Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ քաղաքականություն տարավ այն հարցը՝ ինչպես կարող էր ահաբեկիչը ԱԺ մտնել ու պետությունը գլխատել»

Հունիս 01,2019 23:00
Anahit baxshyan

Անահիտ Ժամկոչյանի (Բախշյան` ամուսնու՝ Յուրա Բախշյանի ազգանունով) մանկության երազանքը դիրիժոր դառնալն էր:

«Ես երաժշտական դպրոցում էի սովորում, հմայված էի դասական երաժշտությամբ ու  երբ 8-րդ դասարանում դպրոցում հանձնարարեցին գրել շարադրություն՝ ինչ եմ ուզում դառնալ թեմայով, ես գրեցի , որ երազում եմ ղեկավարել նվագախումբ, որում կլինի 60 երաժիշտ, երազում եմ  դառնալ բացառիկ կին դիրիժոր, բայց չդարձա, որովհետեւ երաժշտական կրթությունս որակյալ չէր: Երբեք չէի երազում մանկավարժ լինել, տեսնում էի դասընկերներիս վարքը, մեր ուսուցիչների նյարդայնանալը, մեկի խոսքը հասկանում էինք, մեկինը՝ չէինք հասկանում, մեկին սիրում էինք, մեկին՝ չէ… այնպես որ երբեք չէի երազում մանկավարժ լինել»,- Aravot.am-ին պատմեց Անահիտ Բախշյանը:

Նրա պատմելով՝ դպրոցում ֆիզիկայի ուսուցիչը մի անդեմ ու չար կին էր, որն էլ հենց իրեն «դրդեց» դիմել ֆիզիկայի ֆակուլտետ. «Ինքը միշտ սիրում էր նսեմացնել աշակերտներին, բայց հինգ էի ստանում, հինգը նշանակում էր ու միշտ երեսով տալիս, ես տեսնում էի, որ լավ ֆիզիկա չգիտեմ, բայց մտքումս ասացի՝ դե ես կգնամ ֆիզիկայի ֆակուլտետ ու  կապացուցեմ, որ կարող եմ ֆիզիկա սովորել: 1964 թվականին կրկնուսույցի մոտ ֆիզիկա եմ պարապել, ընդունվել ֆիզիկայի ֆակուլտետ. ավարտեցի, ամուսնացա ու սկսեցի մտածել՝ ինչ պետք է աշխատեմ: Ամուսինս՝ Յուրան ասաց՝ դպրոց գնա, ես ասացի՝ երբեք, մանկավարժ չեմ լինի: Յուրայի մայրը վաստակավոր մանկավարժ էր, Յուրան էլ միշտ օրինակ էր բերում, ասում էր՝ տես մաման ինչ հարգանք ունի, հետո հարմար է ժամերի  առումով, ես ընդդիմացա, բայց ,ի վերջո, տեղիք տվեցի, որովհետեւ փոքր երեխա ունեի, մտածեցի՝ իրոք հարմար է ժամերի առումով: Դպրոցում աշխատելու թույլտվություն ստանալու համար անձամբ նախարարի մոտ եմ գնացել, մակագրեց թիվ 103 դպրոց: Առաջին տարին, աշակերտներս մի բոլ գժվացրին ինձ , ոչ ես էի հասկանում երեխաների լեզուն, ոչ իրենք՝ իմը. ամեն օր բողոքում էի, նեղանում Յուրայից, թե ինչու ինձ ուղարկեց դպրոց, ես չեմ կարող»:

Անահիտ Բախշյանին  դպրոցում հաճախ են աշակերտները փորձել նվերներ տալ, առաջին նվերը վերցրել ու նվիրել է դպրոցի հավաքարարին. «8-րդ դասարանում քննություններից հետո, աշակերտներս դասարանում հավաքված ինձ կանչեցին ու տուփ ինձ տվեցին, հարցրի՝ ինչ է երեխեք, բա ձեզ հիշատակ ենք  բերել, առանց տուփը բացելու՝ միջանցքից կանչեցի մեր հավաքարար Մարոյին, ասացի Մարո, երեխեքս շնորհակալություն են ուզում քեզ հայտնել, որ այսքան տարի դպրոց են եկել, դու այսպես մաքրել ես, երեխեքս սառած երեսիս  էին  նայում, Մարոն էլ շատ հուզվել ու ուրախացել էր, տուփը տալու ժամանակ բացեցի, չեմ էլ հիշում հիմա ինչ էր մեջը, նվիրեցինք Մարոյին, աշակերտներս շատ խոցվել էին, այդ նույն հնարքը էլի եմ արել: Ընդհանրապես նվեր չեմ սիրում ստանալ, նվերն ինձ  համար կաշառք է, նույնիսկ իմ երեխաներից, ես, որպես տատիկ, պատեհ- անպատեհ չեմ սիրում թոռներիս նվերներ տալ, նվերը պետք է ինչ-որ առիթով լինի, կաշառք, երբեք որեւէ մեկն ինձ չի առաջարկել, որ մերժեմ»:

Անահիտ Բախշյանը ֆիզիկա է դասավանդել 22 տարի, հետո ամուսնու ընկերներից մեկի միջնորդությամբ Շահումյանի ժողովրդական կրթության բաժնում  որպես մեթոդիստ է աշխատանքի անցել, մի քանի տարի աշխատելուց հետո, զգացել, որ դպրոցն է իրեն ձգում ու տեղափոխվել Սիամանթոյի անվան դպրոց ՝սկզբում որպես ֆիզիկայի ուսուցիչ, հետո փոխտնօրեն, իսկ հետո տնօրեն:

Անահիտ Բախշյանի խոսքով, ինքը երբեք քաղաքականություն չէր մտնի, եթե ամուսինը ողջ լիներ. «Ինչու մտա քաղաքականություն, ինձ քաղաքականություն տարավ այն հարցը, թե ինչպես կարող էր ահաբեկիչը Ազգային ժողով մտնել ու պետությունը գլխատել, մինչ քաղաքականություն մտնելը, ես փորձում էի այդ հարցի պատասխանը գտնել՝ դատարանում, քննչական մարմիններում ու մտնելով քաղաքականություն՝ հասկացա, որ այդ հարցի պատասխանը ճիշտ էր փնտրել քաղաքականության մեջ, որ հասկանայիր, թե ինչ կարող է անել քաղաքականությունը: Ես մինչ օրս պրպտում եմ, որ այդ շղթան հասկանամ.  Ինչպես կարող է ամուսինդ առավոտյան աշխատանքի տանել քեզ,  ու իրիկունը դու նրան չդիմավորես, այս հարցի փնտրտուքով գնացի, հասա քաղաքականություն»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930