Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Լեզուներ՝ սպիրտով բանկաների մեջ (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Հունիս 01,2019 23:30

Քանի որ մեր երկրում մենաշնորհ չկա այլևս, բոլոր ապրանքները էժանացել են, այդ թվում՝ Հիսուս Քրիստոսը: Եվ հիմա ոչ ոք  30 արծաթ չի տալիս իբրև մատնության գին: Ամենաշատը՝ մի 10-15 արծաթ:

– Իսկ, ներեցեք, 12 արծաթով կարո՞ղ եմ բերանիս պրոթեզները վերանորոգել: Ինչպես ասում են՝ գարնանային կրքեր…

– Իհարկե, ձայն բազմաց իմ բարեկամ, ի՞նչ մտահոգություն: Սակայն պետք է զգուշացնեմ, որ թոշակառուների խոսակցական ապարատը քարացնող պրոթեզներով չես կարող կծոտել կնոջդ բարեմասնությունները այնպես՝ ինչպես որ կկծոտեիր մի ութ տարի առաջ, երբ մեր երկրում մեծ ռեֆորմատոր կար ու Մատնության կուտակային ֆոնդն էր հիմնադրում:

– Տաքություն ունե՞ք:

– Բնավ ոչ, անփառունակ ծերության թեկնածու, բնավ ոչ:

Քանզի ծերությունն ու երկարակեցությունը մեր երկրում անխուսափելիորեն կախված են այն ներդրումներից, որ կկատարի աբորիգենների պետության քաղաքացին՝ հարստացնելով Մատնության կուտակային ֆոնդը: Այլ խոսքով, քանի մարդ մատնես՝ այնքան մարդ ես, իսկ յուրաքանչյուրի դիմաց՝ մի 10-15 արծաթ՝ իբրև ծերության թոշակ:

– Լսո՞ւմ եք, գյա՛դեք, մտածեք քանի ջահել եք, թե չէ՝ ո՛չ քյաբաբ կծելու ատամ կունենաք, ո՛չ քավթառության թոշակ, ո՛չ էլ՝ մանկական հիշողություններ:

– Իսկ սահմանադրական փոփոխություններ կունենա՞նք գոնե:

Այ այստեղ սահուն մտնում ենք քաղաքական դաշտ: Ինչպես յուրաքանչյուր դաշտում, այստեղ ևս առատ են խոշոր եղջերավոր անասուններն ու բերք փչացնող մկները: Սրանցից բացի, քաղաքական դաշտում մի մասը մեռած են՝ թաղած չեն, մի մասին էլ թաղեցին մինչ մեռնելը: Իսկ ամենակարևոր ճշմարտությունները հարյուր տարվա մեռելները գիտեն, բայց նրանց լեզուները պոկել են հատ-հատ, ու հիմա լեզուները խնամքով պահվում են սպիրտով բանկաների մեջ՝ ԱԱԾ-ի արխիվներում:

– Սարսա՛փ (Սփիլբերգ): Երբ այրում էին ԱԱԾ-ի հույժ անպետք արխիվները, լեզուներն է՞լ տժտժացին բոցերում, թե՞….

– Կներեք, ես ինձ շատ վատ զգացի, սիրտս խառնեց,  կլինի՞ ես դուրս գամ քաղաքական դաշտից, գնամ լեռներում թոզ փչեմ մարդկանց աչքերին:

– Մի րոպե, մի րոպե… Այդ ո՞ւմ եք ակնարկում: Ոնց թե՝  թոզ փչեմ մարդկանց աչքերին: Անո՞ւնն էլ եք տալու:

– Ե՞ս…

– Դե հիմա լսեք, թե ինչ կասեմ, որպեսզի հասունանաք քաղաքականապես ու Բաղաամի էշին համարժեք մեկնաբանություններ չանեք՝ սրան ու հատկապես նրան ակնարկելով: Պատրա՞ստ եք:

– Ճիշտ այդպես: Երեկ երեկոյան մի քանի հոգի այնպես պատրաստեցին, որ ամբողջ կյանքում չեմ մոռանա: Հատկապես հոգնան շատ հաճելի էր, աննման մի բան:

Դե՛, գնացինք:

Նկատե՞լ եք. որոշ ժամանակից ի վեր մեզ անընդհատ համախմբում են, որպեսզի պառակտեն: Ընդ որում, ամեն տեղից օծանելիքի հոտ է գալիս, բայց ոնց որ շան հոտ լինի:

– Այո, այո, ճիշտ է, հենց օծանելիքով էլ հոգնա արեցին:

– Դե ձայնդ կտրի՛ր, անասուն: Օծանելիքով հեղափոխություն ենք արել: Ապատեղեկատվություն տարածելու համար չոր հաց կուտես, բայց մինչ այդ՝ հարցնեմ այնուամենայնիվ: Ինչպե՞ս կարող են հեղափոխության ամենաթանկ ոգեղեն նյութը կիրառել սրա և հատկապես նրա աղիները լվանալու նպատակով: Քեզ եմ հարցնում, ա՛յ զառ բռնող:

– Ինչ մեղքս թաքցնեմ, մի քանի անգամ զառեր բռնել եմ դատարանում, բայց հանցանքի վայրում չեմ բռնվել: Հիմա ի՞նչ անեմ:

– Հիմա՝ ասեմ:

Մենք այլ ճանապարհ չունենք՝ մեկ բռունցք դառնալուց զատ: Այնինչ համախմբվելը մեզանում, որոշ ժամանակից ի վեր, համազգային հոգեկան հիվանդություն է: Եվ քանի որ մեզ գժի տեղ են դրել, հրամաններն էլ համապատասխան են բնույթով: Օրինակ՝ վերջերս շարքային քաղաքացուն ուղարկել էին դատարանի դուռ փակելու, իսկ խեղճ դատավորը փորձում էր լուսամուտով ներծծվել աշխատավայր: Հասկանո՞ւմ եք, թե ինչ եմ ասում:

– Գլուխս տարաք:

-Ուզեք-չուզեք՝ ասելու եմ:

Ուրեմն…

Սա նոր պրակտիկա է, պաշտոնավարման թռիչք՝ ողջ աշխարհին ի տես: Որովհետև աբորիգենների պետության դատավորներն այսուհետև լուսամուտներով են տնից դուրս գալու, որպեսզի լուսամուտներով վերադառնան դատարան: Կոչվում է՝ Լուսամուտային քաղաքականություն: Իսկ դատարաններում այլևս երբեք դատեր չեն լինելու, քանզի ի՞նչ իմաստ կարող է ունենալ քրեական գործ հարուցելը, երբ կանխավ գիտես, որ բոլոր հանցագործությունները վերջում քաջագործություններ են, բոլոր կասկածյալները՝ վերջում անմեղներ, բոլոր վկաները՝ վերջում խուլ ու համրեր, իսկ բոլոր դատավորները վերջում մարդ չեն, որովհետև տառ չեն սովորել հանրակրթական դպրոցներում ու չգիտեն ո՛չ մեսրոպյան այբուբենը, ո՛չ էլ կարդալ գիտեն ընդհանրապես:

– Ուրեմն քեռի Ճըտին անարդար են դատե՞լ:

– Ընդհանրապես չեն դատել, լեզուն կտրած ծիտիկով (Հ.Թ.) իմ բարեկամ: Որովհետև վճիռ կայացնելու համար դատավորը պիտի կարդա մեղադրականը, չէ՞:

– Եսի՛մ:

– Իսկ քո կարծիքով, դատավորն ինչպե՞ս պիտի կարդար Ճըտի մեղադրականը, եթե դատավորը ո՛չ գրել գիտի, ո՛չ էլ Քրեական օրենսգիրք տեսած կա կյանքում: Արցախից ինչ տալիս են՝ այն էլ ստորագրում է:

– Բա հինգ տարին ինչի՞ համար նստեց խեղճ քեռիս: Քեռակինս էլ փախավ ուրիշի հետ: Իմ անմե՜ղ քեռի…

– Բայց մի բան արած կլինի:

– Ոչ մի բան չէր արել:

– Բա ինչո՞վ էր զբաղվում:

– Բարի մարդասպան էր:

– Ահա՛, տեսնո՞ւմ ես, վարունգի տոմատ արտադրող հաստագլուխ:

– Ի՞նչը:

– Հենց այն, որ բախտդ չի բերել: Որովհետև հիմա մի ժամանակ է, երբ մեր գեղատեսիլ երկրում աննախադեպ պայքարում են բարի և չար մարդասպանները: Ուրիշ մարդ չկա: Կա՛մ բարի մարդասպան պիտի լինես, կա՛մ՝ չար:

– Բա հիմա ես ո՞վ եմ:

– Կարևոր չի, թե՝ ով ես: Կարևորն այն է, թե ինչ կդառնաս:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930