես իր ու ռուսների բարեկամության թեմայով կարգախոսներ բստրած լինի՝ «Հավերժ ռուս ժողովրդի հետ» եւ այլն, բայց էս միտքս ու էս դատողությունս էլ ճշգրիտ ու վերջնական չի, որովհետեւ, ի վերջո, էդ շողոքորտ ու անհեթեթ կարգախոսները ոչ թե ժողովրդի մտքից ու սրտից էին բխած, այլ Հայաստանի՝ հատկապես Խորհրդային Հայաստանի կոմունիստ գաղափարախոսների շողոքորթ սրտից ու մտքից, բայց եթե ես ռուսամոլությունը շողոքորթություն եմ համարում, էդ ամենեւին չի նշանակում թե՝ մոլի հակառուսականությունն ու մոլի արեւմտամետությունն եմ ճիշտ ու մեզ սազական համարում:

Ի վերջո եւ, ըստ էության, դրանք նույն բանն են, որովհետեւ երկուսն էլ ծայրահեղություն են եւ հավասարապես չեն բխում մեր ժողովրդի շահերից: Երեւի իսկապես ճիշտը կոմպլեմենտարիզմն է, որովհետեւ կոմպլեմենտարը բնականն ու տրամաբանականն է: Բայց դա չի նշանակում, որ Քոչարյանի ու Օսկանյանի պես ի լուր աշխարհի պիտի հայտարարես՝ ես կոմպլեմենտար եմ:

Եթե երկրիդ ունեցվածքն անիմաստ, անտեղի ու անհատույց նվիրում ես Ռուսաստանին, ինչքան էլ բարձր գոռաս, ոչ ոք չի հավատա, որ կոմպլեմենտար ես: Որոշ մակերեսային ու չակերտավոր քաղաքագետներ համարում են, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր ժամանակ դեմ էր Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը, ուրեմն՝ հիմա պետք է Հայաստանը դուրս բերի ԵԱՏՄ-ի կազմից: Այսպես մտածողները չեն հասկանում, որ այլ բան է էն գլխից ԵԱՏՄ-ի կազմի մեջ չմտնելը, միանգամայն այլ բան՝ ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալը:

Այս պահին ԵԱՏՄ-ի կազմից Հայաստանի դուրս գալն իսկապես ծայրահեղականություն կդիտվի, ինչը բացարձակապես հարկավոր չէ Հայաստանին՝ հատկապես Ղարաբաղյան հարցի առկայության պայմաններում: Պետք է ընդունել, որ Ղարաբաղյան հարցի իմաստով Նոր Հայաստանի ղեկավարությանն ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չափազանց դժվարին ու բարդ ժամանակաշրջան է բաժին հասել:

Չափազանց բարդ են նաեւ Պուտին-Փաշինյան հարաբերությունները, ընդ որում՝ երկուստեք են բարդ: Տասնամյակներ շարունակ հայերը Ռուսաստանի համար հարավային հուսալի սահմանապահի դեր են կատարել: Ըստ ամենայնի, Պուտինը դա լավ է հասկանում: Եվ եթե ասենք, որ անձամբ Փաշինյանի հետ հարաբերություններում զգուշավորություն հանդես չի բերում, սխալ կլինի: Ընդ որում՝ երկուստեք են որոշակի խոհեմություն ու զգուշավորություն հանդես բերում:

Զգուշավորություն, բայց ոչ խեղճություն:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ, 

31.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garo says:

    Հարցը Նիկոլի բերած արգումենտներն էին ԵԱՏՄ ից դուրս գալու հիմնավորելու։ Բոլորը հիմնված էժան մանիպուլյացիների ու պոպուլիզմի վրա։ օրինակ ասում էր 2017 հունիսին ծիրանի արտահանումը դեպի ռուսաստան մի քանի անգամ պակասելա 2016 ի համեմատ։ իրականում 2016 ին ծիրանը 10 12 օր շուտ էր հասել ու զգալի մասի հունիսին էր արտահանվել։ Ընդանուր տարվա կտրվածքով ոչ մի նվազում բնականաբար չկար։ Հիմա նույն մանիպուծյացիները անումա որպես երկրի ղեկավար։ ԵԱՏՄ մտնելը մեզ ձեռնտույա, անգամ եթե էժան զենք , գազ մի կողմ թողենք։ մոլդովա, ուկրաինա, վրաստան չեն մտել եատմ արդյունքում ռուսական ավանդական շուկան կորցրել են, իսկ եվրոպական շուկայում իրանց ոչ ոք չի սպասու։ Վրաստանը հաջող դիրքի, ծովի շնորհիվ տուրիզմի, տրանզիտի վրա հիմնված տնտեսությունա կառուցել, յոլայա գնում, իսկ մյուս երկուսը ավելի տխուր վիճակում են քան մենք։

  2. Garo says:

    Հարցը Նիկոլի բերած արգումենտներն էին ԵԱՏՄ ից դուրս գալու հիմնավորելու։ Բոլորը հիմնված էժան մանիպուլյացիների ու պոպուլիզմի վրա։ օրինակ ասում էր 2017 հունիսին ծիրանի արտահանումը դեպի ռուսաստան մի քանի անգամ պակասելա 2016 ի համեմատ։ իրականում 2016 ին ծիրանը 10 12 օր շուտ էր հասել ու զգալի մասի հունիսին էր արտահանվել։ Ընդանուր տարվա կտրվածքով ոչ մի նվազում բնականաբար չկար։ Հիմա նույն մանիպուծյացիները անումա որպես երկրի ղեկավար։ ԵԱՏՄ մտնելը մեզ ձեռնտույա, անգամ եթե էժան զենք , գազ մի կողմ թողենք։ մոլդովա, ուկրաինա, վրաստան չեն մտել եատմ արդյունքում ռուսական ավանդական շուկան կորցրել են, իսկ եվրոպական շուկայում իրանց ոչ ոք չի սպասու։ Վրաստանը հաջող դիրքի, ծովի շնորհիվ տուրիզմի, տրանզիտի վրա հիմնված տնտեսությունա կառուցել, յոլայա գնում, իսկ մյուս երկուսը ավելի տխուր վիճակում են քան մենք։

  3. henri says:

    Կը համարիմ որ Յօդուածագրին վերլուծութիւնը իրական և ամբողջական կերպով կը բացատրէ Անկախ Հայաստանի ներկայ վիճակը ;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930