Օրերս ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Մանե Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ կնշվի միանգամայն նոր ձեւաչափով:
Այսօր Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում հավաքվել էին Երեւանի տարբեր վարչական միավորների, սիրիահայ անապահով ընտանիքների, մարզերից՝ մանկատների, ինչպես նաեւ առողջական խնդիրներ ունեցող երեխաները: Միջոցառման ծրագրի հիմքում դրված էր գիտելիքը: Փոքրիկ հանդիսավարները դահլիճում տեղ զբաղեցրած իրենց հասակակիցներին օգնեցին ավելի աշխարհաճանաչ դառնալ՝ հսկա էկրանին շրջագայելով բոլոր աշխարհամասերով, ծանոթանալ օլիմպիական հինգ օղակներին, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մեկ աշխարհամաս: Իսկ մարզական, պարային խմբերն ու երգիչները ամեն մի աշխարհամասում գտնվելու ընթացքում ներկայացնում էին աշխարհագրական այդ տարածքին բնորոշ արվեստը, ավելի տարածված օլիմպիական մարզաձեւերը:
Գագիկ Ծառուկյանը, շնորհավորելով երեխաների պաշտպանության միջազգային օրը, աշխարհի բոլոր մանուկներին մաղթեց առողջություն, բոլոր աշխարհամասերին՝ խաղաղություն, իսկ դահլիճում ներկա գտնվող ու բացակա երեխաներին, որպեսզի նրանք իրենց հայրենիքի արժանավոր զավակներ մեծանան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ