Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաշիր գրուպ»-ի ու  ՀԷՑ-ի կողմից 5 նվեր բնակարան գյումրեցիներին` երեխաների օրվա առիթով (Ֆոտոշարք)

Հունիս 01,2019 18:47

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն համատեղ այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հինգ բնակարաններ նվիրեցին գյումրեցի անօթևան, բազմազավակ ընտանիքներին։

Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կորպորատիվ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը, վերջին մի քանի տարվա ընթացքում 20 բնակարան են նվիրել Գյումրիում։ Այս անգամ  ընտրել են անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների, որոնք, ըստ մեր զրուցակցի, սոցիալապես անապահով են, ապրում էին անմարդկային պայմաններում, անմխիթար վիճակում։

«Շատ երկար ժամանակ ենք տրամադրել այս ընտանիքների ընտրությունը կատարելու․ թե՛ Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ ենք նայել իրենց ցուցակները, և թե՛ բնակարանները մինչև շահառուներին հանձնելն այցելել ենք,  ուսումնասիրել ենք բոլորի պայմաններն անխտիր և ընտրվել են ամենավատ պայմաններում բնակվողները։ Ծրագիրն իրականացվում է ընկերության կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակում, որը նախատեսում է սոցիալական ծրագրեր։ Ասեմ, որ նույնատիպ ծրագիր ենք նախատեսում Վանաձորի սոցիալապես անապահովների համար։ Շատ մոտ օրերս կհանձնենք, 5 բնակարան էլ նախատեսել ենք Վանաձորում։ Առաջնորդվում ենք նույն սկզբունքով՝ հանձնելու ենք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին»,-ասաց Նատալյա Սարջանյանը։

Գնված բնակարաններից չորսը Գյումրու նորակառույց «Մուշ» թաղամասում են, մեկը՝ Անի թաղամասում։

Նվեր ստացած անօթևանները ցնծության մեջ էին․ նրանցից շատերը բնակարանների բանալիների հանձման ժամանակ հուզմունքից արտասվում էին՝ կարծես չհավատալով, որ   տնակների դժոխային կյանքն արդեն անցյալում է։

«Մուշ» նորակառույց թաղամասում երեք սենյականոց բնակարան ստացած բնակիչներից մեկը՝ Նաիրա Սահրադյանն, ասաց, որ այս նվերն անակնկալ էր իրենց 5 հոգանոց ընտանիքի համար․ նրանք 3 և 6 տարեկան երեխաներ ունեն։

«Երբ ամուսնացա, սկզբում վարձով էինք բնակվում, բայց վարձավճարը չկարողանալով տալ՝ տեղափոխվեցինք տնակ։ Շատ ծանր պայմաններում ենք ապրել, բայց հարմարվել էինք, սովորել էինք, որ պետք է դժվարությամբ ապրեինք։ Երբ տղաս ծնվեց, մեր ապրելակերպն ավելի բարդացավ, աղջկաս ծնվելուց արդեն հնարավոր չէր, ծայրահեղ  վատ էին պայմանները։

Շատ անսպասելի էր բնակարան ստանալու լուրը, որովհետև նախքան սա, բազմաթիվ տեղեր դիմել էինք բնակարանի հարցով, ոչ թե ասում էին՝ չի լինի, այլ ասում էին՝ պետք է սպասեք։ Մենք էլ համբերությամբ սպասում էինք, բայց բնակարան ստանալու լուրին չգիտեինք հավատայինք, չհավատայինք․․․ Ասում էինք՝ երևի սուտ լուր է, մենք նույնիսկ սկսել էինք մեզ չհավատալ։ Անսպասելի էր, շոկ էր մեզ համար․ հուզմունք, տխրություն, ուրախություն․․․  Բոլորը խառնվել էին։ Անչափ շնորհակալ ենք, որ վերջապես մի օր եկավ, երբ մեր ընտանիքին էլ ուշադրություն դարձվեց, շնորհակալ ենք բարերարներին՝ հանձինս Սամվել Կարապետյանի, «Հայաստանի էլեկտրացանցեր»-ին»,-ասաց Նաիրա Սահրադյանը։

Նրա ամուսնու՝ Արտյոմ Հայկյանի բնութագրմամբ էլ՝ 30 տարի շարունակ հույսը կտրած մարդու համար բնակարան ստանալլը «լուրջ շոկ էր»։

«Նույնիսկ արդեն համաձայնել էին բնակարանը հատկացնել, ես էլի չէի հավատում։ Մենք անօթևանների հերթացուցակում գրանցված ենք, ես զինծառայող հաշմանդամ եմ, արդեն 8-9 տարի ցմահ թոշակառու եմ։ Ի՞նչ ձևով ասեմ, որ ճիշտ լինի․ 30 տարի անմարդկային պայմաններում ապրած մարդն անհավատ է արդեն, մեջներս արդեն հավատ չկա, լավ բանի անգամ չենք հավատում։ Գոհ ու շնորհակալ ենք հովանավորից՝ «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից բարեխիղճ քայլի համար, մենք պետք է սպասեինք մինչև պետությունը  մեզ բնակարան հատկացներ»,-պատմեց Արտյոմ Հայկյանը։

Մեր հարցին, թե ո՞վ բերեց բնակարան ստանալու ուրախ լուրը, տանտերերը, ցույց տալով Նատալյա Սարջանյանին, ասացին՝ կապուտաչյա  աղջիկը։

Նույն թաղամասում դարձյալ երեք սենյականոց բնակարան ստացած Մարիամ Դանիելյանն էլ, որը 31 տարի տնակում է ապրել ու այժմ ընտանիքի 5 անդամներով՝ տղայի, հարսի ու նորածին թոռնիկների հետ պատրաստվում է տեղափոխվել լուսավոր բնակարան, ասաց, որ չի կարող բառերով նկարագրել տնակում ապրելու դժվարությունը։

Շողիկ Սահակյանն էլ, որը 4 անչափահաս թոռնիկ ունի, ասաց, որ տնակում 8 հոգով ապրել են առանց գազի ու ջրի՝ կոմունալ տարրական պայմաններից  բացարձակապես զուրկ։ Նրանց բնակարան նվիրեցին Գյումրու Անի թաղամասի «Հակոբ Մծբնեցի» եկեղեցու հարևանությամբ գտնվող շենքերից մեկում։

Հետաքրքիրն այն է, որ տատիկի անունը կրող փոքրիկ Շողիկը նկարչության ժամերին միշտ տուն է նկարել՝ վերնագրելով «Իմ տունը»։

Նշենք, որ բնակարաններից բացի, հովանավորները Գյումրիի բոլոր երեխաների համար մեծ տոնախմբություն էին կազմակերպել «Հակոբ Մծբնեցի» եկեղեցի բակում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930